Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ ուղերձով դիմած է հայ ժողովուրդին.
«Մեր ժողովուրդը կրկին անգամ ցոյց տուեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբուելու եւ ազգանըպաստ որոշումներ կայացնելու:
Հանրապետութիւնում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու նպատակով երէկուայ (Չորեքշաբթի՝ 2 Մայիսին) ընթացքում տարբեր մակարդակներով յագեցած քննարկումներից յետոյ ներգրաւուած քաղաքական ուժերը հանդէս եկան յայտարարութիւններով, որով տրամաբանական աւարտին են հասցւում երկրում ծաւալուած ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցութեամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան, «Բարգաւաճ Հայաստան»ի, «Ելք» դաշինքի եւ Հ.Յ.Դ. պատասխանատու կեցուածքը, որը բխում է Հայաստանի եւ մեր ժողովրդի գերակայ շահերից եւ դուռ բացում ազգային համերաշխութեան:
Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձութիւնների միջով եւ վստահ եմ, որ Մայիսի 8ին կ՛ամրագրուեն յանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մէջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչեւ մեր ժողովրդի բոլոր հատուածները Հայաստանում, Արցախում թէ Սփիւռքում: Այն կը բարձրացնի մեր հեղինակութիւնը եւ վարկն աշխարհում:
Այս ամէնի մէջ ուզում եմ յատկապէս բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդութեան ներգրաւուածութիւնը եւ վճռորոշ դերը: Երիտասարդութիւն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացութեամբ եւ հանդուրժողականութեամբ այս բախտորոշ օրերին ամէնուր սփռում էր լոյս, համերաշխութիւն, սէր եւ հաւատ:
Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականութեամբ եւ համերաշխութեամբ: Հաւատացած եմ եւ տեսնում եմ, որ արդէն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դէպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զաւակներին, իր մէջ կուտակելու եւ իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներէցութիւնը եւ եռանդը»:
«Արդէն սկսել ենք կերտել նոր Հայաստան».- Արմէն Սարգսեան
«Արդէն սկսել ենք կերտել նոր Հայաստան».- Արմէն Սարգսեան