ՆՈՒԱՐԴ ՆՇԱՆԵԱՆ-ՈՒՆԱՆԵԱՆ
Մի պարզ Կիրակի օր էր։ Ամէն Կիրակուայ նման այդ օրն էլ Ս. Պատարագ մատուցուեց. Աստուծոյ դռները բաց էին բոլորի համար…
Բայց աւա՜ղ մարդիկ աւելի կարեւոր գործեր ունէին երեւի այդ օրը, կամ՝ երեւի Աստուծոյ տուն այցելում են, երբ նրանից օգնութիւն կամ սպասելիք ունեն, երեւի մի փոքր աւելի պարզ շարունակեմ միտքս… որ հասկանալի լինի բովանդակութեան իմաստը:
Բոլորը տեղեակ էին, թէ՛ դիմատետրի էջերից եւ թէ «Ազատ Օր» թերթից, որ այդ Նոյեմբեր 11ի Կիրակի առաւօտեան Ս. Պատարագից յետոյ, պիտի լինի միջոցառում՝ «Եկէք երգենք միասին», «Ս. Կարապետ» եկեղեցւոյ սրահում, եւ բոլորը տեղեակ էին, որ մի փոքր ներդրում պէտք է ունենան այդ միջոցառմանը:
Ափսոսանքով եւ մեծ ցաւով եմ շեշտում «կորցրեցին ովքեր՝ որ ներկայ չէին»: Երեւի նրանք աւելի կարեւոր տեղեր ունէին հանգանակութիւն անելու… բայց պահանջներ ներկայացնել եւ սպասելիքներ ունենալ եկեղեցուց՝ միշտ պատրաստ ենք:
Կ’ուզեմ խօսքս ուղղել մեզ՝ բոլոր հայերիս, ինձ համար հայի մէջ խտրականութիւն դնել չկայ՝ յունահայ, հայաստանահայ, պարսկահայ, գանատահայ, ֆրանսահայ, կարող եմ այսպէ՜ս ամբողջ երկրագնդի հայերին թուել մէկ առ մէկ…:
Երբ մենք օտար ափերում մոռանում ենք, որ հայ ենք, ինչո՞ւ ենք վիրաւորւում, երբ մեզ օտար են անուանում օտարները: Երբ զաւակը ծնողից կամ ծնողը զաւակից օգնութիւն կամ աջակցութիւն է խնդրում՝ պատրաստ են երկուսն էլ օգնելու. հաւատացէ՛ք այդ օրը եկեղեցին ձեր մի փոքր, բայց մեծ լումայի կարիքը ունէր: Որտե՞ղ էիք…
Այնտեղ գտնուող ամէն մէկս այդ օր գործեր ունէինք, բայց դրանք այնքան կարեւոր չէին, որքան որ կարեւոր էր այդ օրը միախմբուել եկեղեցւոյ սրահում: Երեւի՛, թէ այստեղ բազմակէտ դնեմ, որովհետեւ ասելիքս աւելին է…
Բայց հիմա կ’ուզեմ սրտանց շնորհակալութիւններս յայտնեմ.- Շնորհակալ եմ՝ այդ օրը սրահում գտնուողբոլոր մարդկանցից մէկ առ մէկ:
Շնորհակալ ենք մեր սիրելի ու պատուական եկեղեցու հովիւ Նարեկ Քհնյ. Շահինեանից՝ նման բացառիկ մտայղացման համար:
Առանձնապէս շնորհակալութիւն՝ երաժիշտ պրն. Կարօ Պարտաքճեանին, իր սիրայօժար մասնակցութեան եւ այդ օրը գեղեցիկ երաժշտութեամբ տօնական տրամադրութիւն պարգեւելու եւ իր աշխատանքային օրը մեզ նուիրելու համար:
Առանձնապէս շնորհակալութիւն եկեղեցու Տիկնանց Մարմնի բոլոր անդամուհիներին, նրանց՝ ովքեր ապահովեցին այդ օրուայ սեղանների պատրաստութիւնները, համեղ կերակուրները, անուշեղէնները եւ սեղանների իւրայատուկ ձեւաւորումը: Նրանց աշխատանքը անգնահատելի է եւ յարգանքի արժանի:
Այժմ առանձնայատուկ եւ բարձր գնահատանքի արժանի այն բոլոր անհատներին՝ ովքեր իրենց գեղեցիկ ներկայութեամբ եւ մի փոքր նիւթական ներդրումով էլ աւելի գեղեցկացրին այդ օրը: Այնքան ջերմութիւն ու խառը գեղեցիկ զգացողութիւններ կային երգ ու պարի, երաժշտութեան մէջ:
Բոլորս հայ էինք, հայերէն էինք երգում ու պարում: Յուսամ այս աւանդութիւնը շարունակական կը լինի:
Հաւատացէք, որ կորցրեցիք մէկ ժպիտ պարգեւելու եւ ստանալու պահը: Նաեւ գուցէ հիմա պահը չէ, բայց իմ եւ մեր ամբողջ սրտցաւ հայութեան անունից շնորհակալութիւն եմ յայտնում այն բոլոր մարդկանց, ովքեր յատկապէս «Սուրբ Կարապետ» եկեղեցու գոյատեւման գործում իրենց լուման ունեն:
Այսուհետ եկեղեցին ընկալէք ոչ միայն ձեր ցանկութիւններին ու պահանջներին կատարման վայր, այլ՝ մտածենք, որ երբեմն նա էլ ձեր օգնութեան կարիքը ունի…
Աստուած պահապան եւ վարձքը կատար բոլորին: