ԹԱՆԷՐ ԱՔՉԱՄ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Ամերիկան մօտիկից ճանաչող ընկերներս կը հաւաստեն, որ ամերիկացիները երբեք ուղղակի եւ բացայայտ կերպով չեն առճակատում: Նրանք կ՛ասեն, որ ամենաուժգին ընդհարման ժամանակ անգամ ամերիկացիները ժպիտով դրութիւնն արձանագրելով՝ առանձնապէս մեծ հակազդեցութիւն չեն ցուցաբերում:
Ընկերներիս կարծիքով՝ ամերիկացիների «ուժգին եւ անմիջական հակազդեցութիւն ցուցաբերելուց հեռու» մնալու այդ կեցուածքը հիմնականում սխալ է մեկնաբանւում հակառակորդի կողմից: Հակառակորդը կարծում է՝ «յաղթանակ է տարել» եւ կարծում է, թէ ամերիկացիները յետքայլ են արել: Այնինչ՝ դա մի մեծ սխալմունք է լինում:
«Քանզի,- ասում են ընկերներս,- իրենց հակազդեցութիւնը «բղաւելով» եւ բացայայտ կերպով չցուցադրող ամերիկացիներն իրենց իրական կեցուածքը ժամանակի ընթացքում են բացայայտում: Եթէ խօսքս տեղին է, նրանք վարւում են անգլիացիների «Ամենաճիշտ վրէժը սառը կերպով է մատուցւում» խօսքին համապատասխան, եւ շատ ծանրակշիռ կերպով են իրենց «վրէժը լուծում»:
Չգիտեմ, թէ որքանո՛վ է յարմար ազգութիւնների նման վերաբերմունքից խօսելը, բայց Նիւ Եորքում շարունակուող Զարրաբի դատական գործը (խօսքը Թուրքիայի, Իրանի եւ Մակեդոնիայի գործարար Ռեզա Զարրաբի մասին է — «Ակունք») ինձ յիշեցրեց այդ ամէնի մասին:
Թուրքիայի եւ, յատկապէս, Թայիփ Էրդողանի հետ բաւականին բացայայտ ընդհարման մէջ մտած եւ վերջինում «լուռ մնացող» Ա.Մ.Ն.ը հիմա սկսում է կամաց-կամաց իր խաղը բացայայտել:
Ինչպէս երեւում է, Էրդողանի դէմ (Ա.Մ.Ն.ի կողմից) սկսուել է երկարատեւ չինական տառապանքներ յիշեցնող, բաւականին մանրազնին կերպով նախապատրաստուած մի պլան (ծրագիր):
Զարրաբի դատական գործընթացում բացայայտուող ամէն տեղեկութիւն շոկ (ցնցում) է առաջացնում: Արդարութիւն եւ Բարգաւաճում Կուսացութեան (Ա.Բ.Կ.) կառավարութիւնն ու Էրդողանը սկզբնապէս կարող են շարժուել՝ այդ հրաձգութիւնից քաղաքական ու գաղափարական փաստարկներով պաշտպանուելու զգացումի:
Ա.Բ.Կ.ն կարող է մտածել, թէ ինքը, հնարաւոր է, շահած դուրս գայ խաղից՝ այն գաղափարից ելնելով, թէ այդ «յարձակման» աղբիւրն Ա.Մ.Ն.ն չէ, թէ երկրում ամրապնդւում են հակա-ամերիկեան տրամադրութիւնները, եւ թէ դա «Թուրքիայի դէմ կազմակերպուած խաղ է»:
Այսպէս, օրինակ, թուրքական կառավարութեանն ընդդիմադիր որոշ շրջանակներում անգամ հնարաւոր է այդ պաշտպանական գծի հետքերը նշմարել: Քիչ չեն նրանք, ովքեր ասում են, թէ «յարձակումը Թուրքիային է ուղղուած, եւ որ խօսքը գնում է ազգային պաշտպանութեան մասին»:
Սակայն խիստ ակնյայտ է, որ այդ պաշտպանական գծում մեծ անցքեր են բացուելու՝ տեղեկատուութեան նոր ռմբակոծութեան միջոցով: Նախ՝ այն փաստը, որ մեղադրանքներն անձանց են ուղղուած, ամրապնդում է այն համոզմունքը, թէ «մաղձ թափելով» հնարաւոր է գործի միջից դուրս գալ: Արդէն իսկ Ա.Մ.Ն.ի ռազմավարութեան կարեւոր հիմքերից մէկն էլ հէնց դա է: Թուրքիային առաջարկւում է Զարրաբի դատական գործի միջոցով «մաղձից ազատուել»:
