ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ի՞նչ Կարող Է Փոխուել
Մէկ Տարուայ Ընթացքում…
Անցեալ տարի «Վերածնունդ» հիմնադրամը Դիարբեքիրի (Տիգրանակերտ), Ուրֆայի, Դերսիմի, Վանի եւ Համշէնի ծպտեալ, իսլամացուած հայերի համար զբօսայցեր էր կազմակերպել դէպի Հայաստան, որպէսզի օգնի նրանց վերագտնելու իրենց արմատները, լեզուն, մշակոյթն ու պատմութիւնը:
Թւում է՝ տասնամեակներ են անցել, մինչդեռ անցեալ տարուան Ապրիլին էր, երբ Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման համար դաշնամուրի համերգ տեղի ունեցաւ Դիարբեքիրի վերջերս վերակառուցուած Ս. Կիրակոս եկեղեցում: Համերգն ունկնդրեցին հազար հոգուց աւելի ծպտեալ հայեր:
Դիարբեքիրի ծպտեալ հայերի ամենամսեայ նախաճաշերը Ս. Կիրակոս եկեղեցում այլեւս հեռաւոր յիշողութիւն են դարձել: Իսկ հայոց լեզուի դասերը, որոնց խանդավառութեամբ մասնակցում էին Դիարբեքիրի եւ Դերսիմի իսլամացուած հայերը, վաղուց դադարեցուել են:
Հանդիսանալով դէպի Հայաստան շրջայցերի կազմակերպիչ՝ ինձ համար ուրախալի էր ստանալ էլեկտրոնային նամակներ այդ ծպտեալ հայերից, որոնք այլեւս դադարել են թաքցնել իրենց ինքնութիւնը:
«Նախքան Հայաստան գնալս ես քուրդ էի, վերադարձայ որպէս հայ»,- կարդում ենք այդ նամակներից մէկում: «Տարիներ շարունակ ես պայքարում էի քրդերի իրաւունքների համար, մինչեւ որ հայրս մահուան մահճում ասաց, որ հայ եմ: Հիմա ուզում եմ կռուել Արցախում (Լեռնային Ղարաբաղում-Լ.Ղ.Հ.)»,- կարդում ենք միւսում: Կրկնակի ուրախալի էր տեսնել, թէ ինչպէս դիարբեքիրցի երիտասարդները, որոնք համալսարան էին յաճախում Երեւանում, զբօսաշրջիկերի համար զբօսավար էին հանդիսանում: Հաճելիօրէն զարմանալի էր, որ վերջին զբօսայցն աւարտուեց համշէնցի եւ դիարբեքիրցի ծպտեալ հայերի միջեւ կնքուած ամուսնութեամբ, որոնք մինչեւ անցեալ տարի միմեանց գոյութեան մասին անգամ չգիտէին:
Մեծ թուով ծպտեալ հայեր Թուրքիայում սկսել էին միմեանց հետ շփուել, կապեր հաստատել Հայաստանի եւ Սփիւռքի հայերի հետ:
Իսկ հիմա՞:
Անցեալ տարին դժոխք էր Թուրքիայի ծպտեալ հայերի համար: Քուրդ գերիլաների (մարտիկներ) եւ թուրքական բանակի միջեւ մղուող քաղաքացիական պատերազմն աւարտուեց Թուրքիայի հարաւ-արեւելեան եւ արեւելեան շրջանների մասսայական աւերածութիւններով: Թուրքական բանակի եւ ոստիկանութեան սպաները պայթեցրել կամ կրակի էին մատնել տարածաշրջանի շինութիւնների մեծ մասը: Այնուհետեւ ամբողջովին քանդել էին այդ վնասուած շինութիւնները՝ ստեղծելով քաղաքային շրջաններում ընդարձակ տարածքներ, որտեղ կանգուն էին մնացել լոկ մի քանի մզկիթ, ոստիկանական բաժանմունք կամ էլ քաղաքապետարանի շէնքը:
Ամբողջական թաղամասեր են անհետացել՝ վերածուելով քարակոյտերի: Ս. Կիրակոս եկեղեցին յարաբերականօրէն անվնաս է մնացել. ջարդուել են միայն պատուհաններն, ու դրսի պատերից մէկի վրայ մեծ անցք է բացուել: Սակայն թուրքական անվտանգութեան ուժերը եկեղեցին օգտագործել են որպէս ռազմաբազա, պղծել այն, որպէս վառելափայտ՝ այրել եկեղեցու որոշ նստարաններ, ամէնուրեք թողնելով աղբ ու մէզի գարշահոտ: Եկեղեցուն կից յուշանուէրների խանութն աւերել են:
Եկեղեցու յարակից մի քանի խանութն ու տունը, որոնք ի սկզբանէ պատկանել էին եկեղեցուն, եւ որոնց սեփականութեան իրաւունքը երկարատեւ բանակցութիւններից յետոյ միայն վերջերս էին վերադարձրել եկեղեցուն, բազմաթիւ պատմական նեղ փողոցների ու շէնքերի հետ միասին քանդուել են կառավարութեան նախաձեռնութեամբ:
Ներկայում եկեղեցին ընդարձակ բաց տարածութեան մէջտեղում է, սակայն ամենավատն այն է, որ 2016թ. Մարտին Թուրքիայի կառավարութիւնը օրէնք ընդունեց, համաձայն որի՝ բռնագրաւեց եկեղեցին եւ եկեղեցուն պատկանող ողջ ունեցուածքը: Եկեղեցին այժմ փակ է հանրութեան համար: Հայկական եկեղեցու հիմնադրամը դիմել է թուրքական դատարան եւ անբաւարար դատավճռի դէպքում նպատակ ունի դիմելու Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատարան: Տարածաշրջանում աւելի քան մէկ միլիոն մարդ է տեղահանուել՝ ստիպուած լինելով ապաստանել աւելի ապահով վայրերում: Հազարաւոր մարդիկ սպաննուել կամ վիրաւորուել են, այդ թւում՝ երեխաներ եւ ծէրեր: Կառավարական ուժերի կողմից ռմբակոծութեան ժամանակ ոմանք ողջակիզուել են բազմաբնակարան շէնքերի նկուղներում: Հազարաւոր մարդիկ՝ յատկապէս մտաւորականներ, ուսուցիչներ, իրաւաբաններ եւ լրագրողներ, աշխատանքից ազատուել, ձերբակալուել եւ բանտարկուել են «քրդական ահաբեկչական կազմակերպութիւններին աջակցելու» հիմնաւորմամբ:
Տարածաշրջանի բազմաթիւ քաղաքների ու աւանների քուրդ քաղաքապետերին, որոնք ընտրուել էին ժողովրդավարական ճանապարհով, հեռացրել են պաշտօններից, ձերբակալել եւ բանտարկել: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան առաջնորդներին, ինչպէս նաեւ մի քանի պատգամաւորների եւս ձերբակալել եւ բանտարկել են:
Յուլիսին նախագահ Էրդողանի դէմ ձախողուած յեղաշրջման փորձից յետոյ բռնատիրական ուժերն ու Թուրքիայում յայտարարուած արտակարգ դրութիւնը լռեցրել են բոլոր ընդդիմադիրներին՝ Զ.Լ.Մ.ներին, մտաւորականներին ու փորձագէտներին: Իրավիճակը Թուրքիայում մտահոգիչ է եւ գնալով վատանում է յատկապէս Թուրքիայի հարաւ-արեւելեան շրջաններում, ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Իրաքի եւ Սիրիայի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողութիւնների հետեւանքով: Թէեւ Թուրքիան խոստացել է պայքարել «Իսլամական Պետութեան» (Ի.Պ.) դէմ, սակայն թւում է՝ Թուրքիայի պայքարը հիմնականում ուղղուած է Թուրքիայում, Իրաքում եւ Սիրիայում քրդական ուժերի դէմ: Թուրքական բանակը եւ ոստիկանական ուժերը ծաղրում են քուրդ պարտիզաններին (մարտականներին)՝ նրանց «հայի ծնունդ» կոչելով:
Մեր ծպտեալ, իսլամացուած հայերն արժանացել են նոյն ճակատագրին (միգուցէ եւ աւելի վատ), ինչպէս եւ տարածաշրջանի ողջ բնակչութիւնը: Նրանք խտրականութեան են ենթարկւում, անկախ նրանից՝ որտեղ են գնում: Քրդերին խտրականութեան են ենթարկում «իրական» քուրդ չլինելու համար: Թուրքերը նրանց նոյնիսկ աւելի շատ են խտրականութեան ենթարկում եւ հետապնդում, քանի որ նրանց ուղեղները լուացել եւ լցրել են հայերի դէմ ատելութեամբ եւ վախով, թէ իբր նրանք են Ցեղասպանութեան մեղաւորները: Եթէ ծպտեալ, իսլամացուած հայերն ընտրում են Պոլիս գնալու ճանապարհը, ապա խտրականութեան են ենթարկւում այնտեղի հայերի կողմից: Մինչեւ որ նրանք չեն բաւարարում Պոլսոյ Հայոց պատրիարքարանի անհիմն ու խիստ պահանջները եւ մկրտւում որպէս քրիստոնեաներ, հայ համայնքը նրանց չի ընդունում:
Բնականաբար, «Վերածնունդ» նախագիծի ջանքերը՝ ուղղուած օգնելու ծպտեալ, իսլամացուած հայերին, վերագտնելու իրենց հայկական արմատները, մշակոյթն ու սովորելու լեզուն՝ կազմակերպելով Դերսիմում եւ Դիարբեքիրում հայոց լեզուի դասընթացներ, ինչպէս նաեւ՝ դէպի Հայաստան զբօսայցերը դադարեցուել են:
Փոխարէնը, ներկայում ջանքերն ուղղուած են օգնելու թաքնուած հայերին տեղափոխուելու պատերազմական գօտուց հեռու, ապահով վայրեր, ձերբակալուած, կալանաւորուած կամ անարդար աշխատանքից ազատուածներին ապահովել փաստաբաններով:
Այս տարի զգալի յետընթաց է տեղի ունեցել՝ ուղղորդուած մարդկային տառապանքներով եւ նիւթական կորուստներով: Ներկայում մեր վերահսկողութիւնից դուրս է գտնւում Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին, որը երկարատեւ ջանքերից յետոյ գեղեցիկ կերպով վերանորոգուել էր, օծուել եւ իր դռները բացել հաւատացեալների առաջ: Բայց պէտք է յիշել,որ եկեղեցին արդէն իսկ ծառայել է իր նպատակին՝ ապահովելով ծպտեալ, իսլամացուած հայերի զարթօնքը: Որպէս ձգողութեան կենտրոն՝ այս եկեղեցին համախմբել է ծպտեալ հայերին՝ վերապրածների թոռներին, եւ Հայոց Ցեղասպանութեան որբերին, ովքեր շարունակում են գոյատեւել եւ ապրել մեր պապենական հողերում թէկուզ եւ՝ ծանր պայմաններում: