«Հայաստանի յունարէն վիմագրութիւնները եւ 18-21րդ դարի
10-ական թուականների յունական համայնքը»
Վերջերս լոյս տեսած է ճանչցուած հայագէտ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հ.Հ. Գիտութիւնների ակադեմիոյ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինսթիթութի գիտաշխատող, Գրական փաստագրութեան միջազգային ակադեմիոյ անդամ Արգամ Այվազեանի նոր աշխատութիւնը՝ «Հայաստանի յունարէն վիմագրութիւնները եւ 18-21րդ դարի 10-ական թուականների յունական համայնքը»։
Գիրքը ունի 584 էջ ծաւալ, աւելի քան 850 փաստավաւերագրական լուսանկարներ, որոնցմէ 220-ը տպագրուած է գունաւոր։ Հեղինակը հայագիտութեան մէջ յայտնի է 300-է աւելի գիտական յօդուածներով եւ առանձին գիրքերով հրատարակուած 50-է աւելի աշխատութիւններով։ Ընթերցողի ուշադրութեան ներկայացուող հատորը առանձին գիրքերով հրատարակուած հեղինակի 56-րդ գիրքն է։
Աշխատութիւնը, ինչպէս կը յուշէ վերնագիրը, ինքնին հետաքրքրութիւն կը յառաջացնէ ոչ միայն Հայաստանի, այլեւ նախ եւ առաջ Յունաստանի եւ մասնաւորապէս յունական համայնքներու պատմութեան ուսումնասիրութեան համար։ Մանաւանդ, որ գիրքը այս նիւթով Հայաստանի մէջ հրատարակուած առաջին աշխատութիւնն է։
Նշենք, որ փրոֆ. Արգամ Այվազեան ծանօթ անուն մըն է յունահայութեան համար, քանի որ ան բազմիցս հանդէս եկած է Յունաստանի հայահոծ քաղաքներուն մէջ եւ մանրամասն ներկայացուցած է Նախիջեւանի պատմական եւ մշակութային գանձերը, որոնք գրաւուած եւ փճացած են Ատրպէյճանի կողմէ։
Ստորեւ կը ներկայացնենք Արգամ Այվազեանի նոր գիրքին հրատարակութեան առիթով հեղինակի տուած հարցազրոյցը։
Հարցազրոյցը վարեց՝ Գարիկ Աւետիսեան
Պրն. Այվազեան, խնդրում ենք ներկայացնել այս հատորի լոյս ընծայման հանգամանքները։
Տարիներ առաջ՝ հայ-յունական առնչութիւնների եւ մասնաւորապէս Հայաստանում յայտնաբերուած յունարէն վիմագրերի վերաբերեալ,1996 թ.Աթէնքում, ապա Սալոնիկում՝ վիմագրերի լուսապատճէնների ցուցադրութեամբ, յատուկ դասախօսութեամբ էի հանդէս եկել։ Այդ դասախօսութեամբ՝ համառօտակի անդրադարձել էի նաեւ 18-20-րդ դարերում Հայաստանի Հանրապետութիւնում բնակուող յունական համայնքի պատմութեան, ազգամշակութային եւ այլ խնդիրներին։ Այդ դասախօսութեան ձեռագիրս երկար տարիներ մնաց իմ արխիւային նիւթերում։ Եւ միայն 2017 թ.այն տպագրութեան յանձնեցի Աթէնքի «Ազատ օր» օրաթերթին, որն էլ հրապարակուեց թերթի 2017 թ.Սեպտեմբերի 19-ի համարում։ Այն այնուհետեւ տեղ գտաւ 2019 թ.հրատարակուած իմ «Մեզ պէտք են մտքի զօրավարներ»-ի 3-րդ հատորում։
Եւ այսպէս՝ վերանայելով դեռեւս 1996թ.իմ դասախօսութիւնը, այն համալրեցի նոր նիւթերով, եւ առանձին գիտական աշխատութիւններում, տարատեսակ գիտական ու գիտահանրամատչելի, լրագրողական յօդուածներում ու հարցազրոյցներում սփռուած աղբիւրագիտական եւ յուշագրական նիւթերի մէկտեղումով, եւ կատարուած պատմա-բանասիրական հետազօտութիւններով արագօրէն ծնուեց այս հատորը, որի ծաւալի մասին նախապէս գաղափար իսկ չունէի։ Աւելին, այն գիտահանրամատչելի շարադրանքով երեք ամսում, տպագրութեան պատրաստուեց պատմական Հայաստանի բնակավայրերում եւ յուշարձանների վրայ առկայ յունական վիմագրերի, պատմութեան քառուղիներում հայ-յունական փոխառնչութիւնների, Հայաստանում 18-21-րդ դ. 10-ական թուականների յունական համայնքի վերաբերեալ հնարաւորինս համառօտուած այս հատորը համալրուած է նաեւ թեմային վերաբերող աւելի քան 850 փաստավաւերագրական լուսանկարներով, որոնցից 220-ը գունաւոր տպագրութեամբ են։
Ի միջի այլոց, թեմային առնչուող հատորի պատկերազարդող նիւթերը, որոնք ունեն անհերքելի փաստագրութիւններ, բացառութեամբ որոշ տպագիր աղբիւրներից կատարուած արտատպութիւնների, տպագիր եղանակով ու մէկտեղուած կարգով հրապարակւում են առաջի անգամ եւ էլ աւելի են լուսաբանում տեքստային մասի ասուած ու չասուած պատմական փաստարկումները։ Այդ տեսակէտից կարեւորւում են ինչպէս Հայաստանում յայտնաբերուած վիմական արձանագրութիւնների, այնպէս էլ նիւթական ժառանգութեան միւս բնագաւառներին վերաբերող հայաստանեան յունական եկեղեցիների ու գերեզմանատների մահարձանների, տարազային մշակոյթի, Հայաստանի հանքարդիւնաբերութեան 18-20-րդ դարերի պատմութեան գործում հայաստանաբնակ յոյն բնակչութեան եւ առանձին գործիչների ունեցած դերի ու գործունէութեանը վերաբերող փաստավաւերագրական լուսանկարներն ու փաստաթղթերը։
Գրքում ինչ տեղ է յատկացուած հայ-յունական բարեկամական յարաբերութիւններին։
Բնականաբար, շատ մեծ տեղ է յատկացուել, եթէ չասեմ, որ ամբողջովին մատնանշւում է հնագոյն այդ երկու ժողովուրդների բարեկամութեանն ու փոխառնչութիւններին։ Մէկ անգամ եւս փաստեմ, որ գիտութիւնը վաղուց ի վեր ապացուցել է, որ այդ հնագոյն ժողովուրդների բարեկամական կապերը գալիս են դարերի խորքից:
Հայաստանի անտիկ շրջանի յուշարձանների պեղումներից յայտնաբերուած նիւթական մշակոյթի իրերի մի մասն ակնյայտօրէն կրում են հելլէնիստական մշակոյթի ազդեցութիւնը: Վաղարշապատի, Գառնիի, Արմաւիրի, Արտաշատի եւ հին Հայաստանի այլ քաղաքներում ու բնակավայրերում (Տիգրանակերտ, Վան, Կարս, Էրզրում), ուր կար բաւականաչափ յոյն բնակչութիւն, վերջին 40-50 տարիների պեղումներից յայտնաբերուած բազմաթիւ կաւէ արձանիկներն ու խեցեղէնը, դրամները եւ այլ հնագիտական նիւթերը կերտուել են հելլէնական մշակոյթի ազդեցութիւններով եւ կրում են հելլէնիզմի ակնյայտ կնիքը: Օրինակ, Տիգրան 2-րդ եւ Արտաւազդ 2-րդ թագաւորների թողարկած դրամների հակառակ երեսներին՝ յունարէն անուանումներով, պատկերուած են նաեւ Հերակլեսի, Աթէնասի, Զեւսի, Նիկէի եւ Տիխէի եւ այլոց դիմապատկերները: Դրամների յունատառ անուայ-նումների մի մասը յայտնի են թագաւորների անուններով ու տիտղոսներով՝ ΒΑΣΙΛΕΩΝ ΑΡΣΑΜΟ[Υ], ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟΝΥ ΤΙΓΡΑΝ, ΒΑΣΙΛΕΩΝ ΑΡΤΑΥΑΖ եւ այլ տարբերակներով, որոնք հատուել են Ծոփքում, Արտաշատում, Տիգրանակերտում։
Խնդրում եմ համառօտակի ներկայացնէք Հայաստանի յունական համայնքը։
Յոյները Հայաստանում զանգուածային բնակութիւն են հաստատել մի քանի փուլերով՝ Ք.ա.2 եւ 1-ին դարերից սկսած այն շարունակուել է մինչեւ Ք.յ.12-13-րդ դարերը։ Այնուհետեւ պատմութիւնից յայտնի է, որ Ք.ա. 1-ին դ. Տիգրան 2-րդ հայոց թագաւորը յունական քաղաքներից Հայաստան է տեղափոխել շուրջ 500 հազար յոյների, որոնց թւում կային նաեւ արհեստի ու արուեստի, գիտութեան մարդիկ:
Այնուհետեւ Արեւելեան Հայաստանի տարածք յոյն բնակչութեան զանգուածային բնակութիւնները կատարուել են 18-րդ դ.երկրորդ կէսից մինչեւ 1920 թթ․, որոնց հիմնական մասը ներգրաւուած էին հանքարդիւնաբերութեան բնագաւառի աշխատանքներում։ Այդ ժամանակ Արեւելեան Հայաստանում վերաբնակուածների թւում էլ գերակշռում էր Տրապիզոնի եւ Կարսի մարզերից տեղափոխուած յոյները, որոնք հիմնականում բնակութիւն հաստատեցին Ալավերդու կիրճում (Ալավերդի, Ախթալայ, Մադան, Շամլուղ, Բենդիք) եւ Լոռուայ բարձրայ-վանդակում (Յաղդան, Կողես), Ախուրեան գետի մերձակայքում (Բայթար, Բայանդուր, Սարի-բաշ(Հայկասար), Ալեքսանդրապոլում (Գիւմրի), Տանձուտում (Բերձենի), Միսխանայում (Հանքաւան) եւ այլուր։
Հայ եւ յոյն պատմիչների երկերում պահպանուած տեղեկութիւնների հիման վրայ վստահօրէն կարելի է ասել, որ յունական մեծաքանակ բնակչութիւն է բնակուել Արմաւիր, Տիգրանակերտ, Նախիջեւան, Վան քաղաքներում եւ Հայաստանի այլ բնակավայրերում: Հազարաւոր յոյներ դարեր շարունակ, մասնաւորապէս վերջին 300 տարում, հայ ժողովրդի հետ շարունակ կրել են նրան վիճակուած դառը ճակատագիրը: Յունական համայնքը Հայաստանում կրկին բազմամարդ է դարձել թրքական բռնատիրութիւնից խուսափած պոնտական յոյների հաշուին, որոնց մի զգալի մասը՝ թէեւ խիստ նուազեցուած թուաքանակով, առ այսօր էլ բնակւում է այժմեան Հայաստանում։
Օսմանեան վայրագ տիրապետութեան ժամանակ՝ երկու ժողովուրդների ներկայացուցիչները, կեանքի էին կոչում դարաւոր բարեկամութիւնը եւ թուրքերի դէմ միասին պայքարելու գաղափարը: Օրինակ, 1645-1669 թթ. Կրետէ կղզու պատերազմի ժամանակ բաղիշեցի Մահտեսի Շահմուրադը Ֆրանսիայի արքունիքում մեծ աշխատանքներ էր ձեռնարկել եւ Լուդիւիկոս 14-րդ թագաւորին ջանում էր համոզել, որպէսզի Թուրքիայի տարածքում բնակուող յոյներին ու հայերին օգնութիւն ցուցաբերի թուրքական լուծը թօթափելու: Իսկ 18-րդ դ. 2-րդ կէսերին յոյն ժողովրդի լուսաւոր դէմքերից Ռեգաս Ֆերէոս Վելեստինլիսը, յոյն ժողովրդի ազատութեան ուղուն նուիրած իր «Ռազմական երգում», որպէս անհրաժեշտ ծրագիր, իրաւացիօրէն գրել է.
«Բուլղարացիներ, ալբանացիներ, հայեր եւ յոյներ, սեւեր ու սպիտակներ, միահամուռ աւիւնով ազատութեան համար սուր կապէք»:
Այս տողերը կարծէք այսօր են գրուել եւ արդիական են՝ Կիպրոսի ու Արցախի, Արեւմտեան Հայաստանի ազատագրման համար: Հայկական Մեծ Եղեռնի ընթացքում՝ 1915 թ., հայերի հետ միասին սրի մատնուեցին նաեւ բազմաքանակ յոյներ: Աբդուլ Համիդի, ապա 1915թ. Եղեռնի եւ 1922թ. Զմիւռնիայի աղէտից յետոյ բազմաթիւ հայ ընտանիքներ՝ շուրջ 100 հազար հայութիւն, ապաստան են գտել Յունաստանում: Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ հայ ընտանիքների հետ զգալի քանակով Հայաստանում ապաստան գտած յոյն ընտանիքները հիմնաւորւում են Գիւմրիում, Արցախում եւ Հայաստանի մի քանի բնակավայրերում։ Մինչ այդ՝ 18-րդ դ. երկրորդ կէսերից յետոյ,1763 թ.յունական Պոնտոսից շուրջ 800 հանքափոր ընտանիքներ արդէն բնակութիւն էին հաստատել հիմականում հանքավայրերի մօտ, հանքագործութեամբ զբաղուող բնակավայրերում՝ Լոռուայ Ախթալայ, Շամլուղ, Ալավերդի, Սիւնիքի Կաւարտ (Բաշքենդ), Կոտայքի Հանքաւան եւ այլ բնակավայրերում եւ աշխատանքի էին անցել տեղի պղնձի հանքերում, որոնք բացուել եւ աշխատում էին 1770-ական թուականներից։ Հայաստաբնակ պոնտական յոյներին, որոնց ինքնանուանումը ռոմեյոս էր, Հայաստանում եւ Վրաստանում սովորաբար անուանել են բերձենի, ուրումներ, ուրում։ Նոյնիսկ որոշ գիւղեր էլ, օրինակ, Իջեւանի Տանձուտ, Կոտայքի այժմեան Հանքաւան գիւղերը, անուանուելել են հէնց Բերձեն։
Հարկ է նկատի ունենալ, որ պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերում յոյների մեծաքանակ ընտանիքներով բնակուելու, այսպէս ասած, երկրորդ ալիքը կարելի է ընդունել Տրապիզոնի թագաւորութեան 15-րդ դ.վերջերի անկման հետ, որի ընթացքում յունական բնակչութիւնն արդէն 16-րդ դ. տարածուեց Ռուսաստանի, Վրաստանի, այդ թւում եւ Հայաստանի մի շարք բնակավայրերում։ Հայաստանի տարածքում բնակուող յունական համայնքներ թուաքանակների երրորդ ալիքը պէտք է դիտել մինչեւ 19-րդ դ.եւ ապա 1915-1920 թթ. տեղաշարժերը։
Հայաստանի Հանրապետութիւնում, ըստ տեղաբաշխուածութեան, 19-րդ դ. սկզբներից յոյները բնակւում են Լոռիի մարզի Ախթալայ, Շամլուղ, Մադան, Բենդիք գիւղերում, Երեւան, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Գիւմրի, Նոյեմբերեան, Արթիկ քաղաքներում, Ստեփանաւանի տարածաշրջանի Յաղդան, Կողես, Հրազդանի Հանքաւան (Միսխանայ) գիւղերում, Ղափանի շրջանի Բաշքենդ գիւղում(նաեւ Շհարջիկում եւ Շիկահողում), որը 1930-ական թուականներից անմարդաբնակ էր, Շիրակի մարզի Բայանդուր, Բայթար, Տաւուշի մարզի Տանձուտ (Բերձեն) եւ այլ բնակավայրերում: Մի քանի ընտանիքներով բնակուել են նաեւ Կապան, Ստեփանակերտ, Ամասիայ, Դիլիջան քաղաքներում, Լոռուայ Օձուն, Սանահին, Մղարթ, Քարինջ, Ծաղկաշատ եւ այլ բնակավայրերում։ Ընդ որում՝ խորհրդային տասնամ-յակներում, զանազան հանգամանքներով յունաբնակ եւ յունահայկական գիւղերի բնակ-չութեան մի մասը՝ տեղափոխուել է վերոնշեալ քաղաքները։ Մօտաւոր հաշւումներով այդ բնակավայրերում՝ մինչեւ 1989-1990 թթ., յոյների թիւը՝ ոչ պաշտօնական տուեալներով, հասնում էր շուրջ 8-8,5 հազարի:
Մինչեւ 1996-2000 թթ.այդ թուաքանակի մեծ մասը՝ շուրջ 80-85 տոկոսը, Հայաստանից՝ յունական կառավարութեան հայրենադարձութեան ծրագրով, հայրենադարձուել է Յունաստան, իսկ մի մասն էլ տեղափոխուել է Ռուսաստան, Ուկրանիայ եւ այլ վայրեր: Այս հանգամանքների հետեւանքով՝ Հայաստանում առկայ յոյների թուաքանակը չափազանց նուազել է, որոնց մեծ մասն էլ տարիք առածներն են կազմում։ 2001թ.վիճակագրական տուեալներով Հայաստանում մնացած յոյների թուաքանակը կազմել է 1176 մարդ, որից 853-ը քաղաքաբնակներ են եւ 323-ը՝ գիւղաբնակներ։
Յոյների մի փոքր թուաքանակ էլ՝ մօտ 300 հոգի, 19-րդ դ. սկզբներից բնակւում էր Արցախի Մեհմանայ գիւղում, որոնց մեծ մասը եւս հայրենադարձուել է Յունաստան: Մեհմանայից մնացած որոշ յոյն եւ խառն ամուսնութիւններով ընտանիքներ բնակւում են Ստեփանակերտում, Մարտակերտում եւ հարեւան գիւղերում։
Հարկ է նկատի ունենալ, որ հայաստաբնակ յունական համայնքի վերաբերեալ գիտայ-տեղեկատուական ուսումնասիրութիւններ գրեթէ չեն իրականացուել։ Եթէ Վրաստանի, նախկին Խ.Ս.Հ.Մ. տարածքի յոյների վերաբերեալ առկայ է որոշակի ուսումնասիրութիւններ, ապա այդ բանը չենք կարող ասել հայաստանաբնակ յոյների պարագայում։ Այնպէս որ այդ բնագաւառում անելիքները դեռեւս շատ ու շատ են։ Հայաստանում այդ ոողղութեամբ կատարուած աշխատանքներից, ցաւօք, միայն յիշատակելի է հայաստանաբնակ(այժմ՝ արտագաղթած) Է.Խարացիդիսը աշխատանքը՝ «Хозяйственыйбыт и материаль-ная культура греческого населения Восточой рмении во второй половине 19-начле 20 веков», որը որպէս թեկնածուական ատենախօսութիւն Հ.Հ. Գ.Ա.Ա. Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում պաշտպանուել է 1990թ., որտեղ էլ գտնւում է ձեռագիրը։ Մէկ այլ յօդուածով(«Հայկական պարերի համանուն պոնտական զոգահեռները», ՊԲՀ, թիւ 2, 2008, էջ 131-140) Ն.Կիլիչեանն է անդրադարձել հայ-յունական պարարուեստի զուգահեռներին։ Գուց մէկ-երկու նմանատիպ այլ յօդուածներ եւս։
Հայաստանի յունաբնակ գիւղերին ու յոյն բնակչութեանը 1990-2020 թուականներին զգալի օգնութիւններ է իրականացրել Յունաստանի կառավարութիւնը, որն իրականացուել է Հայաստանի Յունական դեսպանատան միջոցով։ Երեւանում եւ մարզերում 1990-ական թուականներից կազմակերպուել եւ գործում են 10-ից աւելի յունական հասարակական կազմակերպութիւններ, որոնց կատարած մի շարք ձեռնարկները եւս ներկայացուած ու լուսաբանուած են գրքում։
Հետաքրքիր է իմանալ թէ Հայաստանում ինչ է պահպանուել յունական համայնքի ստեղծած նիւթական ժառանգութիւնից։
Հայաստանի յունական համայնքի բնակավայրերում պահպանուել են նաեւ նրանց կողմից կառուցուած նիւթական ժառանգութեան յուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, ազգային մշակոյթի յատկանիշներով տապանաքարեր, ժողովրդական ճարտարապետտութեանը բնորոշ բնակելի տներ եւ այլ արժէքներ։ Ցաւօք, դրանց մի մասը, օրինակ Կաւարտի, Մադանի եկեղեցիները, այժմ գտնւում են վթարային ու անմխիթար վիճակներում։ Կան նաեւ պատշաճօրէն նորոգուած, օրինակ, Հանքաւանի սուրբ Գէորգի, Մադանի Ս.Կոստանդինոս եւ Յաղդանի եկեղեցիները, գտնւում են բաւականի բարուոք վիճակներում։ Ժամայ-նակագրական առումով վերջիններս կառուցուել են հիմնականում 18-րդ դարի 80-90-ական թուականներից սկսած ընդհուպ մինչեւ 1920-ական թուականները։
Հայաստանի յունաբնակ բնակավայրերում առկայ նիւթական ժառանգութեան յուշար-աններից յիշարժան են նաեւ յունական գերեզմանատներում գտնուող 19-րդ դ.վերջերի եւ 20-րդ դ. սկզբների տարատեսակ՝ հիմնականում 5 տիպի, տապանաքարերը, որոնց մի մասը հայկական քառանկիւն, սալաքար (հարթ) տապանաքարերի նման են, իսկ մի մասն էլ՝ 1-2,5 մետր բարձրութիւններով քառակող, որոշակի քանդակներով ու վերնամասային ձեւաւորումներով մահարձաններ են։ Վերջիններիս մի մասն ունեն նաեւ 2-4 աստիճաններով հիմնախարիսխներ, կազմուած են 3-5 մասերից, պսակուած տարբեր չափերի խաչաքան-դակներով եւ չորս կողմերից մշակուած ու յարդարուած են։ Այսպիսի մահարձանները (մասնաւորապէս Լոռու, Սիւնիքի) հայկական տաանաքարային արուեստի հետ եւս զուգա-հեռներ ունեն, հանգուցեալի վերաբերեայ գլխաւոր՝ արեւմտեան ճակատների, յիշատակագ-րերից բացի ունեն նաեւ բուսական ու երկրաչափական զանազն, ինչպէսեւ մարդկային դիմաքանդակներ, եզրանիստերի մշակման տարատեսակ յարդարանքներ։
Յունաբնակ բնակավայրերի գերեզմանատներում առկայ տապանաքարային յիշայ-տակագրերի մի մասը քանդակուած են յունարէն, իսկ մի մասը՝ յունարէն-ռուսերէն (երկլեզուեայ), միայն ռուսերէն կամ էլ հայերէն լեզուներով։
Լիայոյս եմ, որ թէ՛ հայ եւ թէ՛ յոյն ընթերցողին յանձնուող այս հատորը ինչ որ չափով կը նպաստի այդ բնագաւառներին վերաբերող հարցերի էլ աւելի տեղեկացուած լինելուն։ Այն՝ որպէս տուեալ թեմաների էլ աւելի խորութեամբ ու համապարփակ ուսումնասիրման առաջին փորձը լինելով, բնականաբար, դեռեւս լիակատար ամբողջականութիւն չունի եւ ամենեւին էլ յաւակնութիւն չունի անթերի դիտուելու։
Այնպէս որ՝ անհրաժեշտութիւն է, որպէսզի հայ եւ յոյն մշակոյթի ու գիտութեան գործիչ-ները, ըստ ամենայնի ու հնարաւորինս աջակցեն թէ՛ հայ-յունական բարեկամական ու պետական կապերի էլ աւելի սերտացման այս կամ այն ծրագրերի իրագործմանը, եւ թէ՛ խորապէս ուսումնասիրեն այդ բնագաւառները։ Աւելին, հարկ է որպէսզի նորովի կարեւորուի ու հանրայնացուեն հայ-յունական դարաւոր մշակութային ու բարեկամական յարաբերութիւնները եւ ամրապնդուեն երկու բարեկամ ժողովուրդների պետական եւ բարիդրայ-ցիական դարաւոր կապերը։
Ընթերցողին յանձնելով աշխարհով մէկ սփռուած ու մոլեգնող համավարակի սահմանափակումների պայմաններում սիրով ու անձանձիր եռանդով իրականացուած այս հատորը, ընթերցողին պարզապէս մաղթում եմ՝ բարին ընդ Ձեզ…
Սիրէք ու պահպանէք մեր ներկան ու ապագան իմաստաւորող անցեալ դարերի մեր պատմական ու ազգային յիշողութիւնները…