Երկրորդը՝ սոյն դատական գործի տնտեսական հետեւանքներն են… Ճիշդ է՝ եթէ խնդիրը միայն ներքին հասարակական կարծիքին ուղղուած քաղաքական ու գաղափարախօսական փաստարկներով սահմանափակուէր, Էրդողանը եւ Ա.Բ.Կ.ն կարող էին շահած դուրս գալ այս ընդհարումից: Սակայն սկսեց հորիզոնում երեւալ, որ սոյն դատական գործն իր հետ կարող է բերել նաեւ տնտեսական անկում: Ինչպէս երեւում է, 2019թ. ընտրութիւններին զուգընթաց զարգացող տնտեսական անկումը շատ մեծ վնասներ է հասցնելու Թուրքիայի քաղաքացուն, վնասներ, որոնք չեն կարող որեւէ գաղափարական փաստարկով հատուցուել:
Այդ կէտում Ա.Բ.Կ.ն այլեւս հաստատ կանգնած է լինելու երկու նախընտրանքի առջեւ. կա՛մ այդ «մաղձը», այսինքն՝ Էրդողանին իր մէջքից ցած գցել, կամ էլ ամէն բան աչքի առաջ ունենալ՝ յանուն մի հոգու պաշտպանութեան: Այդ երկրորդ ընտրութիւնը նշանակում է քաղաքացիական պատերազմ: Երրորդ այլընտրանք առայժմ չի երեւում:
Բացարձակապէս պատահականութիւն չէր այն, որ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի հարազատների կատարած ֆինանսական (դրամական) ապօրինութիւնների մասին տեղեկութիւնները հրապարակեց Զարրաբի դատական գործի ուսումնասիրման հետ գրեթէ նոյն օրերին: Ռազմավարութիւնն ակնյայտ է. մեկուսացնել Էրդողանին՝ որպէս անձ, տարանջատում դնել նրա եւ Թուրքիայի միջեւ:
Եթէ Ա.Բ.Կ.ն ամէն բան անի յանուն իր առաջնորդի, վերջինիս պաշտպանելու համար հարկադրուած կը լինի յարձակուել Ժողովրդահանրապետական կուսակցութեան վրայ, իսկ դա նշանակում է մի գործընթացի սկիզբ, որը ենթադրում է անգամ Ժողովրդական-Հանրապետական Կուսակցութեան (Ժ.Հ.Կ.) շտաբի ներկայացուցիչների, ներառեալ՝ Քըլըչդարօղլու ազատազրկում: Դա էլ քաղաքացիական պատերազմի գործընթացն է, հասարակութեան 50 տոկոսի պայքար՝ միւս 50 տոկոսի դէմ… Յանուն ինչի՞, ինչի՞ համար: Յանուն մէկ անձի պաշտպանութեան…
Որքան տարածուեն Զարրաբի դատական գործի տեղեկութիւնները, Ա.Բ.Կ.ն եւ պետութեան միւս ղեկավարներն այնքան կը տեսնեն, որ իրենց ունեցած այլընտրանքները հետզհետէ նուազում են. կա՛մ մի հոգուց ազատուել, կամ էլ քաղաքացիական պատերազմ՝ յանուն այդ անձի պաշտպանութեան… Առաջինը շատ դիւրին է, որովհետեւ ի վերջոյ հարկադրուած չեն լինի մեծ փոփոխութիւն անելու պետութեան հիմնական նախընտրութիւնների մէջ, բայց մի անձի պաշտպանելը կարող է լիովին կործանել այս երկիրը:
Չգիտեմ՝ Ա.Բ.Կ.ի ղեկավարութիւնն արդե՞օք այդքան հեռատես է, որ կարողանայ այս գործընթացի խորութիւնը տեսնել: Սակայն հաստատ է, որ մտել ենք մի այնպիսի գործընթացի մէջ, որում այլընտրանքների թիւը շատ է նուազել՝ կա՛մ Էրդողանը, կա՛մ Թուրքիան: