Յունաստանի մէջ Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեան, պոնտացի յոյներու ցեղասպանութեան յիշատակի օրուան առիթով հետեւեալ յայտարարութիւնը կատարած է։
«Այսօր՝ Մայիսի 19-ին, մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկութեան պատմութեան ամենաողբերգական ու ամօթալի էջերից մէկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղէտներից մէկի՝ Օսմանեան կայսրութիւնում ցեղասպանութեան զոհ դարձած Պոնտոսի եւ փոքրասիական յոյների յիշատակի օրը:
Պոնտոսի եւ փոքրասիական յոյների ցեղասպանութիւնը նախապէս ծրագրուած էր երիտթուրքական իշխանութիւնների կողմից եւ իրականացուել է Հայոց ցեղասպանութեանը զուգահեռաբար եւ ի շարունակութիւն: Պոնտոսի յոյների ցեղասպանութեանը, որը իրականացուել է 1916-1923 թ.թ.-երին, աւելի քան 350 000 պոնտոսցի յոյներ են զոհ դարձել։
Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնելու լաւագոյն ուղին՝ յիշողութիւնն է եւ զոհերի յիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը 2015թ. Մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանեան Կայսրութիւնում Պոնտոսի յոյների ու ասորիների ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւն՝ վճռական ո՝չ ասելով թուրքական ժխտողականութեանը եւ ցեղասպանութեանը եւ վճռական այո՝ այդ ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը:
Հայոց ցեղասպանութեան, Պոնտոսի յոյների ու ասորիների ցեղասպանութեան միջազգային հանրութեան կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարութեան վերականգնումը, ինչպէս նաեւ նմանատիպ յանցագործութիւնների կանխարգելումը: Ցաւօք աշխարհի տարբեր անկիւններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամէնը երկու տարի առաջ Արցախում բնակուող հայութիւնը կրկին ենթարկուեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում։
«Այլեւս երբե՛ք»-ի կարգախօսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայութեան եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպէս նաեւ վճռականօրէն եւ աներկբայօրէն դատապարտել ատելութիւն սերմանող եւ ցեղասպան միջավայր ձեւաւորող հռետորաբանութիւնը:
Յիշում ենք եւ խոնարհւում»: