
ԹԱԹՈԻԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայերը Բաքւում ենթարկուել են երեք մեծ ջարդերի՝ 1905ին, 1918ի Սեպտեմբերին եւ 1990 թուականի այս օրերին՝ Յունուարի 13ից 15ը:
1905-1906 թուականներին, հայ-թաթարական-ադրբեջանական փոխադարձ ջարդերը ընթացել են Բաքւում, Շուշիում, Գանձակ-Գեանջայում, Նախիջեւանում, Երեւանում:
Հայութեան համար ամէնից սարսափելին 1918ի Սեպտեմբերի 15ի Բաքուի կոտորածն էր, որին զոհ գնաց, տարբեր հաշւումներով, 9ից 15 հազար հայ:
1990ի Յունուարին, ի տարբերութիւն Ադրբեջանի հայաշատ միւս բնակավայրերի, հազարաւոր հայեր դեռ մնացել էին Բաքւում: Նրանք կարող էին նախորդ երկու տարիների ընթացքում փոխանակել բնակարանները կամ պարզապէս փրկել իրենց կեանքը, սակայն մինչեւ վերջ հաւատացին Բաքուի «ինտերնացիոնալիզմ»ին:
Ինչպէս եւ Սումգայիթում 1988ի Փետրուարի վերջին օրերին, Բաքւում եւս հայերի վրայ ադրբեջանցի յարձակուողների գործողութիւններն աչքի էին ընկնում առանձնայատուկ դաժանութեամբ: Մարդկանց նետում էին վերին յարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը յարձակւում եւ երկաթեայ ձողերով, դանակներով սպաննում էր հայերին, ուղղակի զաւթում նրանց բնակարանները, ունեցուածքը:
Թէ որքա՞ն հայեր են սպաննուել Բաքուի ջարդերի օրերին՝ յստակ անհնար է ասել. հայերը նշում են՝ 150, ներառեալ նրանք, ովքեր ստացած վէրքերից մահացան մի քանի օր անց:
1989թ. Դեկտեմբերից Բաքւում մնացած հայերին ազատում էին աշխատանքից: Առաւել անհնազանդ կամ դանդաղաշարժ ղեկավարների ազգանունները, որոնք մտածուած կամ առանց մտածելու չէին կատարում այդ պահանջը, փակցնում էին յատուկ ցուցատախտակներին՝ Ժողճակատի նստավայրի առաջ: Նոյն վայրում ցուցատախտակների վրայ փակցնում էին նաեւ այն հարիւրաւոր հայերի ազգանունները, որոնք դեռ շարունակում էին աշխատել Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմում, Պ.Ա.Կ.ի համակարգում եւ այլուր:
Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. Յունուարին ասել է.- «Ես անձամբ վկայ էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպաննեցին երկու հայի: Հաւաքուել էր ամբոխը, նրանց վրայ բենզին լցրին եւ այրեցին, իսկ երկու հարիւր մետր հեռւում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զօրքերի 400-500 զինուոր, որոնք մեքենայով՝ 20 մետրի վրայ, անցան այդ ածխացած դիակների մոտով, եւ ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:
Բաքուի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ադրբեջանում իշխանութեան էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ադրբեջանի կոմունիստական ղեկավարութիւնը իշխանութիւնը պահելու համար Մոսկուայից օգնութիւն էր ակնկալում ճակատայինների դէմ պայքարում, միւս կողմից՝ համագործակցում նրանց հետ:
Միխայիլ Գորբաչովը հեռուստատեսութեամբ յայտարարում է, որ Բաքւում իրադարձութիւնները ողբերգական բնոյթ են ստացել՝ «ջարդեր, սպանութիւններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում եւ արտաքսում էին»: Խորհրդային պետութեան առաջին եւ վերջին նախագահը, ինչպէս Սումգայիթի դէպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպէս Սումգայիթում, այնպէս էլ՝ Բաքւում, զօրքերը մտցւում են միայն այն ժամանակ, երբ արդէն հայկական ջարդերն աւարտուած էին: Թւում է՝ զօրքեր կարող էին եւ չմտցուել, եթէ Ադրբեջանում վտանգի տակ չլինէր խորհրդային իշխանութիւնը:
«Ադրբեջանում ծայրայեղական ուժերի գործողութիւնները ստանում էին աւելի ու աւելի բացայայտ հակապետական, հակասահմանադրական եւ հակաժողովրդական բնոյթ: Մի շարք շրջաններում բռնի ուժով հեռացուեցին իշխանութեան օրինական մարմինները, քայքայուեցին կառավարական կառուցուածքները: Հարիւրաւոր կիլոմետրերի վրայ ոչնչացուեցին պետական սահմանի ինժեներատեխնիկական կառուցուածքները: Գործնականում չէր թաքցւում հանրապետութիւնում իշխանութիւնը բռնի զաւթելու խնդիրը: Այդպէս չէր կարող շարունակուել»,- ասել է Գորբաչովը:
Յունուարի 15ին, երբ Բաքւում շարունակւում էին հայկական ջարդերը, Խ.Ս.Հ.Մ. Գերագոյն Խորհուրդը ընդունում է Լ.Ղ.Ի.Մ.ում եւ մի քանի այլ շրջաններում արտակարգ դրութիւն յայտարարելու որոշում: Մինչդեռ Բաքւում արտակարգ դրութիւն յայտարարւում է միայն Յունուարի 19ին, երբ հայկական ջարդերը, ըստ էութեան, աւարտուել էին, եւ մայրաքաղաքում հայեր չէին մնացել:
Մոսկուան, հայկական ջարդերն օգտագործելով որպէս պատրուակ, զօրքեր մտցրեց Բաքու՝ ջախջախելու իշխանութեան ձգտող Ժողճակատին: Խորհրդային զօրքերն Ադրբեջանի մայրաքաղաք հասան Յունուարի 19ին՝ Խ.Ս.Հ.Մ. զինուած ուժերի օդադեսանտային (օդային յարձակման-էջքի) դիվիզիայի (բաժանմունքի) հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխաւորութեամբ: Գործողութիւնը համակարգում էր պաշտպանութեան նախարար Դմիտրի Եազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զօրքերը Բաքու են մտցուել «Ժողճակատի կողմից իշխանութիւնը կոմունիստներից զաւթելու փորձը կանխելու նպատակով»:
Սպանւում են հարիւրից աւելի ցուցարարներ եւ գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքուի հայկական ջարդերին:
Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմւում են նաեւ տասնեակ խաղաղ քաղաքացիներ, հարիւրաւորները վիրաւորւում են: Բախումների ընթացքում սպանւում են խորհրդային բանակի աւելի քան երկու տասնեակ զինուորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր ադրբեջանցիների եւ խորհրդային զօրքերի միջեւ:
Բաքուի ողբերգական իրադարձութիւններից տարիներ անց, Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զօրքեր մտցուել Ադրբեջանի մայրաքաղաք. «Իրադարձութիւնները Բաքւում դարձել էին անկառավարելի, Գերագոյն Խորհուրդը եւ Կոմկուսը կաթուածահար էին, քանդուել էր երկու հարիւր կիլոմետրանոց պետական սահմանը, յարձակումներ էին կատարւում տեղական մարմինների վրայ:
Ես շտապ Բաքու գործուղեցի Եւգենի Պրիմակովին եւ Անդրէյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ յայտարարել ու զօրքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխուեց աւելի մեծ արիւնահեղութիւնը»:
«Ֆոտօլուր»