ՇԱՀԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Այվազովսկին ծնուել է 1817ի Յուլիս 17ին։ Թէոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատեանում գրանցուել է.- «Գէորգ Այվազեանի որդի Յովհաննէս»։ Հայկական շրջանակում ծովանկարիչը միշտ այդ անունով է նշուել։
Նկարիչի նախնիները 17րդ դարում Արեւմտեան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարաւային Լեհաստան՝ Գալիցիա, որը եղել է Եւրոպայում առաջին հայկական գաղութը։ 19րդ դարի սկզբին նկարիչի վաճառական հայրը — վեց լեզուների տիրապետող եւ քրիստոնէական կեանքին ծառայող — տեղափոխուել է Ղրիմ՝ Թէոդոսիա, ամուսնացել նուրբ ձեռագործուհի Հռիփսիմէի հետ, ունեցել երկու դուստր եւ երեք որդի։ Մոսկուայում յայտնի արուեստաբան Գալինա Չուրակը ճիշդ է ներկայացրել, որ Գէորգ Այվազեանը ծնուել է Գալիցիայում եւ Ռուսաստան գալով իր անունն ու ազգանունը դարձրել է Կոնստանդին Հայվազովսկի (Կայվազովսկի)։
1812ին տարածուած համաճարակի պատճառով՝ ընտանիքը սնանկանում, ծանր վիճակ է ապրում։ Նոյն թուին ծնուած եւ Ալեքսանդր անուանուած որդին, պատանի հասակում ուղարկւում է Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն եւ որպէս կրօնական՝ անուանւում Գաբրիէլ։ Իսկ Յովհաննէսը, երբ պատանի էր, յաճախում է հայկական դպրոց, աշխատում յունական սրճարանում, օգնում մօրը, ինչպէս նաեւ սովորում է երաժշտութիւն, ջութակ է նուագում եւ իր նկարչական տաղանդը շփում պատերին։ Ճարտարապետ Կոխի առաջարկով քաղաքապետ Կազնաչենը տեսնում, հաւանում է նրա նկարները։ Նշանակուելով Ղրիմի նահանգապետ՝ նա արտակարգ բարեսրտութեամբ Յովհաննէսին իր ընտանիքի հետ տանում է Սիմֆերոպոլ։ 1833ին նամակ է գրում Պետերբուրգի ակադեմիային՝ բարեխօսելով հայորդիի տաղանդին մասին։ Այվազովսկին ընդունւում է ակադեմիա եւ աւարտում փայլուն արդիւնքով։ 1840ին նրան ուղարկում են Իտալիա՝ ուսումը կատարելագործելու նպատակով։
Եղբայրներ Գաբրիէլն ու Յովհաննէսը ողջագուրւում են Վենետիկի կղզիում՝ Սուրբ Ղազար հայկական վանքում։ Յիշեցնենք, որ վանքը հիմնուել է 18րդ դարում եւ Իտալացիները զայն կոչում են «Փոքրիկ Հայաստան»։ Գաբրիէլը եղբօրը ծանօթացնում է միջնադարեան մատեաններին, հինաւուրց նկարներին եւ նրան պատմում է կրօնական անմոռաց դէպքերի մասին։
1841ին 24ամեայ նկարիչը ստեղծում է «Քաոս. աշխարհի արարումը» հիասքանչ պատկերը, որ գնահատուելով մուտք է գործում Վատիկան։ Այնուհետեւ՝ Այվազովսկու ցուցահանդէսներ են կազմակերպւում Հռոմ, Նապոլի, Վենետիկ, Փարիզ, Ամստերդամ։ Ժամանակի մեծերը, ինչպէս Delacroixն եւ ուրիշներ, մեծարում են ոսկէ շքանշանների արժանացած ծովի երգիչը, որ դառնում է չորս ակադեմիաների անդամ եւ փարում՝ եւրոպական նորածնունդ ռոմանտիկական արուեստին։
Ժամանակից շուտ՝ 1844ին, Այվազովսկին վերադառնում է Պետերբուրգ, ուր նաեւ ընտրւում է ակադեմիայի անդամ եւ ցարի հրամանով նշանակւում է ծովային գլխաւոր շտաբի նկարիչ։ Նա սիրով կապւում է ռուս արուեստագէտներին, յայտնի գրողներին։ Ուշագրաւ է, որ 1845ին Թէոդոսիա հասնելուց առաջ նա Էջմիածնի կաթողիկոս Ներսէս Աշտարակեցուն նամակ գրելով նշում է.- «Ես ծառայելու եմ մեր ժողովրդին եւ մեր մշակոյթին»։ Ի դէպ նա ընտրուել է «Հայկական միացեալ միութիւնների» նախագահութեան անդամ։
«Ծովը իմ կեանքն է»,- շեշտում է Այվազովսկին։ Նրա ինքնատիպ նկարները առանձնանում են այլ հեղինակների պատկերներից եւ իր բոլոր գործերում ճառագայթում է գոյնի ու լոյսի իր տեսողութիւնը։ Այդ վարդապետութիւնը ծովանկարիչի ամբողջ կեանքում ծառայել է նրա յոյզերի դրսեւորումին։ Ծովապատկերների ինքնատիպ կառուցուածքը, զգացումային հնչողութիւնը հաստատուել է ինքնածնունդ մտայղացման բարձր մակարդակով։
Այվազովսկու նկարների կէսից աւելին փոթորկայոյզ տեսարաններ են։ «Մարդը չի յանձնուի, մարդը կը յաղթի…»։ Նրա ռոմանտիկայի հէնքը մարդու խորը հաւատքն է՝ բնութեան ու կեանքի նկատմամբ։ Այդ գաղափարի հռչակաւոր դրսեւորումն է «Իններորդ ալիքը»։ Հանրայայտ այդ նկարին հիմք է ծառայել ափրիկեան ջրերում խորտակուած արաբական նաւը, որի միջոցով նաւաստիներից ոմանք կարողացել են մի քանի օր դիմանալ, ապա ողջունել են թուխ ամպերը ակօսած, փրկութեան յոյս պարգեւող արեւը…։ Այդ առիթով Այվազովսկին գրել է.- «Իմ գործերից լաւագոյնները նրանք են, որոնք առանձնանում են լոյսի ուժով…»։
Եղբայրը՝ Գաբրիէլը նոյնպէս տաղանդաւոր էր։ Նա հմտացել էր տասը լեզուների մէջ եւ երեսուն տարեկանում արդէն հեղինակ էր երկհատոր «Պատմութիւն օսմանեան պետութեան» եւ «Ռուսաստանի պատմութիւնը» ծաւալուն գործին։ Նա բարձր է գնահատուել որպէս պատմութեան եւ գրականութեան խոր գիտակ։ Համագործակցել է իր ուսուցիչներից Մ. Աւգերեանի հետ՝ «Հայկազեան» բառարանը կազմելու ժամանակ։
***
1857ին Փարիզում «Պատուոյ լեգէոնի» արժանացած ծովանկարիչը միանում է Վենետիկից եկած եղբօրը։ Նրանք համաձայնւում են միասին մեկնել եւ գործել ծննդավայրում։ Նախ գնում են Կ. Պոլիս եւ հայկական շրջանակներում իրականացնում հանդիպումներ, ելոյթներ են ունենում դպրոցներում, նաեւ՝ հոգեւոր կենտրոններում։ Շտապ կառուցուած Խալիպեան դպրոցում, ամէն տարի տարբեր երկրներից ընդունում են շուրջ 150 ուսանողներ, որոնք ստանում են հայեցի դաստիարակութիւն։
Այդ օրերին Այվազովսկին իր ելոյթներից մէկի ընթացքում նշում է հետեւեալը.- «… Ես ինձ բնութեան աշակերտ եմ զգում։ Նկատի առէք այս պարագան եւ իմ օրինակին ձգտեցէք։ Ուրախութեամբ տեսնում եմ, որ մենք՝ հայերս, արուեստի մէջ յառաջդիմում ենք»։
1848ին Գաբրիէլը ուղարկւում է Փարիզ՝ որպէս «Սամուէլ Մուրատեան» վարժարանի տեսուչ եւ սկսում է հրատարակել «Մեսրոպ Աղաւնի» հայերէն ու ֆրանսերէն ամսագիրը։ 1872ին նա հրաւիրւում է Հայաստան՝ Էջմիածին, եւ աշխատում որպէս Ճեմարանի տնօրէն։ Օծւում է Արքեպիսկոպոս եւ մի քանի տարի անց նշանակւում է Վրաստանի առաջնորդ։ Նա անսպասելիօրէն մահանում է 1880ին։
***
Օսմանեան պալատական կառոյցների գլխաւոր ճարտարապետ Սարգիս Պալեանին Այվազովսկի նուիրում է մի ծովանկար։ Պալեանը այդ նկարը նուիրում է սուլթան Ապտուլ-Ազիզին։ Վերջինս հիանալով առաջարկում է Պոլսոյ տեսարաններ նկարել։ 1874ին նա հրաւիրւում է արքունիք եւ պարգեւատրւում «Օսմանիէ» բարձր շքանշանով։ Հետաքրքրական է յիշել, որ 1878ին, Կարսի գրաւման առիթով, ռուս-թրքական հաշտութեան պայմանագիրը կնքւում է Այվազովսկու նկարներով զարդարուած դահլիճում։
1868ին Այվազովսկին մեկնում է Թիֆլիս եւ ապրում իր հայ բարեկամի մօտ։ Այնտեղ նա առաջարկում է զօրավար Կոտլեարեւսկուն նուիրուած յուշատուն կառուցել, որի շնորհիւ են ազատագրուել արեւելեան Հայաստանի Արցախը, Մեղրին, Արաքս գետի տարածքները եւ Ախալքալաքը։ Թիֆլիս եղած ժամանակ նկարիչը յօրինում է վրացական եւ հայկական նիւթերով պատկերներ։ Բացառիկ է յատկապէս «Սեւանայ լիճը. արեւածագ» նկարը։ Կովկասի լեռների տեսարժան վայրերը դիտելուց յետոյ, նա պատկերում է Սեւանայ լիճը՝ շեշտելով այնքան տպաւորիչ արեւածագը։ Այդ նկարը վերջերս յայտնաբերուեց եւ վաճառուեց Լոնդոնում։
Այժմ նշենք, թէ 1860ական թուականներին ծովանկարիչի անգլիացի կինը բաժանւում է եւ տարիներ անց 1882ին Այվազովսկին ամուսնանում է Աննա Բուռնազեանի հետ, որի մասին գրել է.- «Նրանով նորից աւելի մօտեցայ ազգիս…»։ Նա իր տանը կից հիմնում է պատկերասրահ, երրորդը՝ Ռուսաստանում։ Այդ շրջանին նա ստեղծում է նշանաւոր «Սեւ ծովը», Պուշկինին նուիրուած պատկերները, նաեւ՝ իր կնոջ Աննա Բուռնազեանին, Արքեպիսպոկոս եղբօրը, ծովակալ Մ. Լորիս-Մելիքովի եւ այլոց դիմանկարները։
1890ին Փարիզի Drouot սրահում Այվազովսկին ցուցադրում է իր նշանաւոր «Նոյը իջնում է Արարատից» լուսաշունչ պատկերը, որ իր հայրենակիցներին ցոյց տալով՝ ասում է.- «Սա է մեր Հայաստանը»։
Այդ նկարը չի վաճառւում եւ 1895ին զայն բերելով Նոր Նախիջեւան (Դոնի Ռոստով) նուիրում է հայկական դպրոցին։ 15ամեայ աշակերտ Մարտիրոս Սարեանը՝ տեսնելով այդ գործը, ոգեւորւում է։ 1920ի դժուար օրերին Սարեանը այդ նկարը փրկում է եւ բերում Հայաստան։ Յիշենք նաեւ, որ Այվազովսկին Մոսկուայի արեւելեան լեզուների Լազարեան Ինստիտուտին նուիրել է եօթը հիանալի գործեր, որոնք 1925ին ուղարկուել են Հայաստան։
1892ին Այվազովսկին՝ վերյիշելով եղբօրը, պատկերում է «Հայ ժողովրդի մկրտումը. Գրիգոր Լուսաւորիչ. Դ. դար» եւ «Երդում. զօրավար Վարդան Մամիկոնեան. Ե. դար» նկարները, որոնք ժողովրդի շփման, ծանօթացման համար յատկապէս ցուցադրուել են Թէոդոսիայի հայկական եկեղեցում եւ հետագային յանձնուել՝ ծովանկարիչի թանգարանին։
***
1979ին, իմ (Շահէն Խաչատրեան) որոշումով Սարեան թանգարանում կազմակերպուեց Այվազովսկու հայկական նիւթերով նկարների ցուցահանդէսը՝ հաւաքուած Խորհրդային Միութեան շուրջ տասը քաղաքներից։ Ի դէպ նաեւ յիշենք, որ պատերազմի սկիզբը Թէոդոսիայի թանգարանի տնօրէն Ն. Պարսամովը կարողացաւ փրկել եւ Հայաստան բերել ծովանկարիչին գործերը։ 1944ին նրանք որպէս յաղթանակի խորհուրդ ցուցադրուեցին Երեւանի Նկարիչների Միութիւնում։
***
Այվազովսկին բարեկամասէր էր։ Իր արուեստանոցը եղել է ուխտատեղի, որտեղ հիւրընկալուել են ռուսական եւ հայկական մշակոյթի նշանաւոր դէմքեր։ Իր ցուցասրահի բեմից ելոյթներ են ունեցել երգահան Ալեքսանդր Սպենդիարովը, ջութակահար Յովհաննէս Նալբանդեանը, դերասան Պետրոս Ադամեանը։ Այնտեղ են մկրտուել Պոկոլիւպովը, Բաշինջաղեանը, Սուրէնեանցը, Մախոխեանը, Շապանեանը, Մահտեսեանը…։ Այվազովսկին երազել է նաեւ ստեղծել միութիւն եւ համախմբել աշխարհում սփռուած արուեստագէտներին։
Ծովանկարիչը իր կեանքի վերջին տարիներին հոգեկան փոփոխութիւններ է ապրում։ Արեւմտեան Հայաստանի փրկութեան երազանքը ունէր, ինչպէս ազատագրուել էին Յունաստանը եւ Բալկանեան երկրները։ 1894-96ին, սուլթան Ապտուլ Համիտը «Հայկական Հարցը» վերացնելու նպատակով տարբեր քաղաքներում կոտորել է տուել հարիւր հազարաւոր հայերի։ Սարսափազդու այդ դէպքերի մասին լսելով՝ ծովանկարիչը ցնցւում է։ Նա ծովն է նետում իր թրքական շքանշանները։ Ապա՝ պատկերում կոտորածներ, զորս ցուցադրում է Խարկովում, Օդեսայում, Մոսկուայում, յուսալով օգնող վերաբերում…։ Իսկ Էջմիածին՝ Խրիմեան Հայրիկին գրած նամակում նշում է.- «Սրբազնագոյն հայր, մենք այստեղ կու լանք եւ կ՚ողբանք մեր թշուառ, կորստեան մատնուած հայոց վրայ եւ կը խնդրենք Աստուածային գթութիւն…»։
Կեանքի վերջին շրջանին, Այվազովսկի՝ մայր ժողովրդի ողբերգութիւնը ծանր վերապրելով՝ պատկերել է նաեւ փոթորկոտ տեսարաններ։ «Ալիքների մէջ» նշանաւոր գործը նոյնպէս ընկալւում է իբրեւ հոգեկան ապրումների պոռթկում։ Բացառիկ է նաեւ մահից կէս տարի առաջ ստեղծագործած «Բայրոնի այցը Մխիթարեաններին» գործը։ Դիմաւորողների կենտրոնում նկարիչը մտայղացել է ներկայացնել 19րդ դարի մեծանուն գրող Ղեւոնդ Ալիշանին, որ Բայրոնի այցի ժամանակ ծնուած չէր։ Իսկ իր կեանքի վերջին օրը՝ 1900 թուականի Ապրիլի 19ին, որպէս իր ապրումների արձագանգ, պատկերել է «մասամբ անաւարտ» պայթեցուած թշնամու նաւը…։
Հոգեխռով ծովանկարիչը թաղուել է Թէոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ կնքուել ու պսակուել էր։ Գերեզմանաքարի վրայ արձանագրուել է՝ «Ծնուեց մահկանացու, թողեց անմահ յիշատակ», քաղուած 5րդ դարի Մովսէս Խորենացիի «Հայոց պատմութիւնից», որ սերունդներին ուղղուած է իբրեւ ժամանակների ամենաթանկ մարդասիրական ոգին։
Ծանօթ լինելով միջազգային բարձր մակարդակ ունեցող արուեստի գործերին եւ ընկալելով Այվազովսկու ինքնատիպ, խորիմաստ եւ կատարեալ պատկերները՝ կարելի է նշել, թէ 19րդ դարի ծովի մեծ երգիչին գործերը հրաշքի համազօր են եւ արժանի միջազգային բարձր գնահատականի։
***
Ծովանկարիչին ծննդեան 200ամեակին առիթով Մոսկուայում եւ Երեւանում կազմակերպուեցին մեծ ցուցահանդէսներ եւ զանազան ձեռնարկներ։