ԿԱՐԻՆԷ ՍԱՖԱՐԵԱՆ — Ստեփանակերտ
25 տարի առաջ էր, երբ փոքրիկ Յարութիւնը Հոկտեմբերի 30ին իր 5ամեայ յոբելեանի առիթով ստացաւ իւրայատուկ նուէր՝ հարազատ Տող գիւղի ազատագրման տեսքով, որն իրեն էր պարգեւել հայրը՝ Արմէն Գասպարեանը, ինքը՝ Արմէնչոն եւ հօր զինակից ընկերները: Ցաւօք, դա վերջին նուէրներից էր, որ Յարութիւնը ստացել էր իր հօրից, քանի որ վերջինս մէկուկէս տարի անց՝ 32 տարեկան հասակում, հերոսաբար զոհուեց Հադրութի շրջանի Նորաշէնի բարձունքի համար մղուող մարտում:
Այսօր Յարութիւնն է արդէն 30 տարեկան, եւ շարունակում է հօր գործը՝ ծառայելով Լ.Ղ.Հ. պաշտպանութեան բանակի շարքերում: Իւրաքանչիւր տարի Հոկտեմբերի 30ին Արմէնչոյի մեծ ընտանիքն անպայման այցելում է հարազատ Տող գիւղ եւ ծաղիկներ դնում գիւղի կենտրոնում կանգնեցուած յուշաքարին:
Արմէնչոյի կինը՝ Անժելան, յիշում է, որ 25 տարի առաջ այդ օրերին ինքը երեք զաւակների հետ գտնւում էր Ստեփանակերտում: Արդէն մի քանի օր է, ինչ ամուսնուց ոչ մի լուր չկար: Մի օր էլ բարեկամներից մէկը եկաւ, թէ խօսակցութիւններ են շրջանառւում Տողի ազատագրման մասին եւ յորդորեց չանհանգստանալ: «Երեք օր անց միայն Արմէնն եկաւ ու հաստատեց լուրը՝ ասելով, որ գիւղի ազատագրումն իր նուէրն է առաջնեկի ծննդեան կապակցութեամբ»,- պատմում է Անժելան:
Այդ փայլուն գործողութեան մասին շատ է գրուել եւ կարիք չկայ մանրանալու դրա մանրամասների մէջ։ Միայն հարկ է նշել, որ անշուշտ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին յաղթանակներից մէկը, եւ կարեւոր էր թէ՛ ռազմական, թէ՛ պատմական տեսանկիւնից:
Զինակից ընկերները հաստատում են, որ Արմէնչոն վստահ էր, որ գործողութիւնն առանց զոհի է աւարտուելու, ու այդպէս էլ եղաւ:
Նա սխալուեց միայն մի բանում՝ ասելով, որ թուրքի գնդակն իրեն չի կպչի, ինչը եղաւ՝ նշուած գործողութիւնից մէկուկէս տարի անց:
Նա հերոս է իր ազգի ու հայրենիքի՝ չնայած, որ նրան չի շնորհուել Արցախի Հերոսի բարձրագոյն կոչումը…
Հերոսներին պէտք է ճանաչել դէմքով եւ թոյլ չտալ, որպէսզի աղաւաղուի պատմութիւնը:
Երիտասարդ տարիքում կորցնելով ամուսնուն՝ հերոսի կնոջը յաջողուել է չորս երեխաներին տալ ճիշդ դաստիարակութիւն: Բոլոր չորսն էլ ստացել են բարձրագոյն կրթութիւն: Երկու զաւակները՝ Յարութիւնն ու Հրայրը ծառայում են պաշտպանութեան բանակում, երրորդը՝ Հայկը, աչքի է ընկել Ապրիլեան քառօրեայ պատերազմում ու ցուցաբերած քաջութեան համար արժանացել Արիութեան համար շքանշանի: Երեք որդիները, մասնակցելով Ապրիլեան պատերազմական գործողութիւններին, ապացուցել են՝ արժանի զաւակն են իրենց հերոս հայրիկի, պետութեան ու ժողովրդի: Իսկ դուստրը՝ Հեղնարը, աշխատում է, ինչպէս նաեւ օգնում 2 բալիկի հայրիկ դարձած աւագ եղբօր երեխաների խնամքի գործում:
Արմէնչոյի մեծ համերաշխ ընտանիքի տան դռները միշտ բաց են ընկերների ու բարեկամների համար: Իսկ բոլորովին վերջերս, ընդամէնը մէկ ամիս առաջ, Արմէնչոյի օջախում լոյս աշխարհ եկաւ շատ սպասուած Արմէն Յարութիւնի Գասպարեանը՝ իւրայատուկ նուէր արդէն Յարութիւնի կողմից իր Նինա տատիկին ու մայրիկին: