«Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի աշխատակից Կարինէ Սիմոնեան կը տեղակացնէ, թէ արտադրական երբեմնի հզօր կարողութիւներ ունեցող Թումանեան քաղաքին մէջ այժմ գիւղ մը լեցնելու չափ բնակչութիւն մնացած է:
«Լոռիի մարզի այս բնակավայրի վերջին տարիների բնակիչների թիւը գրեթէ կրկնակի նուազել է: Քաղաքի հրակայուն նիւթերի գործարանում ժամանակին 700 մարդ է աշխատել:
Այսօր ահռելի, բայց քարուքանդ մասնաշէնքերով այդ գործարանն ընդամէնը 20 աշխատատեղ ունի»,- կը պատմէ Սիմոնեան:
Թումանեանի դպրոցը անցեալին աւելի քան 1000 աշակերներ կը յաճախէին. անոնց թիւը այժմ գրեթէ 10 անգամով պակսած է: «11ամեայ Ռաշիդն ասում է, թէ իրենց դասարանում 6 աշակերտ կայ: Անցած տարիներին համադասարանցիների թիւն աւելի է պակասել. «հիմնականում Ռուսաստան են գնացել»: Կայծակն արդէն 25 տարի թումանեանցիներին Վանաձոր է տեղափոխում ու հետ բերում:
Ասում է՝ այսօր հատուկենտ ուղեւորներով է մարզկենտրոն հասնում, գնացողներն էլ հիմնականում բանկերի հետ գործ ունեցողներն են»,- կը գրէ Սիմոնեան։ «Սաղ Հայաստանն ինչի՞ վրայ ա հիմնուած՝ բանկերի(դրամատուններ), մուծումներ անելու, վարկ վերցնելու, ստիպուած են, բա ի՞նչ անեն, սոված-ծարաւ մարդիկ են»,- կ՛ըսէ Կայծակը:
Երկու տարի առաջ Թումանեան քաղաքին հետ միաւորուեցան շրջանի վեց համայնքները: Քաղաքի 35 միլիոն դրամի չափով պիւտճէն աւելի քան երեք անգամով աւելցաւ: «Խոշորացումից յետոյ որոշ խնդիրներ լուծուել են՝ աղբահանութիւն են կազմակերպել, գիւղական բնակավայրներում մանկապարտէզներ են բացել, ճանապարհների որոշ հատուածներ են բարելաւել, բայց բնակիչների ակնկալած աշխատատեղների հարցն առայժմ չեն կարողացել լուծել»,- կը յայտնէ 20 տարուան քաղաքապետ Լեւոն Զաւարեան՝ աւելցնելով.- «Դա Հայաստանի ընդհանուր արդիւնաբերութեան զարգացման հետ է կապուած: Եթէ արդիւնաբերութիւնը սկսի զարգանալ, Թումանեանը հաստատ կը զարգանայ, քանի որ էն, ինչ-որ էստեղ ժամանակին արտադրուել է, պահանջարկ ունի հիմնականում արդիւնաբերութեան մէջ»։
Թումանեանի դպրոցը
Թումանեանի դպրոցը անցեալին կը յաճախէին աւելի քան 1000 աշակերտներ, իսկ այժմ՝ 10 անգամ նուազ