ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ (յապաւումով)
Այս օրերին հայաստանեան եւ սփիւռքի մամուլը բազմիցս անդրադարձան Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող, ամերիկեան արտադրութեան «Խոստում» ժապաւէնին: Մեզանում առկայ հետաքրքրութիւնը բնական է նախ այն պատճառով, որ ազգային զգայուն նիւթով ստեղծուել է հերթական ժապաւէնը եւ իհարկէ ունենք այն ակնկալիքը, թէ Հոլիվուտեան արտադրութեան եւ համապատասխան «փայլ» ունեցող այս նկարը կարող է նպաստել աշխարհում Հայոց Ցեղասպանութեան նիւթին քարոզչութեանը:
Անդրադառնանք բուն գործին:
Սա ա՛յն դէպքն է, երբ կարելի է հաստատել յայտնի ճշմարտութիւնը, թէ ներդրուած միջոցները երաշխաւորել են յաջողութեան կէսը: Դիտողի համար ակնառու է, որ գործի արտադրութեան վրայ շօշափելի գումար է ծախսուել, ինչն ապահովել է քատրերի «հարուստ» լինելը եւ միւս կողմից ապահովել է լայնամասշտաբ տեսարանների, անհրաժեշտ պատմական միջավայրի հաւաստիութիւնը: Իսկապէս իրական են թւում Պոլիս մայրաքաղաքն իր ասիական-եւրոպական բազմազանութեամբ, գաւառական համայնապատկերը, ինչպէս եւ զանգուածային տեսարաններն իրենց համոզչականութեամբ ու ազդեցիկութեամբ:
Այստեղ ցանկանում եմ շեշտել մէկ ոչ-անկարեւոր հանգամանք: Ժապաւէնը դիտելուց առաջ այն մտավախութիւնն ունէի, որ կերպարները, առարկաներն ու միջավայրը կարող են վատ նմանեցուած լինել, աւելի շուտ՝ ունենալ տարաշխարհիկ ու անդր պատկեր, ինչի ակնդիրն ենք յաճախ դառնում Հոլիվուտեան արտադրութեան այս կամ այն տեսակի գործ դիտելով: Պէտք է փաստել, որ հեղինակները կատարել են մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանք, ինչի արդիւնքում իրական են դիտւում ե՛ւ հայերի կերպարները, ե՛ւ թուրքերը՝ իրենց դիմապատկերներով, հագուստով, խառնուածքով, կենցաղային միջավայրով եւ, ինչպէս ակնարկուեց վերեւում, ճշմարտանման է ու համոզիչ ընդհանուր միջավայրը: Անգամ հերոսների մաշկի իւրայատուկ թուխ գոյնը ճիշտ է արտայայտուած եւ այս ամէնը վկայում է, որ պատասխանատուութեամբ են իրենց առջեւ դրուած նպատակին մօտեցել շարժապատկերն ստեղծող սցենարիստը (բեմագրողը), ռեժիսորը (բեմադրիչը), նկարիչները, իհարկէ օպերատորն (գործիքավարը) ու միւսները: Ժապաւէնը դիտելուց յետոյ ակնյայտ է դառնում, նաեւ, որ հեղինակները կամ գուցէ պատուիրատու անձը մի շարք հարցադրումներ են ցանկացել ներկայացնել ժապաւէնում՝ այդ պատճառով ընդգրկուն ասելիքի ներառած տարբեր գաղափարներ առանձին դրուագների ձեւով հազիւ ակնարկւում են ժամանակային սահմանափակ տարածութեան մէջ:
