Աթէնքի «Mikrokosmos Cinema» կինօթատրոնում ցուցադրուեց Վիգէն Չալդրանեանի «Վարդապետի Լռութիւնը»/«Alter Ego» ֆիլմը։ Միջոցառումը կազմակերպուել էր Յունաստանում Հ.Հ. դեսպանութեան կողմից` Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի կապակցութեամբ։
Միջոցառման մեկնարկին Յունաստանում Հ.Հ. դեսպանութեան դեսպանորդ տկն. Յասմիկ Դաշտոյեանն ընթերցեց արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Տիգրան Մկրտչեանի խօսքը, որում նշւում էր. «Անցեալ շաբաթ բոլորս ականատեսը եղանք, թէ ինչպէս յիշատակուեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը Հայաստանում, Արցախում, Յունաստանում, Կիպրոսում եւ ամբողջ աշխարհում։ Ուղերձը միանշանակ է` «Այլեւս երբեք»: 44-օրեայ պատերազմից յետոյ եւ օր-օրի ահագնացող աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում այդ խօսքերը էլ աւելի վճռականօրէն պարտադրելու կարիք են զգում։ Բոլորն են հասկանում, որ միջազգային յարաբերութիւններում լոզունգները կեանքի չեն կոչւում ինքնաբերաբար, դրանք կեանքի կոչման հաստատուն քայլերի կարօտ են զգում։ Հայ ժողովրդի ապրելու իրաւունքը իր պատմական հայրենիքի մի մասում` Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում, որեւէ մէկի կողմից եւ երբեք չպէտք է կասկածի տակ առնուի։ Դրա համար ի հարկէ հայ ժողովուրդը միահամուռ պէտք է պայքարի` անկախ մեր ժողովրդի տարբեր հատուածների ունեցած քաղաքական եւ գաղափարական տարաձայնութիւններից»։ «Այսօր Յունաստանում առաջին անգամ պաշտօնապէս, թէեւ փակ ձեւաչափով, կազմակերպւում է Վիգէն Չալդրանեանի «Վարդապետի Լռութիւնը» ֆիլմի դիտումը, որը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կեանքի վերջին տարիների հոգեվիճակը ժամանակակից իրողութիւններից ելնելով։
Պարբերաբար տեղափոխւում ենք 1915 թուականի Ապրիլ 24 եւ դրան յաջորդող մղձաւանջային օրերը, որոնք հոգեպէս կործանեցին 20-րդ դարի հայ հանճարին` Կոմիտասին։ Ցեղասպանութիւնից յետոյ նա ֆիզիկապէս ապրեց եւս 20 տարի, բայց ցեղասպանութեան հետ նրա կեանքն ըստ էութեան կանգ առաւ»։
Միջոցառմանը ներկայ էին Յունաստանում հաւատարմագրուած դիւանագէտներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, մտաւորականներ, մշակութային գործիչներ, գիտնականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
(Թղթակցութիւնը՝ Հ.Հ. դեսպանատունէն)