ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
«ԱԿՈՒՆՔ»
Սփիւռքի նախարարութեան մէջ տեղի ունեցած «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք» եւ հայրենազրկում» նիւթով գիտաժողովին արտասանուած զեկուցում:
1919-1920 թթ. Պոլսի ռազմական արտակարգ ատեաններում քննուած Երիտթուրքերի Դատավարութիւնների 5 հիմնական մեղադրանքներից 2ը վերաբերում էին տնտեսական չարաշահումներ թոյլ տալու եւ սեւ շուկայում գործունէութիւն ծաւալելու փաստերին:
1919-1921 թթ. հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած դատական գործերի ընթացքում արծարծուած էական հարցերից էին նաեւ հայերի ունեցուածքի կողոպտմանը եւ լքեալ գոյքի յանձնաժողովների գործունէութեանն առնչուող խնդիրները:
Հարկ է նշել, որ նախքան դատավարութիւնը` դեռ 1918 թ. Հոկտեմբերի 28ին օսմանեան խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում, Տիուանիյէ (Օսմանեան Կայսրութեանը պատկանած շրջաններից մէկն է, որ ներկայում գտնւում է Իրաքում) շրջանից ընտրուած պատգամաւոր Ֆուատ 10 կէտից բաղկացած մի առաջարկ էր ներկայացրել խորհրդարանին, որը քննարկուել էր նոյն տարուայ Նոյեմբերի 4ին: Սոյն առաջարկով պահանջւում էր դատելու նպատակով օսմանեան պետութեան Բարձրագոյն Ատեանին յանձնել Սայիտ Հալիմ եւ Թալէաթ փաշաների վարչակազմների անդամներին: Առաջարկի 5րդ եւ 10րդ կէտերն ուղղակիօրէն անդրադառնում էին հայերի կոտորածների եւ գոյքի կողոպտման փաստերին: Այս առաջարկի հիման վրայ կազմաւորուել էր օսմանեան խորհրդարանի Հինգերորդ Յանձնախումբը, որը հարցաքննել էր այդ երկու կառավարութիւնների այն բոլոր անդամներին, ովքեր չէին կարողացել փախչել երկրից: Այսպէս, 1918 թ. Հոկտեմբերի 24-26 տեղի ունեցած հարցաքննութեան ժամանակ ֆինանսների (ելեւմտական) նախկին նախարար Ճաւիտը փորձել էր խուսափել պատասխանատուութիւնից` ընդգծելով, որ «Հայերի գոյքին վերաբերող օրէնքների եւ հրահանգների կիրառման ընթացքում հիմնականում գործել են` ընդհանուր գաղափարով շարժուելով»:
Հայերի եւ յոյների լքեալ գոյքի հարցը օսմանեան խորհրդարանում քննարկուել էր նաեւ 1918 թ. Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած այլ նիստերում: Այսպէս, 1918 թ. Նոյեմբերի սկզբներին խորհրդարանի օրակարգ էր բերուել 1915 թ. Սեպտեմբերի 26ին ընդունուած լքեալ գոյքի մասին ժամանակաւոր օրէնքի հարցը, որի առնչութեամբ խորհրդարանում ելոյթ ունեցած ներքին գործերի նախարար Ֆեհմին՝ շեշտելով, որ սոյն օրէնքը ժամանակավրէպ է, պահանջել էր վերցնել զայն:
Իսկ 1918 թ. Նոյեմբերի 2ին օսմանեան խորհրդարանի հայ պատգամաւորներ Մատթէոս Նալպանտեան, Օննիկ Իհսան, Տիգրան Պարսամեան եւ ուրիշներ հանդէս էին եկել մէկ այլ առաջարկով, համաձայն որի՝ պահանջւում էր վերցնել Երիտթուրքական իշխանութիւնների կողմից 1915 թ. Մայիսի 27ին ընդունուած տեղահանութեան եւ նոյն տարուայ Սեպտեմբերի 26ին կայացուած [լքեալ գոյքի] Լուծարման մասին օրէնքները, որոնք, ըստ էութեան, հակասում էին սահմանադրութեանը: Սոյն հարցապնդմանն ի պատասխան` ներքին գործերի նախարար Ֆեթհին խոստացել էր փուլային տարբերակով լուծել այդ հարցը: Սակայն վարչապետ Ահմեթ Իզզէթի կառավարութեան կեանքը ընդամէնը մէկ ամիս էր տեւել:
