Դոկտ. Մարի-Ռոզ Աբուսէֆեան
Այսօր, Արցախեան Պայքարի 30- ամեակին, հարկ է յիշեցնել, որ այն ձեւաւորուել է 100 տարիներէ ի վեր եւ ժայթքել է 30 տարի առաջ: Եւ արժեւորելով այդ շարժումին յաղթանակի անգնահատելի արդիւնքը, անկարելի է նաեւ չվերլուծել այն իրադրութիւնները, որոնց արդիւնքում Արցախը չկարողացանք դարձնել մայր հողի մասնիկը, չկարողացանք այն վերջնականապէս ամբողջ տարածքով ազատագրել:
Անկարելի է նաեւ ստուերում թողնել, թէ ինչո՞ւ անտարբերօրէն տարածք ենք զիջում, թէ ինչո՞ւ մինչեւ օրս դամոկլեան սուրի պէս կախուած է ազատագրուած հողերի յանձնումը թշնամուն եւ ինչո՞ւ իրենց կեանքը այդ հողի ազատագրման համար զոհուած մարտիկները, ինչպէս հարկն է, չեն գնահատւում, նոյնիսկ դեռ բանտերում են:
Այս մասին մտածելիս մտովի մխրճւում եմ մեր պատմութեան կրկնուող, անկանգառ ընթացքի մէջ, որը մեզ պարտադրում է այս օրերին ամբողջութեամբ վերլուծել Արցախեան պայքարը՝ սկսելով յատկապէս, մեր առաջին Հանրապետութեան շրջանից, քանի որ շուտով նշելու ենք այդ իրողութեան 100ամեակը եւ որի անկման արդիւնքում Արցախը խլուեց, տեղի ունեցաւ Հայաստանի եւ Արցախի բաժանումը: Դարաւոր հայրենի Արցախը յանկարծ դարձաւ գերի, վիճելի տարածք, իր իսկ հողի վրայ բոլշեւիկ-ազերի զաւթիչների ձեռքին:
Մենք մինչեւ օրս երբեք հարկ եղած չափով չենք անդրադառնում այն հարցին, թէ ինչպէ՞ս մի անյայտ Ադրբեջան ոչ միայն անյայտութիւնից յանկարծ կազմաւորուեց եւ անկախ պետականութիւն հիմնեց մեզանից էլ առաջ, այլ կարողացաւ մեր տարածքներից Նախիջեւանը եւ Ղարաբաղն էլ խլել, իր կամքը թելադրելով ե՛ւ բոլշեւիկներին, ե՛ւ սովետներին: Չենք ուզում ընդունել մեր կարճամտութիւնը քաղաքականութեան մէջ, չենք վերլուծում մեր կորուստների պատճառները գտնելու համար մեր թերացում-սխալները: Միշտ մի պատճառաբանութեամբ արդարացնում ենք մեր կորուստները, որի փայլուն օրինակն էլ ոչ-շատ առաջ՝ 2016ի Ապրիլին, կրկին Արցախի տարածքի նոր կորուստն էր:
Եւ այսօր դատապարտելով հանդերձ ե՛ւ մեր մելիքների, ե՛ւ յատկապէ՛ս մեր Երկրորդ Հանրապետութեան իշխանութեան անհեռանկար, անձնասէր եւ անտարբեր, ոչ-հայրենանուէր վերաբերմունքը ժողովրդի հիմնական, ամենակարեւոր սեփականութեան՝ տարածքների հանդէպ, ուզում եմ կենտրոնանալ արցախցու իւրայատուկ կարողութեան վրայ, որն արիւնաքամ լինելով հանդերձ երբեք զիջեց, շարունակաբար պայքարեց իր անկախութեան տիրանալու, կրկին մայր երկրին միանալու համար:
Անշուշտ իմ գրութիւնը ամենապարզ ուրուագիծն է Արցախեան այդ մեծ Պայքարի:
Այսօր երբ յետադարձ հայացքով վերլուծում ենք Արցախի մեր հայրենակիցների պայքարը դեռ 1918ին. իրենց անկախութեան համար, որպէս իր ճակատագիրը իր ձեռքով կերտող ժողովրդի, համոզւում ենք, որ Արցախեան պայքարը իրարայաջորդ անարդար, աւելի ճիշդ դաժան դասաւորումին, մեր ժողովրդի մղած պայքարներից ամենահետեւողական եւ անկոտրումներից է, եւ պէտք է, որ յաղթանակէր:
Երկու տարի՝ 1918ից 1920թ. բռնութեան, աննկարագրելի ջարդերի ու աւերների մէջ մասնատուելով անգամ՝ Արցախը չընկճուեց, հռչակեց իր Ինքնիշխանութիւնը, որն աւաղ թուրքերի նենգութեան եւ Ստալինեան դիւային գործարքով 1921թ. Յուլիս 5ին, առանց իրաւական հիմքի ընդգրկուեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: Դեռ աւելին՝ մայր հողին կապող սահմանակից տարածքը՝ Քարվաճառը եւ Լաչինն էլ անջատեցին, որ ընդհանրապէս խեղդեն, վերացնեն արցախահայութեանը: Որպէսզի ջնջեն հայութեան պատմութիւնը այդ հողերի վրայ, մայրաքաղաք Շուշին, որն արդէն աւիրել էին, բաժանելով հայկական եւ թուրքական թաղամասերի, տեղափոխեցին Վարարակ գիւղ, որն սկզբում անուանեցին Խանքենդի, իսկ յետոյ՝ 1923թ. դարձրին՝ Ստեփանակերտ, ի պատիւ Պաքուի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումեանի եւ աստիճանաբար սկսեցին գործադրել հայաթափման իրենց ծրագիրը: Այդ բռնի ստրկացումը՝ մարդկային, ազգային, մինչեւ իսկ որպէս նոյն խորհրդային իշխանութեան քաղաքացիական իրաւունքների սահմանափակումը, արցախցիները երբեք ընդունեցին եւ ստեղծելով «Ղարաբաղը՝ Հայաստանին» ընդյատակեայ միութիւնը, պարբերաբար՝ 1927թ, 1962թ, զանց առնելով իրենց սպառնացող ամէն վտանգ, բռնութիւն, հազարաւոր դիմումնահաւաքներով կրկին Հայաստանին վերամիաւորուելու պահանջներ ներկայացրին Խորհրդային իշխանութիւններին, որոնք բոլորն էլ անշուշտ անարձագանգ մնացին, էլ աւելի վատթարացնելով տեղի հայութեան վիճակը:
Յիշեցնեմ, որ խորհրդային իշխանութեան տարիներին երկրի ներքին որոշումներն ամրագրւում էին Պլենումներում (համագումարներում), եւ ինչպէս յայտնի է 1985թ. համագումարներից մէկում Գորբաչովի «գլաստնոստի» «վերափոխումների» հռչակումից անմիջապէս յետոյ, արցախահայութիւնը կրկին ոտքի ելաւ մայր հողին միաւորուելու պահանջով: Թէեւ դա դեռ միայն ստորագրահաւաք էր, ոչ ցոյցեր կամ ապստամբութիւն, պարզապէս Արցախն ուզում էր ոչ թէ դուրս գալ խորհրդային իշխանութեան լծից, այլ միանալ մայր հողին, որը նոյն Խորհրդային իշխանութեան հանրապետութիւններից մէկն էր: Չնայած, դեռ մինչեւ 70ական թթ. Տարածքային փոփոխութիւններ էին տեղի ունեցել նոյն խորհրդային իշխանութեան տակ՝ Լատվիա, Էստոնիա, Բելոռուսիա, Ուզբեկստան եւ այլն: Սակայն խորհրդային իշխանութիւնը մեր այդ առաջարկի մէջ պարզորոշ տեսնելով իր փլուզումը, արցախցիների պահանջը որակեց նացիոնալիստական, որն ամենամեծ «մեղադրանքն» էր այդ «եղբայրական» երկրում, փորձեց ամէն միջոցներով լռեցնել նրանց պահանջը: Աւելացնեմ, որ Ադրբեջանի հայաթափումը եւ ազգային խտրականութիւնը, այսինքն բացայայտ նացիոնալիզմը, այդ նոյն խորհրդային իշխանութեան կողմից երբեք մեղադրանք չհամարուեց:
1987թ. երբ ազերիները սկսեցին սանձարձակ հայաթափման գործողութիւնները, արցախցուն այլեւս ոչինչ էր մնում, եթէ ոչ ինքն իր ձեռքով վերջնականապէս լուծել իր հարցը:
Երբ աշխարհին յայտնի 1988թ. Դեկ. Հայաստանի ահաւոր երկրաշարժին, ուր հազարաւոր հայեր կորցրին իրենց կեանքն ու ունեցուածքը, իբրեւ թէ հայաստանով մտահոգ Գորբաչովը այցելեց Հայաստան, աշխարհին բացայայտուեց մէկ այլ ներքին երկրաշարժ՝ Արցախեան Շարժումը, որը կասեցնել այլեւս անկարելի էր:
1988ի Փետրուարեան դէպքերը, երբ Աղդամում սկսուեցին առաջին յարձակումները, վստահ եմ դեռ բոլորի յիշողութեան մէջ է: Այդ նոյն շրջանում Երեւանի Թատերական հրապարակում, արցախցիների արդար պահանջին միացող հազարաւոր հայութեան մէջ յանկարծ անյայտութիւնից իշխանութեան ձգտող աճպարարների մի խումբ յայտնուեց, որոնք ժողովրդի ազատութեան ձգտող հաստատ որոշումը՝ Արցախի պայքարը, իրենց կարգախօսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» դարձնելով, սուտ խոստումներով, նրանց հետ բռունցք թափահարելով, շուտով դառնալու էին մեր երկրորդ հանրապետութեան առաջին իշխանաւորները եւ արցախահայութեան ճակատագիրը վճռողները: Մինչ, արդէն Սումգայիթում եւ Պաքւում հայերի դէմ կոտորածն էր սկսւում:
1988թ. Սեպտ. 18ին Ստեփանակերտ տանող ճանապարհին Խոջալուում սկսուեցին առաջին ընդհարումները ազերիների կողմից, Շուշիիում սկսեցին այրել հայերի տները:
1989թ Դեկտ. 1ի Հայաստանի Գերագոյն Խորհուրդը միջազգային բոլոր օրինական իրաւասութիւններով որոշում ընդունեց Լ.Ղ.ն Հայաստանին միաւորելու: Այսպիսով Միջազգային դիւանագիտութեան մէջ յայտնուեց մի նոր յապաւում՝ Լ.Ղ., մի անյայտ երկրամաս՝ Լեռնային Ղարաբաղ անուամբ Խորհրդային Միութիւնում, որն առաջինը համարձակուել էր իր պատմական անկախութիւնը պահանջել այդ կարգերից:
1991թ. Արցախի ժողովուրդը դեռեւս չհայաթափուած Շահումեանի եւ դրան յարակից շրջանների հանրաքուէով հռչակեց իր անկախութիւնը: Ադրբեջանն անշուշտ հեշտօրէն չէր կարող զիջել 100 տարուայ իր գերուն, մի հարուստ եւ թուրանական ապագայ ծրագրի իրականացման համար այնպիսի մի յոյժ կարեւոր տարածք, ինչպիսին Արցախն է, եւ նոյն թուի Սեպտեմբերին, սկսուեցին պատերազմական յարձակումները արցախեան տարածքում:
Բնականաբար խօսել Արցախեան շարժման մասին եւ զանց առնել պատերազմը անկարելի է, քանզի այդ շարժումը ծնեց ե՛ւ պատերազմ, ե՛ւ յաղթանակ:
Առանց պատերազմի մանրամասների մէջ մտնելու, դրա տեղեկատուութիւնը եւ անսակարկ իրականութիւնը թողնելով մասնագէտների տարեգրութեանը, ձեր յիշողութիւնը թարմացնելու համար միայն կը թուարկեմ մի քանի կարեւոր իրադարձութիւններ, որոնց արդիւնքում շարժումը պատերազմի վերածուեց եւ իր նպատակին հասաւ, թէեւ ոչ ամբողջութեամբ:
Յիշեցնեմ, Արցախը պատերազմի մէջ մտաւ բնականաբար առանց կանոնաւոր բանակի ու ռազմամթերքի Ադրբեջանական զինուած 80 հազարանոց կանոնաւոր բանակի, ՕՄՕՆի՝ ադրբեջանի ներքին ամէնավայրագ զինուած ուժերի, ինչպէս նաեւ խորհրդային բանակի, նաեւ հաւաքագրուած վարձկան օդաչուների, մոջահեդների, Սովետ միութեան տարբեր շրջաններից՝ Ուկրանիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից դոլլարով վարձուած զինուորների դէմ:
Արցախեան բանակը կազմուած էր ժողովրդից, որոնցից շատերը ո՛չ մարզուած, առանց զինուորական կրթութեան, կռիւներում փորձառութիւն ձեռք չբերած զինուորներ էին: Ընտանիքներից շատերը 3,4, նոյնիսկ 9 եղբայրներով, հայրերով պարզապէս նետւում էին պատերազմի մէջ իրենց երկիրը պաշտպանելու, որոնց գումարուեց նաեւ սփիւռքից ինքնակամ եկած մարտիկները, որով եւ հապճեպ կազմուած մեր բանակի թիւը հասաւ 25 հազարի: Ուստի հանգիստ կարող ենք ասել, որ պատերազմը վարեց եւ շահեց ժողովուրդը, նոյն այն ժողովուրդը, որը 100 տարիներ եւ աւել պայքարել էր իր ինքնավարութիւնը պահելու, ամէն գնով հայրենի հողին միանալու համար եւ անսակարկ հեղեց իր արիւնը:
Իւրաքանչիւր պատերազմ ոչնչացման ռազմավարութեան իր բառապաշարն ունի եւ Արցախում յաճախակի օգտագործուող «Կոլցօ», «Օղակ», անուանումը, որը նշանակում էր փակել ել ու մուտք, օղակի մէջ սեղմել տեղի բնակչութեանը, նրան ազատ կոտորելու համար գործադրուեց ամէնուրեք: Կամ «Գրադ» հրթիռների առատ օգտագործումը, որով անխնայ ռմբակոծում էին Ստեփանակերտը եւ ողջ Արցախի մեծ ու փոքր հայկական գիւղերը: Բերդաձորի, Հադրութի, Գետաշէնի աւելի քան 20 գիւղեր, գնդակոծւում էին ուղղաթիռներով, որից յետոյ սովետական տանկերն էին մտնում ու պաշարում գիւղերը:
Ինչպէս գիտէք 1913թ. պայմանգրով Գիւլիստանը, որը ներկայիս Շահումեանի շրջանն է, մտաւ Ռուսաստանի կազմի մէջ, իսկ 1921թ. Ադրբեջանի որոշմամբ Շահումեանի տարածքը, որն ամբողջովին բնակեցուած էր հայերով, դարձրին անմիջական Պաքուի ենթակայութիւն: Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ համաձայնեցուած, 1991թ. Յունիս 4ի Գորբաչովի հրամանով, սովետական զօրքերը դուրս բերուեցին Շահումեանի, Գետաշէնի, Մարտակերտի շրջանից, ազատ հնարաւորութիւն տալով ադրբեջանցիներին իրենց կոտորածը իրագործելու եւ իրագործեցին:
ժողովուրդը որքան էլ տոկաց, սակայն արեւմտահայութեան նոյն ճակատագրին արժանացաւ, շրջանի գիւղերից մօտ տաս հազար հայեր, մազապուրծ, խոշտանգուած, բռնաբարուած, կողոպտուած մի կերպ հասան Ստեփանակերտ: Այս ամէնին գումարուեց նաեւ Կիրովաբադի, Սումգայիթի, Պաքուի կոտորածից փրկուածները: Հայութիւնը երկրորդ եղեռն էր ապրում, արդէն խորհրդային իշխանութեան հովանաւորութեամբ անուանափոխուած թուրքի՝ ազերիների, ձեռքով:
Ինչպէս տեսնում էք խորհրդային իշխանութիւնը իր փլուզման մէջ անգամ թշնամի մնաց հայութեան, իսկ թուրքը նոյն ազատութեամբ հետեւեց հային կոտորելու իր հին սովորութեանը: Ազերիների նշանակակէտը մայրաքաղաք Ստեփանակերտն էր, որը լեցուած էր Շահումեանից եւ այլ շրջաններից մազապուրծ փախած տասնեակ հազարաւոր հայերով: Շրջափակուած Ստեփանակերտը տնքում էր սովի, մութի, Շուշիից արձակուող հրթիռների ռմբակոծումից, մարդկային կորուստներից: Անհրաժեշտ էր ազատագրել Շուշին ազատագրելու համար Ստեփանակերտը եւ Հայաստանին կապող պարանոցը՝ Լաչինը, որպէսզի օգնութիւն հասնէր Արցախին:
Աշխարհը լուռ էր, սակաւ տեղեակ Արցախում կատարուող արիւնալի իրադարձութիւններին, լուռ էր յատկապէս մեր հանրապետութեան նախագահ Լ.Տ.Պ.ն:
Ժողովրդին զրկելով ջրից, էլեկտրականութիւնից, սնունդից՝ պատճառաբանելով, որ պատերազմական գօտի է նաեւ Հայաստանը, որ ազերիները յարձակուելու են նաեւ Հայաստանի վրայ: Այո, այդ օրերին թէեւ կրակոցներ էին լսւում Հայաստանում, բայց ոչ թշնամու կողմից արձակուած, այլ իշխանութիւնը ազատւում էր իր ընդդիմադիրներից: Այդ օրերից մէկում էլ կրակոցները հասան նաեւ Ստեփանակերտ։ Ո՞վ կը մտածէր, որ կրակոցներ են հնչելու հայերի ձեռքով ազատագրուած Ստեփանակերտում, քաղաքական սպանութիւն գործելու: Թիրախը՝ Արցախեան պայքարի հիմնադիրներից, Լ.Ղ.Հ. Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանն էր, որին հետեւեց Արկադի Ղուկասեանի մահափորձը, որը բարեբախտաբար միայն երկու ոտքից վնասուելով կենդանի մնաց: Կրակոցները շարունակուեցին եւ պատերազմից յետոյ էլ շարունակուելով հետագային հասան Երեւանի խորհրդարան՝ Հոկտեմբեր 27ին:
Արցախում դրութիւնը օրէօր ճակատագրական էր դառնում: Շուշիի հայկական թաղամասերը բուլդոզերներով վերացւում, հողին էին հաւասարեցւում, մարդկանց կենդանի թաղելով իրենց տներում: Շուշիի ազատագրումը դժուարին եւ միաժամանակ ճակատագրային հարց էր այդ պատերազմում:
Արիւնաքամ եղող արցախցու հանդէպ աշխարհի անտեղեակ լռութիւնը խախտեց Մեծ Բրիտանիոյ Լորդերի պալատի փոխ-խօսնակ Բարոնուհի Քարոլայն Քոքսը, որի շնորհիւ Արցախում կատարուող սպանդն ու բռնի, վայրագ տեղահանումները միջազգային ուշադրութեան արժանացան: Աշխարհն իմացաւ, որ սովետական բանակը կռւում է իր իսկ անզէն քաղաքացիների դէմ եւ մի Ադրբեջան երկրորդ ցեղասպանութիւնն է իրագործում մի բուռ հայութեան դէմ, օգտագործելով կոտորածի նոյն ձեւերը, ինչ իրենց արիւնակից թուրքերը՝ մարդկանց անդամահատելով, կենդանի այրելով, գլուխները կտրելով, եւ այդ ամէնը իր թիկունքում ունենալով սովետական բանակը:
Սկսուեց աշխարհի տարբեր երկրներից լրագրողների հոսքը եւ ամենակարեւորը՝ մարդասիրական օգնութիւնը հասնել պաշարուած արցախցիներին նոյն բարոնուհու միջոցով, որն այնքան անհրաժեշտ էր պաշարման մէջ գտնուող արցախցիներին:
Յատկապէս օգնեց ողջ սփիւռքը՝ իր ունեցուածքը կենտրոնացնելով Արցախի փրկութեանը, մինչեւ անգամ վիրահատութեան կենտրոններ հիմնեց վիրաւոր ազատամարտիկներին փրկելու:
1992թ. Մայիս 7ի կէս գիշերին Արկադի Տէր-Թադեւոսեանի՝ Կոմանդոսի, հրամանով սկսուեց Շուշիի ազատագրումը, որը լուսադէմին պսակուեց կատարեալ յաղթանակով, եւ որը սկիզբ դրեց իրերայաջորդ յաղթանակների:
Որքան էլ մեր հանրապետութեան այդ ժամանակուայ նախագահ Լ.Տ.Պ.ն Իրանում, ի լուր աշխարհի, բացայայտօրէն մեծ դժկամութեամբ, նոյնիսկ հիստերիայով, բոլորին յայտնի «Շուշին չի կարելի գրաւել» արտայայտութեամբ հերքեց արցախցիների մեծ յաղթանակը, որքան էլ այդ յաղթանակը խճճեց թուրքերի հետ մեր տարածքները վաճառելու իր համաձայնութիւնը, այնուամենայնիւ յաղթանակը թնդաց եւ նոր աւիւն բերեց հայ զինուորներին:
Սակայն դեռ Շուշիի յաղթանակից չսթափուած մեր նախագահը մի նոր բացայայտ հարուածով հաստատեց իր անհամաձայնութիւնը Արցախի ազատագրման հարցում: Այդ յոյժ կարեւոր միջոցին, երբ Սումգայիթի եւ Բաքուի կոտորածից հազարաւոր փախստականներով լեցուած Ստեփանակերտը անդադար ռմբակոծւում էր, երբ Ստեփանակերտի եւ Աղդամի արանքում գտնուող Ասկերանը քարուքանդ էր արուած, գրաւուած էր Մարտակերտը, Հադրութը, ողջ Արցախի լինել-չլինելու հարցն էր, մեր նախագահը ի լուր բոլորի հեռուստատեսային իր ելոյթով, շատ հանգիստ, ազգային մեր հարիւրամեայ կուսակցութեան՝ Դաշնակցութեան առաջնորդներին, այսինքն երկիր վերադարձած հնամեայ կուսակցութեանն էր արտաքսում հայրենի իրենց երկրից: Մի կուսակցութեան, որի մարտիկները այդ պահին իրենց կեանքն էին զոհաբերում արցախեան մարտերում: Կրկնութեան կարգով կ՛ուզեմ յիշեցնել՝ մի կուսակցութեան, որն արթնացրել էր թուրքի ճիրաններում արիւնաքամ եղող հայի ոգին Արցախում եւ Արեւմտեան Հայաստանում, անկոտրում պայքարել ե՛ւ Համիտների, եւ՛ ցարերի դէմ, հաշուեյարդար էր տեսել ցեղասպան Թալէաթների եւ հայակեր բոլոր թուրք ղեկավարների հետ, որը հիմնադրել էր Հայ Դատը՝ համայն հայութեան իրաւունքը պահանջելով ցեղասպան թուրքից, Արեւմտեան Հայաստանի մեզնից խլուած տարածքների պահանջով, որն 9 անգամ աւելի է քան ներկայ մեր տարածքները: Եւ վերջապէս եթէ չլինէր իր կողմից վտարուող Հ.Յ.Դ. ներդրումը, չէր լինի նաեւ այն երկիրը, որին խաբէութեամբ բազմել էր ինքը, որպէս երկրորդ հանրապետութեան նախագահի: Նախագահը այս ամէնի համար էր նսեմացնում այդ կուսակցութեանը՝ հաստատելով, որ ինքը դէմ է Հայ Դատին, որ երկիրը կրկին պատկանում է անհատներին, յանձին իրեն, որ ինքը բոլորովին այլ ծրագիր ունի Արցախի համար: Եւ այն կուսակցութիւնը, որը դեռ պահանջում է Վանը, Մուշը, Նախիջեւանը, Արցախը, մեր բոլոր բռնագրաւած տարածքները, խանգարելով իր ծրագրին, չի կարող տեղ ունենալ հայրենիքում:
Ցաւօք, մեր ժողովուրդը անհեռանկարօրէն լուռ կուլ տուեց այս յոյժ կարեւոր հարուածը, չկանխատեսելով դրա տխուր հետեւանքները:
Այստեղ ուզում եմ մէջբերել ռուսական մի փորձառու ասացուածք առանց յաւելեալ բացատրութեան, ուր ասւում է. «Յեղափոխութիւնը յօրինում են երազողները, իրականացնում են՝ մոլեռանդները, բայց պտուղները վայելում են սրիկաները»:
Այդ ճակատագրական պահին 60 հազար գաղթականներով լեցուած, մութ, էլեկտրազուրկ ժողովրդին Արցախի պատերազմի շարունակութեան դէմ լարելը հեշտ գործ էր եւ լեւոնականները լծուել էին այդ գործին: Այդ իրարանցում-խառնակ վիճակը հնարաւորութիւն էր տալիս լեւոնականներին մի կողմից վաճառելու երկրի ներքին հարստութիւնները, ճնշուած ժողովրդին բացասաբար տրամադրելու ներկայ պատերազմին, միւս կողմից թուլացնելու արցախցիների պայքարի կամքը, իրագործելու արցախի ետ յանձնումը ազերիներին:
Սակայն մեր ժողովրդի իմաստութիւնը եւ արցախցու երկաթեայ կամքը յաղթեցին, արցախցին յաջորդաբար նոր յաղթանակներ արձանագրեց: Մինչեւ Շուշիի ազատագրումը Ստեփանակերտը պաշարման մէջ լինելով սովի ու մթութեան էր մատնուած, որին հետեւեց Լաչինի Հայաստանի հետ միջանցքի բացումը՝ փրկելով Ստեփանակերտ ապաստանած հազարաւորներին սովամահութիւնից: Ապա Ստեփանակերտի, Բերդաձորի, Քարվաճառի, Հադրութի, Ասկերանի, ազատագրումով՝ մօտ 12,4 հազար քառ.կմ. արցախցին ազատագրում էր ինքն իրեն, իր երկիրը:
Այդ իրավիճակում ազերիները՝ տեսնելով, որ այլեւս չեն կարող դիմադրել եւ իրար յետեւից կորցնում են հայկական հողերը՝ զինադադար են առաջարկում, որը կնքւում է 1994թ. Մայիս 12ին:
Ցեղասպանութիւնից մազապուրծ, ամէն ինչ կորցրած, իր տարածքներից բռնի վտարուած հայը, ոչ միայն 74 տարի գերեվարեալ իր երկիրն էր ազատագրում ազերի զաւթիչներից եւ խորհրդային իշխանութիւնից, այլ իր թիկունքին սովետական բանակով կռուող հզօր Ադրբեջանը զինադադար էր առաջարկում: Արցախցին մի նոր էջ էր բացում իր պատմութեան մէջ: Կրկին ու կրկին հաստատում, որ Վանում, Զէյթունում, Մուշում, Սասունում, Մուսա Լեռում սկսուած ինքնապաշտպանութեան ոգին Արցախում վերակենդանանալու եւ յաղթանակի էր հասնելու: Հաստատում էր, որ հայը նաեւ յաղթող է: Քանդակում էր հայ ոգու անընկճելիութիւնը: Հարցն այն էր, թէ կը կարողանա՞յ քանդակուած այդ նոր էջերը պահել եւ լեցնել վերջնական յաղթանակներով:
Արցախեան Շարժումը եւ յաղթանակը մէկ այլ առումով անգնահատելի ներդրում են մեր երկրի պատմութեան մէջ, որին երբեք չենք անդրադառնում:
Մինչ Արցախեան պայքարի սկսուելը՝ Հայաստանի տարածքում ապրում էին 300 հազարից աւելի թուրքեր, յատկապէս Թուրքիայի սահմանակից Ամասիայի շրջանում: Բնակչութեան 90 տոկոսը թուրքեր էին, որոնք այնպէս վերջնական էին տեղաւորուել մեր հողերում, որ մինչեւ իսկ փոխել էին այդ տարածաշրջանի գիւղերի հայկական անունները: Այդ բնակչութիւնը, ոչ թէ Հայաստանի, այլ Բաքուի իրաւասութեան տակ էր: Այսինքն մենք շատ հանգիստ թշնամու ռումբն էինք պահում մեր երկրում: Կարծեմ բոլորդ էլ ընդունում էք մեր քաղաքական կարճատեսութիւնը:
Արցախեան պայքարի այդ խառնակութիւններին, երբ Շահումեանի շրջանում հարիւրաւոր հայերի լցնում էին բանտերն ու տեղահանում, Ադրբեջանը իր թուրք բնակչութեանը մեր հաշուին անվնաս ու ապահով դուրս հանեց մեր երկրից: Մենք չկարողացանք ոչ միայն Շահումեանի շրջանի, այլ մեր 250 հազար հայ բնակչութեան Բաքուից դուրս բերել նոյն ապահովութեամբ: Չկարողացանք նոյնպէս 18 հազար հայերի դուրս բերել Սումգայիթից, Կիրովաբադից, որոնց ճակատագիրը արդէն գիտէք: Ես այլեւս չեմ հարցնում՝ ինչո՞ւ…
Պատկերացնո՞ւմ էք ինչ պիտի լինէր մեր ճակատագիրը, եթէ Արցախեան պայքարը չսկսուէր եւ մենք չյաղթէինք:
Թէեւ վերջնական չէր մեր յաղթանակը եւ զինադադար պարտադրուեց մեզ, սակայն դարձանք յաղթող հայ:
Զինադադարը դեռ ոչինչ, թէեւ դա էլ այս դէպքում վիճելի հարց է, քանի որ ըստ մեր զինուորների, իրենք պատրաստ էին ամբողջովին ազատագրել իրենց տարածքները, եթէ Հայաստանի կառավարութիւնը չդադարեցնէր պատերազմը: Եթէ չդադարեցուէր մեր զօրքերի առաջխաղացումը Արցախի հիւսիսում, ապա այսօր մենք կ՛ունենայինք Շահումեանի շրջանն անբողջութեամբ: Արցախցիները արիւնաքամ լինելով հանդերձ պատրաստ էին վերջնական յաղթանակի հասնել:
Պատերազմներում ընդունուած օ-րէնք է զինադադարը, բայց մեր դէպքում, ինչպէս միշտ, գործեց հային յատուկ օրէնքը: Ապշեցուցիչ երեւոյթ. յաղթանակած Արցախը ոչ միայն անմիջապէս չընդգրկուեց մայր Հայաստանի կազմում, որի համար սկսուել էր Արցախեան պայքարը, որի համար արցախցին իր զաւակների կեանքը ներդրեց, եւ որի պայքարի շահագործումով լեւոնականները գրաւեցին Հայաստանի իշխանութիւնը, եւ յանկարծ՝ «պայքա՛ր, պայքար, մինչեւ վե՛րջ» իրենց լօզունգը թաղեցին զինադադարի ամօթալի համաձայնագրում: Աւելին՝ Արցախի ճակատագիը կրկին դարձրեցին բանակցութիւնների առ ու ծախ, նոյն թշնամի Ադրբեջանի հետ եւ միեւնոյն բնոյթով՝ ազատագրուած Արցախը կրկին դարձաւ վիճելի տարածք եւ կրկին Ադրբեջանը ուզում է իր իրաւասութեան տակ առնել այն:
Թէեւ արդէն պատմութեան էջ են դարձել յաղթանակները, Արցախի պայքարը դեռ շարունակւում է, դեռ անփութօրէն տարածք ենք կորցնում, վկան 2016թ. Ապրիլեան պատերազմում թշնամուն յանձնած 8 քառ.կմ. տարածքը նոր զոհերով եւ դեռ շարունակուող զոհերով:
Դեռ ոչ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուած ո՛չ նախկին պատերազմում՝ Շահումեանի, այդ կարեւոր ստրատեգիական (ռազմավարական) գօտու, ինչպէս նաեւ Մարտունիի եւ Մարտակերտի մի մասի անկման պատճառի համար մինչեւ օրս պարզաբանուած չէ, թէ ինչո՛ւ կասեցուեց ազատագրումը եւ թէ ինչո՛ւ բանակցութիւնների քաշքշուկներին յանձնուած Արցախը դեռ տարածքներ է կորցնում: Ինչո՞ւ բանակը դեռ ինչպէս հարկն է ռազմական տեխնիկա չունի, դեռ մեր զինուորները համապատասխան հանդերձանք չունեն, դեռ ինքնապաշտպանական մարտերով ենք յաղթում եւ դեռ հայ զինուորի գլուխներ են հատւում:
Ինչո՞ւ Արցախը դեռ տարուբերւում է քաղաքական անկայուն իրավիճակներում կրկին դառնալով խայծ Ռուսաստան, Ադրբեջան-Թուրքիա յարաբերութիւններում, ինչպէս 1918ին էր: Ինչո՞ւ 100 տարի առաջ սկսուած պայքարը դեռ շարունակւում է նոյն բնոյթով:
Այս պահին իմ գրասեղանիս մի լուսանկար է դրուած, ուր պատկերուած է ցոյցի ելած մեր ժողովուրդը Երեւանում կրում են «Լեւոնը Արցախի գերեզմանափորն է» լօզունգը: Նոյնիսկ չեմ յիշում, թէ երբ է առնուած այն, բայց լուսանկարը փաստ է, փաստ, որ ժողովուրդն էլ գիտի ճշմարտութիւնը՝ Լեւոնը խորտակեց Արցախի լիակատար յաղթանակը: Իսկ ամենազայրացուցիչն այն է, որ դեռ մինչեւ օրըս այդ «գերեզմանափորին» են դիմում մեր նախագահները Արցախի հարցով: Նրան դարձրել են բախտագուշակ եւ Արցախի հետ կապուած իւրաքանչիւր հարցում դիմում են նրան:
Արցախի պատերազմին մասնակցած, արցախցի մեր երկու իրերայաջորդ նախագահներին միթէ՞ պարզ չէ, կամ մինչեւ այսօր չե՞ն պարզել, թէ ի՛նչ խոստումներով զինադադարը կնքեցին: Միթէ՞ մինչեւ օրս Արցախի լուծման, ժամանակակից լեզուով «գաղտնի» կոդը, բանալին, միայն Լեւոնի ձեռքում է:
Ե՞րբ է իրականութիւնը բացայայտուելու: Ե՞րբ է մեր ժողովուրդը պատասխան պահանջելու իշխանութեան գործած յանցագործութիւնների համար: Չէ՞ որ երկրի եւ ժողովուրդի դէմ գործուած յանցանքները ժամկէտ չունեն: Ե՞րբ ենք մեր իրաւունքի տէրը դառնալու:
Մինչեւ օրս Ադրբեջանի ժողովուրդը իշխանութիւնից առաջին հերթին Ղարաբաղն է պահանջում, քաղաքական բոլոր հարցերում առաջնակարգ նկատելով այն: Իսկ մենք երկիր ենք յանձնում, բայց իշխանութիւններից միայն հաց ենք պահանջում, իշխանութիւնում տեղ գրաւելու համար ենք միայն ոտքի ելնում: Մինչեւ ե՞րբ առաջնակարգ չենք նկատելու մեր տարածքների, նրանց միաւորման եւ դրանք ամբողջացնելու հարցը: Մինչեւ ե՞րբ մեր ճակատագիրը թողնելու ենք ուրիշների տնօրինութեանը: Չէ՞ որ տարածքով է սկսւում ու աւարտւում երկիրը եւ բնականաբար դրա վրայ ապրող ժողովուրդը եւ նրան ղեկավարող պետութիւնը: Եթէ չկայ տարածք, չկայ պետութիւն:
Եւ ամենակարեւորը՝ ըստ միջազգային օրէնքի, պատերազմում պարտուող կողմը սովորաբար հատուցելու է այն բոլոր վնասները՝ աւերուած քաղաքների, խորտակուած շէնքերի, փողոցների, յափշտակուած գոյքերի եւ մարդկային զոհերի դիմաց, որոնք արդիւնք են յարձակուող կողմի գործած աւերին: Մենք արդեօք պահանջե՞լ ենք ողջ Արցախին հասցուած վնասները ե՛ւ պատերազմում, ե՛ւ պատերազմից առաջ, երբ քարուքանդ են արել մեր գերեզմանները, խաչքարերը, ճարտարապետական կոթողները: Պահանջե՞լ ենք Սումգայիթի, Բաքուի հայութեան տեղահանութեան եւ կոտորածի, մարդկային եւ գոյքային վնասների հատուցումը:
Դեռ մինչեւ օրս ազատագրուած քաղաքներում եւ գիւղերում պահում ենք թուրքական անուանումները, ի՞նչ է, վախենում ենք ազերիներին մեր դէմ գրգռելուց: Գուցէ դրա համար հրամա՞ն ենք առնելու ազերիներից: Ամօթալի չէ՞ ընդունել եւ դեռ շարունակել պահել ընդամէնը մի քանի տասնամեակ մեր հողերին տիրացած թշնամու կոչած անունները: Նոյնիսկ Ղարաբաղ անունը պիտի վերջնականապէս փոխարինենք Արցախով:
Պէտք է ժամ առաջ ազատուենք նրանց հետքերից: Արցախի ապագայ սերունդը իրենց անձնագրերում այլեւս պարտաւոր են կրելու միայն ծննդավայրի հայկական անուանումները:
Անգամներ լինելով Ստեփանակերտում եւ Շուշիում՝ հիացել եմ մեր ժողովրդի կենսուրախութեամբ, կարծես իրենք չէին ոչ-շատ առաջ այդ ահաւոր դժոխքից անցնողները:
Խոնարհուել եմ իրենց երիտասարդ կեանքը մեր հողի համար զոհաբերածների շիրիմներին, իւրաքանչիւր շիրմաքար մի կտոր ազատագրուած հող է, մի բուռ հայրենիք: Ես մեղաւոր զգուշութեամբ եմ հպուել իրենց շիրմաքարերին, որովհետեւ երբ շփում կայ, կայ նաեւ հարց ու պատասխան եւ ես պատասխան չունեմ նրանց հարցին, թէ ինչո՛ւ Արցախը դեռ մայր հողի մասը չի կազմում եւ թէ ինչո՛ւ ամբողջովին ազատագրուած չէ:
Արցախը պաշտպանող մեր զինուորների համար ներկայացում եմ տուել եւ զգացել նրանց քայլերի դղրդիւնը դահլիճում: Դա փառաւոր զգացում է, նոյնքան փառաւոր է Ստեփանակերտի եւ Շուշիի գիշերային աստղազարդ երկինքը վայելելը, իսկ ամպրոպի պահին, երբ երկնքի դղրդիւնը իր արձագանգն է գտնում Մռաւի լեռներում, այդ պահին հասկանում ես արցախցու անկոտրում կամքը եւ անսահման հպարտ ու ապահով ես զգում քեզ, որ այդպիսի հայրենիք ունես:
Թող ինձ ներեն մեր հերոսները՝ ամենապարզ զինուորներից մինչեւ հրամանատարները, բոլորը, ովքեր իրենց կեանքը նուիրաբերեցին մեր հողի ազատագրման համար, որ ոչ մէկի անունը չեմ յիշատակում, քանզի նրանք շատ-շատ են եւ զգուշանում եմ որեւէ մէկին մոռացութեան մատնելով ինքս ինձ չներել: Չեմ յիշատակում նաեւ մեր խիզախ օդաչուներին, որոնք ամենավտանգաւոր պայմաններում՝ մշուշապատ եղանակին անգամ, արկերի տեղատարափի տակ ուղղաթիռներով վառելանիւթ, զինամըթերք են հասցրել կռուող ջոկատներին, կամ՝ հազարաւոր ծանր վիրաւորներ տեղափոխել Երեւան: Նաեւ սփիւռքի այն անձանց, որոնք ի սկզբանէ հոգացին Արցախի կարիքները, հրթիռների տեղատարափի տակ անգամ բժշկական եւ մարդկային օգնութիւն հասցնելով փրկեցին հարիւրաւորների կեանք: Այդ ամէնը թողնում եմ Արցախի պայքարի տարեգրութիւնը կազմողներին, իսկ ես աշխարհասփիւռ հայութեան անունից խոնարհւում եմ նրանց բոլորի եւ յատկապէս արցախցիների անկոտրում հաւատով մեր հողը պաշտպանելու, նրանց անսակարկ նուիրաբերումի, նրանց զոհաբերութեան, հայրենիքի հանդէպ նրանց կատարած անգնահատելի գործի առաջ:
Փառք ու պատիւ նրանց յիշատակին եւ անուան, նրանց յաղթանակին:
Այսօր, Արցախի մեծ յաղթանակը նշող այս յիշարժան օրը, անսահման ուրախութեամբ միանալով հարիւր հազարաւոր հայութեան, աշխարհի բոլոր ծայրերում, դարձեալ իմ խորին մտածումը մեր ժողովրդի ճակատագիրն է, այս պահին յատկապէս Արցախի, քանի դեռ վտանգը նրա գլխին է կախուած մնում, քանի դեռ յաճախակի նոր երիտասարդ կեանքեր ենք զոհաբերում, քանի դեռ ժողովրդից թաքցւում է իր հողի եւ իր ապագայի ճակատագիրը, քանի դեռ Արցախը մայր հողին չի վերադարձուած եւ ամբողջովին ազատագրուած եւ քանի այդ պայքարի համար ոտքի ելած արցախցու բռունցը դեռ ամբողջովին չէ բացուած: