17 Յունուարի այս օրը, 101 տարի առաջ, հնաւանդ Շուշիի մէջ ծնաւ արձակագիր ու թատերագիր, բազմավաստակ ուսուցիչ եւ թատրոնի սիրուած գործիչ Իսահակ Սերգէյի Ալավերդեան։
Ի. Ալավերդեանի կեանքին, գործին ու վաստակին վերաբերեալ հանրագիտական գնահատումներէն ի յայտ կու գայ, որ Ղարաբաղցի Մտաւորականի այս պայծառ դէմքը այնքա՜ն հիմնական ներդրում ունեցած է ատրպէյճանեան լուծի տակ տառապած եւ ուծացման դատապարտուած հայոց սերունդները մեր լեզուին ու մշակոյթին կապելու, մեր գրական ժառանգութեամբ հայացնելո՛ւ նուիրական պայքարին մէջ։
Անցեալ տարի Ստեփանակերտի մէջ պաշտօնական մեծարանքով նշուեցաւ Իսահակ Ալավերդեանի ծննդեան 100ամեակը։ Յոբելինական այդ մեծարանքը առիթը ընծայեց հայ մամուլին, որպէսզի փորձ կատարէ ըստ արժանւոյն գնահատելու հայ գրականութեան ղարաբաղցի այս երախտաւորին տեղն ու արժէքը։
Թէեւ յուշագրութեանց եւ վկայութեանց ճամբով ժամանակին ներկայացուած են թատրոնի նուիրեալ գործիչի եւ հայ լեզուի ու գրականութեան վաստակաւոր ուսուցիչի անոր վաստակն ու արժանաւորութիւնը, այսուհանդերձ բացի իր դստեր՝ նոյնպէս թատրոնի եւ մշակոյթի արժանաւոր գործիչ Կարինէ Ալավերդեանի հրատարակած մենագրութենէն, ընդհանրապէս ըստ պատշաճի ներկայացուած չէր Իսահակ Ալավերդեանի կենսագրութիւնը։ Այդ բացը գոցելու ծառայեց անցեալ տարի լոյս տեսած բանաստեղծ, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր Սոկրատ Խանեանի «Իսահակ Ալավերդեան» գործը։
«Վիքիփետիա» համացանցային ազատ հանրագիտարանի հակիրճ վկայութեամբ՝ «Ի. Ալավերդեան ծնուել է Շուշի քաղաքում։ 1942ին աւարտել է Ադրբեջանի Կիրովի անուան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1935-37ին ուսուցչութիւն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Շուշիքենդ և Նախջեւանիկ գիւղերում։ 1937-38ին, որպէս ուսմասվար և հայոց լեզուի ու գրականութեան ուսուցիչ, աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-77ին հայոց լեզու է դասաւանդել Ստեփանակերտ քաղաքի թիւ 1, թիւ 2, թիւ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968ից Ստեփանակերտի Մ. Գորկու անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել։
«Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անուան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրոյ ճանապարհին» (1954), «Հողի լեզուն» (1958), «Ախ, սէր» (1969) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նաեւ հայկական ուրիշ թատրոններ»։
Կ’արժէ իր ծննդեան 101ամեակին նուիրուած յուշատետրի այս էջը ջերմացնել «Ազատ Արցախ» թերթի 3 Մայիս 2012ի համարով լոյս տեսած եւ Իսահակ Ալավերդեանի ծննդեան 95ամեակին առիթով տեղի ունեցած Յուշ-երեկոն ներկայացնող Նուարդ Սողոմոնեանի հետեւեալ վկայութեամբ.-
«Մանկավարժ, գրող, թատերագէտ, Լ.Ղ.Հ. մշակութի վաստակավոր գործիչ Իսահակ Ալավերդեանի ծննդեան 95ամեակին նուիրուած յուշ-երեկոյին հաւաքուել էր մտաւորականութեան մի խաւ, որ ծանօթ, մտերիմ, ընկեր, գործընկեր է եղել նրա հետ։
«Յուշ-երեկոն նաեւ հետաքրքիր էր նրանով, որ վարում էր նրա դուստր, Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ Կարինէ Ալավերդեանը, մտաւորական, որ եղաւ հօր գործի շարունակողը, որ նոր ժամանակների հնարաւորութիւններն օգտագործելով՝ ի մի բերեց, ամբողջացրեց տասնեակ տարիների ընթացքում հօր հաւաքած արխիւը, կատարած մեծ գործը, ինչպէս նաեւ շարունակեց այնտեղից, որտեղ կիսատ է մնացել, ու այսպէս ստեղծուեց եւ շարունակում է ստեղծուել Ստեփանակերտի Վ. Փափազեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի պատմութիւնը։
«Ի. Ալավերդեանի կենսագրութիւնը ներկայացուեց տեսաֆիլմով։ Ծնուել է Շուշիում։ Երկու տարեկան էր, երբ մայրը մահացաւ, ու նրան խնամեց տատը։ 1920թ. կոտորածի ժամանակ տատը թոռան և բախտակիցների հետ պատսպարուեց Ղազանչեցոց եկեղեցում. նրանց փրկեցին վրայ հասած ռուսական կայազօրի զինուորները։ Պապը յայտնի երկաթագործ ու զինագործ էր, Խնձրիստանում հիմնադրեց սեփական մետաքսագործական ֆաբրիկա, որի մետաքսի համբաւը դուրս էր եկել Ղարաբաղի սահմաններից մինչեւ Մոսկուա, Թեհրան, Փարիզ…
«Խորհրդային կարգերը հիմնովին փոխեցին այս ընտանիքի կեանքի ընթացքը։ Սերգէյին (Իսահակի հայրը), որ հօր մահից յետոյ տնօրինում էր ֆաբրիկան, 1928ին կուլակաթափ արեցին, խլեցին նոյնիսկ Ստեփանակերտի առանձնատունը, եւ մեծ ընտանիքը ստիպուած էր ծուարել հարեւան տան ցախանոցում։
«1933ին Իսահակի հայրն աքսորուեց Սիբիր, 1944ին Ստեփանակերտ վերադարձաւ կուրացած։ Հետագայում գրողի եւ արուեստագէտի կեանքը լիքն է եղել յիշարժան՝ ե՛ւ ծանր, ե՛ւ հաճելի հանդիպումներով։ «Պատանեկութեան հոգեկից ընկերն էր բանաստեղծ, նոյնպէս շուշեցի Միքայէլ Յարութիւնեանը, որի հետ ծննդավայրի ռեալական դպրոցի սենեակներից մէկում գտել են գրքերի մի կոյտ, այդ թւում՝ Րաֆֆի, Շանթ, Մեծարենց, Սիամանթօ… Դասերից յետոյ մի ձեղնայարկում ընկերների հետ Րաֆֆու «Սամուէլ»ն էին կարդում, որի համար Իսահակը հեռացուեց դպրոցից։ Հետագայում նրա «կապիտալիստական» անցեալին աւելացաւ նաեւ կնոջ՝ Քնար Սուլէյմանեանի՝ մեծահարուստ վաճառական Գերասիմի աղջկայ ծագումը։ Դժնդակ այս ժամանակներում ապրում էին վախուորած, զգուշաւոր կեանքով, ամէն պահ սպասելով, որ աքսորի հերթն իրենց կը հասնի։ «Հետաքրքիրն այն է, որ ընտանիքի եւ անձամբ իր կրած հարուածները չեն չարացրել Իսահակին, որին ժամանակակիցները բնութագրել են որպէս միշտ ժպտերես, բարի, լաւատես մարդ։
«Խրուշչովեան ձնհալքի տարիներն ստեղծագործական լիցք հաղորդեցին Իսահակին, եւ նա սկսեց պատմուածքներ ու պիեսներ գրել։ Նրան բախտ է վիճակուել տեսնել իր ծննդավայրի՝ Շուշիի ազատագրումը, իսկ երկրի ազատագրումը աղջկան հնարավորութիւն է տուել տպագրելու հօր կենսագրութիւնն ամփոփող գիրքը՝ հետաքրքիր նամակագրութիւններով, օրագրային գրառումներով, ժամանակակիցների կարծիքներով ու լուսանկարներով»։
Թէեւ համառօտ ներկայացուած, բայց Իսահակ Ալավերդեանին նուիրուած կենսագրական այս տեղեկանքը խօսուն վկայութիւն է ընդհանրապէս հայ մարդու եւ յատկապէս ղարաբաղցի հայ գրողի ու մանկավարժի ազգային ինքնապահպանման անխորտակելի կամքին մասին՝ խորհրդային ու ատրպէյճանական կրկնակի լուծէն վերականգնելու տասնամեակներու դժուարին, այլեւ յաղթական պայքարին ընթացքին։
Իսահակ Ալավերդեանի ոգեկոչման նուիրուած այս ակնարկը կ’արժէ պսակել Սոկրատ Խանեանի վկայութեամբ՝
«2006թ. Կարինէն (Ալավերդեանի դուստրը) կազմել ու հրատարակել էր «Իսահակ Ալավերդեան» հետաքրքիր գիրքը։ Ժողովածուի «Մանկավարժ, թատերասէր, թատերագէտ, դրամատուրգ», «Նամակների էջերից», «Սերօ Խանզադեան. Արցախեան նամականի», «Սիրող ամուսին, հայր եւ ընկեր» բաժիններում ի յայտ են բերուած Իսահակ Ալավերդեանի մարդկային առինքնող բնաւորութիւնը, ստեղծագործական խառնուածքի, նախասիրութիւնների, գրական հունձքի գնահատանքը։ Լայն են եղել Ի. Ալավերդեանի հետաքրքրութեան շրջանակները։ Նա միշտ բորբոք է պահել արուեստագետներին իրար կապող եւ ջերմացնող կարօտի կրակը՝ նամակների, հեռագրերի, էքսպրոմտների ձեւով։ Դրանք պատմամշակութային արժէք ունեցող մասունքներ են։ Այդ տեսակէտից նշանակալի են Յ. Շիրազի, Մ. Յարութիւնեանի, Գ. Սեւակի, Գ. Ստեփանեանի, Վ. Հասրաթեանի եւ ուրիշ անուանի գործիչների նամակները։ Սակայն նամակագրական այն կապը, որ ստեղծուել է Ի. Ալավերդեանի եւ Ս. Խանզադեանի միջեւ, բացառիկ երեւոյթներից է։ Ի. Ալավերդեանը եւ Ս. Խանզադեանը ծանօթացել են Հայրենական Մեծ Պատերազմն սկսուելու չորրորդ օրը՝ Կապանում, որտեղ ձեւաւորուել է 688րդ գումարտակը։ Ապա նրանք անցել են պատերազմական հրդեհների միջով՝ երկուսն էլ ուսապարկերում ունենալով Աւ. Իսահակեանի «Երգեր ու վէրքեր», Վ. Տէրեանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուները։ Ասել է թէ՝ հայ զինուորի զէնքին ուղեկցել է նաեւ երգը։ Ի. Ալավերդեանը ծանր վիրաւորուելուց յետոյ վերադարձել է Արցախ, իսկ Ս. Խանզադեանի մարտական ճանապարհը շարունակուել է մինչեւ պատերազմի աւարտը։ Այդ դաժան տարիներին անգամ չի դադարել նրանց նամակագրութիւնը։ Դրանք սովորական նամակներ չեն, այլ հայ մտաւորականութեան համարեայ կէս-դարեայ ճանապահի, կրած տառապանքի, արարումի, Արցախեան գոյամարտի, մարդկային անմար յոյսերի վաւերագրութիւններ։ Ս. Խանզադեանի եօթը տասնեակից աւելի նամակներն անփոխարինելի արժէքներ են։ Դրանցում տրոփում են ժողովրդի, հայրենիքի ճակատագրով ապրող սրտեր։ Այդ նամակներում, ինչպէս հայելու մէջ, արտացոլուած են 1940-1990ական թթ. հայոց գրական ընթացքի, թատերական կեանքի, ֆոլկլորագիտութեան, երաժշտութեան եւ այլ արժէքաւոր փաստեր եւ հիմնախնդիրներ, տեղեկութիւններ, կարծիքներ, գնահատականներ։
Բացի դրանից, այդ նամակները խորհրդային տարիներին ստեղծագործական մտաւորականութեան հետաքրքրութեան շրջանակների, քաղաքական դիրքերի, տրամադրութիւնների, դժգոհութիւնների, ակնկալիքների, երկրի ճակատագրի հանդէպ ունեցած տագնապների ստոյգ արձագանգներ են։ Դրանցում շօշափուած են Արցախի, Նախիջեւանի, 1915թ. Մեծ Եղեռնի, հայ մտաւորականութեան դէմ եղած հալածանքների, Ե. Չարենցի ողբերգական ճակատագրի, Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիաւորման եւ այլ կարեւոր հարցերը շօշափող փաստեր»։
Իսահակ Ալավերդեան (1917-1992)
Իսահակ Ալավերդեան (1917-1992). Արցախի վաստակաշատ թատերական գործիչն ու հայապահպան մանկավարժը Ն.