Նրան փոխարինած Թեւֆիկ փաշայի կառավարութիւնն իր ծրագիրը խորհրդարանին էր ներկայացրել 1918 թ. Հոկտեմբերի 18ին: Նոր կառավարութեան ծրագրում նաեւ ընդգրկուած էին խորհրդարանում արուած վերոյիշեալ առաջարկները: Բայց եւ այնպէս, այս վարչակազմը նոյնպէս երկար կեանք չէր ունենալու. այն, խորհրդարանի կողմից վստահութեան քուէ ստանալուց յետոյ, գործելու էր մինչեւ 1919 թ. Յունուար ամիսը, իսկ վերոնշեալ առաջարկներն ու հարցապնդումներն այդպէս էլ մնալու էին միայն օսմանեան Մեճլիսի (խորհրդարան) արձանագրութիւններում…
Ուշագրաւ է, որ այս հարցն արծարծուել է նաեւ օսմանեան ծերակոյտում, որի` 1919 թ. Դեկտեմբերի 9ին կայացած նիստում, ծերակոյտի նախագահ Ահմէտ Ռըզա առաջարկ է ներկայացրել` «Ամբողջ Օսմանեան Կայսրութեան հպատակների դէմ իրագործուած անարդարութիւնների եւ մասնաւոր յանցագործութիւնների կապակցութեամբ հետաքննութիւն սկսելու» վերաբերեալ:
Օսմանեան խորհրդարանի երկու պալատներում տեղի ունեցած այս քննարկումներից յետոյ, օսմանեան պետութեան նախարարների խորհուրդը, 1918 թ. Դեկտեմբերի 12ին եւ 14ին կայացուած որոշման համաձայն, նախարարութիւններին հաղորդում է [հայերի] տեղահանութեան ժամանակ ոճիր գործած անձանց դէմ հետաքննութիւն սկսելու հրահանգը: Գլխաւոր համարուող` Երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան անդամների դատաքննութիւնն սկսում է 1919 թ. Ապրիլին:
Ռազմական դատարանում 1919 թ. Ապրիլի 27ին հրապարակուած` Երիտթուրքերի Դատավարութիւնների գլխաւոր մեղադրականում Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կուսակցութեան անդամների իշխանութեան ժամանակաշրջանը որակուեց որպէս յափշտակումների եւ անօրինականութիւնների շրջան:
Սոյն ամբաստանագրում նշւում էր, որ հայերի բնաջնջումը նախապէս որոշուել էր Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կուսակցութեան կենտրոնական կոմիտէի մանրամասն քննարկումների արդիւնքում: Այսպէս, դատարանին գրաւոր կերպով վկայութիւն տուած օսմանեան երրորդ բանակի հրամանատար Մեհմէտ Վեհիպ փաշան յայտնել էր, թէ հայերի հանդէպ կատարուած վայրագութիւններն ու կոտորածները, ինչպէս նաեւ ունեցուածքի կողոպուտը որոշուած են եղել Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կուսակցութեան կենտրոնական կոմիտէի կողմից, եւ որ` այդ ջարդերի իրականացման համար Պեհաէտտին Շաքիրը երրորդ բանակի շրջանում պատրաստել էր յատուկ մարդասպաններ, որոնց անձամբ էր ղեկավարել: Երիտթուրքերի գլխաւոր դատավարութեան ամբաստանագրում նշւում էր նաեւ, որ Միութիւն եւ Յառաջդիմութիւն կուսակցութեան անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական գոյքերի թալանի հաշուին:
Հայերի ունեցուածքի կողոպտման հարցը քննարկուել է նաեւ Երիտթուրքերի պատասխանատու քարտուղարների դատավարութեան ժամանակ: Այսպէս, օրինակ, պատասխանատու քարտուղարների վերաբերեալ կայացուած դատավճռի համաձայն, ամբաստանեալներից Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին մահմետական բնակչութեանը շարունակաբար հայերի դէմ հրահրելու, սեփական նախաձեռնութեամբ նահանգապետին պաշտօնազրկելու, հայերի գոյքը իւրացնելու, իր կողմից նշանակուած նոր նահանգապետ Աթիֆի հետ հայերի տեղահանութիւնն իրականացնելու համար դատապարտուել էր 10 տարուայ տաժանակիր աքսորի:
Լքեալ գոյքի հարցն արծարծուել է նաեւ 1919-1921 թթ. Օսմանեան կայսրութեան տարբեր նահանգների եւ գաւառների կառավարիչների դէմ հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած առանձին դատական գործերի ժամանակ: Օրինակ` այս դատավարութիւնների շարքում առաջինը տեղի ունեցած Եոզկաթ գաւառի դատաքննութեան ընթացքում, 1919 թ. Փետրուարի 11ին կայացած դատական նիստի ժամանակ, ունկնդրութեան արժանացած վկաներից Արթինը յայտնել է, որ աքսորեալ հայերի մօտից խլուել էին բոլոր թանկարժէք իրերն ու դրամը:
Իսկ 1919 թ. Ապրիլի 16ին օսմանեան «Ալեմտար» օրաթերթում հրապարակուած Տրապիզոնի հայերի տեղահանութեանը եւ կոտորածներին վերաբերող ամբաստանագրում նշւում էր, որ` «Տրապիզոնի վիլայէթում Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կուսակցութեան կենտրոնական կառավարութեան կողմից հայերի տեղահանութեան վերաբերեալ ընդունուած որոշումների գործադրման ընթացքում նախ հայ տղամարդկանց եւ ապա` կանանց ու երեխաներին նշանակուած վայրեր տեղափոխելիս, նրանց մի մասն անգթաբար սպաննուել է Տէյիրմենտերէի կողմերում, միւս կանայք ու երեխաներն էլ բեռնուել են նաւակները եւ ջրախեղդ արուել բաց ծովում: Հայերի մի մասին էլ, իբր բուժման նպատակով, թունաւորել են տարբեր միջոցներով «Կարմիր մահիկ» հիւանդանոցում, որից յետոյ կողոպտուել են նրանց գոյքը, դրամը եւ թանկարժէք իրերը…»:
Օսմանեան Կայսրութեան առանձին շրջանների կառավարիչների դատավարութիւնների շարքում կային նաեւ հէնց հայերի գոյքի կողոպտման մեղադրանքով յարուցուած դատական գործեր: Այսպէս, օրինակ, 1920 թ. Յուլիսի 31ին օսմանեան պետութեան պաշտօնաթերթ «Թաքուիմ-ի Վեքայի»ում հրապարակուած Երզնկայի հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնը յարուցուել էր «տեղահանութեան ընթացքում հայերի սպանութիւնների եւ բնաջնջման», ինչպէս նաեւ` «հայերի ունեցուածքի կողոպտման» մեղադրանքներով:
Նմանատիպ մեղադրանքներ են պարունակում նաեւ Օսմանեան Կայսրութեան նահիէների, այսինքն գաւառակների կառավարիչների դէմ յարուցուած դատական գործերը:
Ընդհանուր 6 ամբաստանեալի դէմ բացուած սոյն գործի դատաքննութիւնն սկսել է 1919 թ. Նոյեմբերի 27ին: Դերբենդի կառավարիչ Վեճիհի, Պահճեճիքի կառավարիչ Ալի Շուուրիի եւ Իզմիթի նախկին բանտապետ Իպրահիմի ու վերջինիս յանցակիցների դէմ յարուցուած այս դատական գործի հիմնական մեղադրանքներն են եղել` թալանը, կողոպուտը, տեղահանութիւնը եւ կաշառակերութիւնը:
Հայերի ունեցուածքի կողոպտման հարցը յիշատակուել է նաեւ Տէր Զօրի նախկին կառավարիչ Սալիհ Զեքիի մահուան դատավճռում: Հարկ է նշել, որ Տէր Զօրի կառավարիչը սոյն դատավճռով մահուան է դատապարտուել հեռակայ կարգով, քանի որ գտնւում էր փախուստի մէջ:
Դատավճռում ընդգծւում է, որ դատաքննութեան ժամանակ հարցաքննուած բազմաթիւ վկաների ցուցմունքների համաձայն՝ Տէր Զօրի կառավարիչ Զեքին Օսմանեան Կայսրութեան տարբեր շրջաններից դէպի Տէր Զօրի սանճաք (մարզ) տեղահանուած բազմաթիւ հայերի, դարձեալ տեղահանութեան պատրուակով, աքսորել է այլ շրջաններ` հրոսակներից կազմուած հեծեալ եւ հետիոտն չեթէների միջոցով, եւ որ` նրա պարտադրանքով այս հրոսակախմբերը ճանապարհին մեղադրեալի ներկայութեամբ յարձակուել են հայերի վրայ, յափշտակել վերջիններիս մօտ գտնուող դրամները եւ իրերը, շատերին դաժանաբար սպաննել եւ ոչնչացրել Խապուր գետի աւազանի հեղեղատներում:
Մուսուլի նախկին գլխաւոր հրամանատար Նեւզաթի դատավարութեան առաջին նիստում` 1919 թ. Ապրիլի 8ին, կարդացուել է հետաքննիչ ատեանի տեղեկագիրը, ըստ որի, ամբաստանեալը մեղադրւում էր Մուսուլի հայ աքսորեալների ունեցուածքը կողոպտելու, հազար հոգուց բաղկացած հայկական Կարաւանը կոտորելու եւ Մուսուլում բազմաթիւ հայեր սպաննելու մէջ: Նեւզաթի դատաքննութեան ընթացքում բազմաթիւ վկայութիւններ են արձանագրուել առ այն, որ մեղադրեալը խլել է աքսորեալ հայերի մետաղեայ դրամները: 1919 թ. Ապրիլի 22ին տեղի ունեցած նիստի ժամանակ ունկնդրութեան արժանացած մի շարք վկաներ հաստատել են, որ ամբաստանեալը ամէն կերպ կեղեքել է հայ ժողովրդին:
Թէեւ 1919-1921 թթ. Պոլսի ռազմական արտակարգ ատեաններում կայացած Երիտթուրքերի Դատավարութիւնների եւ հայերի տեղահանութեան ու կոտորածների մեղադրանքով յարուցուած այլ դատական գործերի շրջանակներում արծարծուել են նաեւ հայերի անշարժ եւ շարժական գոյքի կողոպտմանը եւ ունեցուածքի թալանին առնչուող խնդիրներ, սակայն ուշագրաւ է, որ 1919-1921 թթ. Պոլսի ռազմական արտակարգ ատեանների կողմից մինչեւ իսկ մահապատժի դատապարտուած այդ ոճրագործութիւնների հեղինակներից մի քանիսը հետագայում ոչ միայն հերոսացուել են քեմալական իշխանութիւնների կողմից, այլ նաեւ թուրքական պետութիւնը հէնց հայերի ունեցուածքից է թոշակ եւ գոյք տրամադրել նրանց ընտանիքներին:
Այսպէս, 1926 թ. Մայիսի 31ին արդէն Թուրքիայի Հանրապետութեան Ազգային Մեծ Ժողովում ընդունուեց ու նոյն տարուայ Յունիսի 27ին ուժի մէջ մտաւ թիւ 882 օրէնքը, որը բաղկացած էր 4 յօդուածից: Օրէնքը կրում էր հետեւեալ վերնագիրը. «Մահափորձեր կազմակերպած կոմիտէների կողմից սպաննուած կամ դրա կապակցութեամբ զանազան ձեւերով եւ անարդար կերպով յարձակման ենթարկուած անձանց ընտանիքներին տրուելիք գոյքի եւ հողի կամ հատուցման մասին օրէնքը»:
Սոյն օրէնքում յիշատակւում էին Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած եւ իրագործած հետեւեալ 12 պաշտօնեաների անունները` Թալէաթ փաշա, Ճեմալ փաշա, Ճեմալ Ազմի, Պէհաէտտին Շաքիր, Ճեմալ փաշայի համհարզներ Սիւրէյա պէյ եւ Նուսրեթ պէյ, Սայիտ Հալիմ փաշա, Ռազմական Արտակարգ Ատեանի դատավճռով մահուան դատապարտուած Ուրֆայի միւթեսարիֆ (Սանճաքի` մարզի կառավարիչ) Նուսրէթ պէյ եւ Պողազլըեանի գաւառապետ Քեմալ պէյ, բանտից փախած եւ ինքնասպան եղած Տիգրանակերտի նախկին նահանգապետ տոքթոր Ռեշիտ պէյ, երզնկացի Հաֆըզ Ապատուլլահ էֆենտի եւ Մուշի միւթեսարիֆ Սերուեթ պէյ: Յիշեալ օրէնքի համաձայն, այդ պաշտօնեաների ընտանիքներին տրւում է 20 հազար թուրքական լիրայի արժէքով հայկական գոյք:
Այսպիսով՝ թուրքական արդարադատութիւնը վերածւում է խեղկատակութեան եւ անհեթեթութեան, իրական ոճրագործները ներկայացւում են որպէս զոհեր, որոնց հատուցում է տրւում իրական զոհերի գրպանից, իսկ իսկական արդարադատութիւնը դեռ սպասում է իր հերթին…