Իհարկէ որոշ երեւոյթներ միտումնաւոր կերպով ընդամէնը ակնարկւում են, քանի որ ակնյայտօրէն խնդիրն այդպէս է դրուել:
Ասուածի մէկ օրինակը Առաջին Աշխարհամարտի նախօրեակին եւ ընթացքում Երիտթուրքերի կողքին գերմանացի զինուորականութեան (բնականաբար որպէս այդ երկրի պաշտօնական կեցուածքն արտայայտող ներկայացուցիչների) կանգնած լինելն էր: Իհարկէ գաղտնիք չէ այն փաստը, որ Երիտթուրքերը վայելում էին Գերմանիոյ հովանաւորութիւնը, սակայն այս դէպքում արդարացիօրէն անհարկի է համարուել ժապաւէնում այս նիւթի զարգացումը:
Յաջորդ ակնարկը թրքական բարձրաստիճան ընտանիքի զաւակի հայանպաստ արարքներն էին, որոնց համար իւրայինները գնդակահարում են նրան:
Իրապէս ժամանակագրութեան կողմից արձանագրուած այսպիսի մի փաստ շարժանկար բերելը եթէ աւելորդ չէ, ապա աւելորդ կը լինէր դրա ուռճացումը:
Այստեղ մի փոքր շեղուելով արժէ արձանագրել, որ վերջին տարիներին, նաեւ ոչ-առանց այլոց խրախուսիչ ձայնակցումի, մեզանում թշնամիների մէջ «եղբայրներ» յայտնաբերելու եւ նրանց արարքները տարփողելու, ինչ-ինչ սեփական մեղքեր «յայտնագործելու» հիւանդագին «մարդկայնութիւն» է ի յայտ եկել: Խօսքը վերաբերում է թէ՛ Ցեղասպանութեան շրջանին, թէ՛ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններին եւ թէ՛, նաեւ, պատմական որոշ այլ դրուագների: Իրականութիւնն այն է, որ թշնամու «հայասէր» կամ «արդար» ներկայացուցիչների առանձին արարքները բացառիկ պարագաներ են, երբեք իրադարձութիւնների վրայ մեծ ազդեցութիւն չեն ունեցել եւ «շրջահայեաց» ու «մարդասէր» խաղալու, զոհի ու դահիճի միջեւ հաւասարութեան եզրեր փնտռելու, յանցագործութիւնները պատմական դէպքերի զուգադրմամբ արդարացնելու ոչ մի պատճառ չունենք, եթէ անգամ դրա համար ինչ-որ մէկը խրախուսաբար կը թփթփացնի ուսերիս կամ այս կամ այն միջոցառման ժամանակ ինչ-որ մրցանակ կը տան: Մեզ կոտորել են, մեր երկիրն ու ունեցուածքը մեզանից խլել են եւ մենք բոլոր տեսակի իրաւունքներ ունենք ամէն գնով ֆիզիքական ու բարոյական հատուցման հասնելու:
Ժապաւէնն առհասարակ օժտուած է ասելիքի զսպուածութեամբ եւ չափաւորութեամբ, ինչը վերջինիս առաւելութիւններից է: Մասնաւորապէս նկատի ունեմ ջարդերի տեսարանները, մարդկային ողբերգական ճակատագրերի պատկերումը, որոնք իհարկէ տակնուվրայ են անում հանդիսականին, բայց նախճիրի սահմռկեցուցիչ դրուագներով չեն տրորում հոգիդ եւ ազգային արժանապատուութիւնդ:
Վերադառնալով ժապաւէնի ակնարկների նիւթին՝ նշեմ դրանցից մի քանիսը.
— Հանդիսականի աչքերի առջեւ պատկերւում են Պոլսոյ մեծահարուստների անհոգ կեանքն ու եղբայրութիւնը թուրք մեծամեծերի հետ: Իրականում այս մարդիկ կարծում էին, թէ ճիշտը լռելն ու համակերպուելն է՝ հաւատալով եւ հաւատացնելով, թէ թրքական «զայրոյթի» այս ալիքն էլ կ՚անցնի: Եւ հայ յեղափոխական ըմբոստացումներին նիւթական ու այլ միջոցներով օգտակար լինելու փոխարէն՝ քննադատում էին դրանք: Տրամաբանական էր, որ ցեղասպանութիւնը նրանց էլ չէր խնայելու: Անգամ եթէ վերջիններս մոռացութեան տային սեփական ինքնութիւնը՝ այդ մասին թշնամին էր յիշեցնելու: Այդպէս եղել է այն ժամանակ, նոյնը եղել է Պաքւում ու Սումկայիթում, այդպէս լինելու է միշտ: Լաւ կը լինի, որ այս մասին չմոռանան նաեւ թրքական որջում այսօր բախտ ու բարեկեցութիւն փնտռող մեր հայրենակիցները:
Ժապաւէնում այս նիւթը այս խորութեանը չի հասնում իհարկէ, սակայն այդ «եղբայրութեան ակնարկը» եւ հետեւանքները, ինչպէս ասուեց, ներկայացուած են:
— Շահեկան մօտեցում է այն օրերի ամերիկեան դեսպան Հենրի Մորկընթաուի կերպարի ընդգրկումը: Կարեւոր է, որ ամերիկացի ու ոչ միայն ամերիկացի հանդիսականին հէնց Ա.Մ.Ն. դեսպանի շրթերով է փոխանցւում, որ թուրքերի կողմից իրականացուողը կանխամտածուած ջարդեր են եղել եւ մէկ ժողովրդի ոչնչացման ծրագիր: Այս դրուագը փաստագրութեան ուժ ունի, քանի-որ համապատասխանում է իրականութեանը: Մարդկայնական ու հայասէր Մորկընթաուի թողած փաստաթղթերն ու յուշագրութիւնները այսօր էլ թրքական վայրագութիւնների մասին վկայող արժէքաւոր նիւթ են: Նոյն իմաստով կարեւոր է նաեւ գլխաւոր հերոսներից մէկի` ամերիկացի լրագրողի կերպարը: Մարդ, որի համար գուցէ նախապէս շատ տարբեր չեն եղել հայն ու թուրքը, բայց որի աչքերի առջեւ ծաւալւում են դաժան իրողութիւններ: Ճշմարտութիւնը փաստելու համար նա մեկնում է գաւառներ ու գիւղեր, վկան է դառնում ջարդերի տեսարանների եւ կարողանում է բացայայտել թրքական սուտը: Սա եւս կարեւոր շեշտադրում է ժապաւէնում, քանի որ, ինչպէս գիտենք, այսօր եւս տիրապետող թրքական պաշտօնական կեղծիքի համաձայն, իբրեւ թէ պատերազմական իրողութիւնների թելադրանքով տեղի է ունեցել բնակչութեան տեղահանութիւն, որի ժամանակ էլ արձանագրուել են մեծաթիւ մահացութեան դէպքեր: Լրագրողի այս կերպարը նոյնպէս հաւաստի է ընկալւում, որովհետեւ իրականում եղել են լրագրողներ, որոնց թղթակցութիւններն օրը-օրին, իրազեկ աղբիւրներ որպէս, տեղեկութիւններ են փոխանցել եւրոպական ու ամերիկեան մամուլին:
— Կարեւոր շեշտադրում է այն, որ եզրափակիչ հատուածում հայութեան բեկորները խմբուելով ըմբոստանում են` կազմակերպելով ինքնապաշտպանութիւն: Հեղինակները արդարացիօրէն անհրաժեշտ են համարել շեշտել, որ հայ ժողովուրդը ստրկական խոնարհութեամբ չի գնացել կառափնարան, այլ նաեւ տարբեր վայրերում ըմբոստացել է եւ ըմբոստանալով փրկութիւն է գտել: Եզրափակիչ հատուածում իրադարձութիւնների զարգացումը ակնյայտօրէն յիշեցնում է Մուսա Լերան ինքնապաշտպանութիւնը: Իհարկէ այստեղ պատմական իրադարձութիւնների շարադրում չպէտք է փնտռել, բայց նմանեցնելու մօտեցումն արդարացուած է, որովհետեւ մեզ ներկայացուողը գեղարուեստական` ոչ-փաստագրական պատրաստութիւն է:
— Կարեւոր է այն ուղերձը, որ հնչում է գլխաւոր հերոսուհի Աննայի շուրթերից. «Մենք պէտք է յաղթենք ապրելով»: Եւ պայքարելու գնով ազատուողները ապրելով յաղթում են թշնամուն, յաղթում են Ցեղասպանութեան ծրագրին, յաղթում են ազգովի բնաջինջ լինելու ճակատագրին:
Մէկ կարեւոր շեշտադրում էլ կատարւում է ներկայացնելով թրքական այն միջավայրը, ուր ուռճանում են հայութեանը բնաջնջելու ծրագիրն ու համոզումը, ատելութիւնն ու անհանդուժողութիւնը երէկուան դրացու ու բարեկամի հանդէպ: Ինչպէս այդ տրամադրութիւնները իջնում են փողոց ծնելով այն մոլեռանդ խուժանին, որը թրքական նացիոնալիզմի (ազգայնամոլութեան) մոլուցքից արբած՝ պատրաստ է բռնանալու, սպաննելու եւ կողոպտելու:
Դերակատարները, որոնցից շատերը յայտնի դերասաններ են, խաղում են լաւ եւ համոզիչ: Ներկայացուած հայերը գեղեցիկ, արժանապատիւ ու ազնիւ մարդիկ են:
Ի դէմս թուրքերի կերպարների՝ ներկայացուած են մարդիկ, ովքեր վարակուած են ազգայնամոլութեան ու շովինիզմի (այլամերժութեան, նեղմտութեան) մոլագարութեամբ եւ հաստատակամ են երէկուայ մերձաւորներին ոչնչացնելու, նրանց ունեցուածքին տիրանալու մոլագար կրքով:
Գործի առանցքում յուզիչ սիրային եռանկիւնի է, որի հանգուցալուծումը տեղի է ունենում ոչ թէ գործող հերոսների վճիռներով, այլ դաժան ու ամենակուլ բնաջնջման մեքենայի կողմից:
Ցեղասպանութեան ողբերգական պատմութիւնը հիւսուած է պարզ մարդկային ճակատագրերի վրայ: Ամենայն հաւանականութեամբ նման խնդիր է առաջադրել գաղափարի հեղինակ եւ բեմագրող Քըրք Գրիգորեանը: Միայն շնորհակալ կարելի է լինել նրան մահուանից առաջ եւս մէկ բարի ու հայանպաստ նախաձեռնութիւն կեանքի կոչելու համար:
Այս գործը դիտելուց յետոյ, այնուամենայնիւ, մէկ հարց է ծնւում մտքումդ. այն ինչ հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ մեր ազգային կենսագրութեան առանցքում է, արդեօ՞ք հետաքրքիր կը լինի նաեւ օտարների համար: Այն նկատառումով իհարկէ որ այս ժապաւէնը կը կարողանայ իրականացնել քարոզչական առաքելութիւնը:
Եւ վերջին միտքը` ցեղասպանութեան մասին հերթական ժապաւէնը դիտելուց յետոյ: Այս գործը եւս ասել է այնքան` ինչքան ցանկացել է ասել, սակայն պէտք է մտածել մեծ կտաւի փաստագրական-գեղարուեստական գործի մասին: Ժապաւէն, որը վաւերագրական ճշգրտութեամբ կը ներկայացնի ցեղասպանութեան պատկերն ու հետեւանքները, կը դառնայ քաղաքական փաստաթուղթ, կը մերկացնի թրքական կեղծիքը եւ կը բացայայտի այլես անվիճելի ճշմարտութիւնը: Իհարկէ քաղաքական լուրջ ակնկալիքը պարտադիր չէ, որ կապուի գեղարուեստական ստեղծագործութեան հետ, բայց եւ ցանկալի է` նկատի ունենալով շարժապատկերային արուեստի քարոզչական մեծ ուժը:
Ինչը շատ լաւ հասկացել եւ փորձել են անել ուրիշները: Վստահաբար ինչի գիտակցումից էլ ծնուել է «Խոստում»ը: