Կորսուած հայրենիքի ու նրա գեղեցկութեան
խորհրդանիշը՝ մօր կերպարով
Մարիա Մարկոսեան — Տամատեան
«Վերջերս գիտակցութիւնս լցուել էր հայկական ծիրանների բոյրով: Արուեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բոյրը այնքան յստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հաւաքելու…»։
Փաստեր եւ տեղեկութիւններ
Ծնուել է 1904 թուականի Ապրիլի 15ին, արեւմտեան Հայաստանում՝ Վան, Խորգոմ գիւղ։ Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրում, ինչպէս նաեւ Վանի դպրոցներում։
Իրական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյեան։ Արշիլ Գորկի՝ նկարչի կեղծանունն է:
Մինչեւ 6 տարեկան հասակը Ոստանիկը չի խօսել. մի օր նրա մայրը կանգնել է անդունդի եզրին եւ ասել՝ եթէ չխօսես, ցած կը նետուեմ։ Դեռ քայլ չարած՝ նա բղաւել է. «Մայրի՜կ, մի նետուիր» ու սկսել խօսել։
1915ին գաղթել է Էջմիածին, ապա տեղափոխուել Երեւան, մօր՝ Շուշանիկ Տէր-Մարտիրոսեանի եւ երեք քոյրերի հետ։
Սովորել է Երեւանի թեմական դպրոցում՝ ուսումնասիրելով նկարչութիւն եւ փորագրութիւն փայտի վրայ։
1919ին Ոստանիկ Ադոյեանը իր մօր՝ Շուշանիկի մահից յետոյ, փոքր քրոջ հետ տեղափոխուել է Թիֆլիս, յաջորդաբար՝ Բաթում, իսկ 1920ին մեկնել է Ա.Մ.Ն., ուր նախապէս հաստատուել էին իր մեծ քոյրերը։
Ուսանել է Բոստօնի նկարչական դպրոցում։ 1924ին տեղափոխուել է Նիւ Եօրք եւ կրթութիւնը շարունակել է տեղի Ազգային ակադեմիայում, ապա Արուեստի կենտրոնական դպրոցում, որտեղ 5 տարի գծանկար եւ գեղանկար է դասաւանդել։
1924 թուականին Ոստանիկ Ադոյեանը անուանափոխուեց. Արշիլ Գորկի կեղծանուամբ է շարունակել իր ստեղծագործական կեանքը։ — Ամուսնացել է երկու անգամ. 1935ին Մարնի Ջորջի հետ, սակայն մէկ տարի անց ամուսնալուծուել է։ Երկրորդ ամուսնութիւն՝ 1941ին Ագնէս Մակգրոդերի հետ։
1933 պատուէրով ստեղծել է Նիւ Եօրքի օդանաւակայանի որմնանկարը՝ նկարիչների օգնութեան կառավարական ծրագրի (PWAP) շրջանակներում։
1938 թուականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս կտաւ։
1939ին Նիւ Եօրքի համաշխարհային գեղազարդային աշխատանքների ցուցահանդէսին է մասնակցել։
1941ին երկու նկար է նուիրել կարմիր բանակին օգնելու նպատակով՝ Նիւ Եօրքում կազմակերպուած վաճառք-ցուցահանդէսի ժամանակ։ «Կեանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծւում է տխրութիւնից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրութիւն, տանջանք եւ հասունութիւն։ Տանջանքները հիւանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակութիւնս, նոյնիսկ ընկերներիս եւ հարազատներիս շրջապատում…»։ Արշիլ Գորկի
1946 թուականին այրուել է յայտնի ամերիկահայ արուեստագէտի արուեստանոցը. 36 նկար եւ գրադարանը մոխիր են դարձել, երբ նա պատրաստւում էր Ջուլիան Լեւի պատկերասրահում բացուելիք ցուցահանդէսին։
1946՝ նոյն թուականին քաղցկեղի վիրահատութեան է ենթարկուել։
1948 թուականին աւտովթարից վնասուել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ եւ մեծ դժուարութեամբ նկարել է ձախով։
«Մնաք բարով սիրելիներս» գրելով կը տաւակալի վրայ, 1948ին, 44 տարեկանում Արշիլ Գորկին ինքնասպան է լինում՝ վերջի տարիների դժուարութիւնների եւ ամերիկահայութեան ուշադրութիւնից դուրս մնալու կսկիծից, ցաւից՝ աշխարհին թողնելով թանկարժէք կտաւների ժառանգութիւն։
Հայոց ցեղասպանութիւն, Վանայ լիճ եւ կորուսեալ հայրենիք՝ Արշիլ Գորկու արուեստում արտայայտուած հիմնական նիւթերն են. ինքնատիպ, իւրայատուկ եւ վառ գոյներ։
Աշխարհի տարբեր ծայրերում գտնուող մի շարք նշանաւոր թանգարաններում ու պատկերասրահներում պահւում են հայազգի նկարչի կտաւները՝ Ա.Մ.Ն., Լոնդոն, Փարիզ եւ այլուր։ 2004 թուականից Երեւանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:
Գորկին իր աշխատանքները նկարել ու վերանկարել է տարիներ շարունակ, պատճառաբանելով, որ իւրաքանչիւր աւարտուած կտաւ անշունչ է լինում։
Գորկու ամենայայտնի եւ սիրուած նկարն է «Ես եւ իմ մայրը» ստեղծագործութիւնը՝ երկու տարբերակով, ինչն էլ աւելի է մեծացնում հետաքրքրութիւնը այդ կտաւի հանդէպ: Ոգեշնչուել է 1912ին Վանում արուած մի նկարից։
Առաջին տարբերակը՝ թուագրուած 1926-1936թթ., գտնւում է Նիւ Եօրքի Ուիտնի թանգարանում, իսկ երկրորդը՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում է, թուագրուած՝ 1926-1942թթ.։
Կտաւի առաջին տարբերակում մայրն աւելի երիտաարդ է եւ փոքրիկ Ոստանիկի ոտքերն իրար շատ մօտ են, իսկ երկրորդում՝ մայրը պատկերուած է աւելի ծեր եւ տղայի ոտքերը՝ ուղիղ:
Նկարում արտայայտուած է Գորկու ծանր յիշողութիւնները, ապրումներն ու ցաւը։ Խուսափել է պատկերելու մօր ձեռքերը (նման են խմորագնդերի): Նա այս կտաւով աշխարհին է ներկայացնում կորսուած հայրենիքի ու նրա գեղեցկութան խորհրդանիշը՝ իր մօր կերպարով։
Մեծարժէք կտաւներով եւ ստեղծագործական տաղանդով, նկարչութէան մէջ գերիրապաշտական հոսանքի սկզբնաւորողը եղել է Արշիլ Գորկին եւ արժանացել համաշխարհային հռչակի։
Գորկին հոգեւոր արմատներով, մանկութեան յիշատակներով կապուած հայրենիքի ու հայ ժողովրդի հետ՝ աշխարհին ներկայացրել է հայ մշակոյթը, արուեստը։ Նա հայ ժողովրդի սիրուած զաւակն է՝ մեծ հայ։ «Հայաստանը ջերմութիւն եւ կենսականութիւն, ուժ, մի իւրայատուկ երջանկութիւն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չյաղթուած»։ Արշիլ Գորկի
Օգտագործուած աղբիւր՝
www.yelaket.am