Աթէնքի թերթերի խմբագիրների միութեան շէնքում տեղի ունեցաւ Յունաստանում Հ.Հ. դեսպանութեան կողմից կազմակերպուած փոքրասիական աղէտի 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքից եւս մէկ միջոցառում:
Միջոցառման գլխաւոր բանախօս` Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմիւռնիայի աղէտի ուսումնասիրութիւնների մասնագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Թեհմինէ Մարտոյեանը հանդէս եկաւ «Զմիւռնիայի աղէտի հայ ականատեսների չհրապարակուած վկայութիւնները» թեմայով դասախօսութեամբ:
Միջոցառմանը ներկայ էին Աթէնքի թերթերի խմբագիրների միութեան անդամներ, Յունաստանի կառավարութեան պաշտօնեաներ, խորհրդարանականներ, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Յունաստանում հաւատարմագրուած դիւանագէտներ, համայնքի կազմակերպութիւնների բազմաթիւ ներկայացուցիչներ:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Աթէնքի թերթերի խմբագիրների միութեան նախագահ տիկին Մարիայ Անդոնիադուն:
Ներկաներին ողջունեց ու ելոյթով հանդէս եկաւ Յունաստանում Հ.Հ. դեսպան պարոն Տիգրան Մկրտչեանը:
Անդրադառնալով միջոցառմանը դեսպան Մկրտչեանը նշեց, որ Յունաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կողմից կազմակերպուող փոքրասիական աղէտին` Զմիւռնիայի 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքից ս.թ. Մայիսի 31-ի միջոցառումը տարբերւում է մնացած միջոցառումներից, քանի որ միջոցառման գլխաւոր բանախօսը ժամանել է Հայաստանից՝ յանձին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, պատմական գիտութիւնների թեկնածու տիկին Թեհմինէ Մարտոյեանի: Դեսպան Մկրտչեանը կարեւորեց նաեւ դասախօսութեան թեման՝ «Զմիւռնիայի աղէտի հայ ականատեսների չհրապարակուած վկայութիւնները», բնութագրելով այն որպէս եզակի: Դեսպանն ընդգծեց, որ խօսքը գնում է մինչ այժմ չհրապարակուած եւ մեծ արժէք ներկայացնող հայերի վկայութիւնների մասին՝ նշելով, որ այդ վկայութիւնները մեծ կարեւորութիւն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Յունաստանի պատմութեան համար: Դեսպանն արձանագրեց, որ խօսքը գնում է ինչպէս 1922 թուականից առաջ, այնպէս էլ 1922 թուականի եւ դրանից յետոյ Զմիւռնիայի քրիստոնեայ բնակչութեան` հայերի եւ յոյների ճակատագրերի, ընդհանուր պատկերի եւ զարգացումների մասին:
Անդրադառնալով դասախօսութիւնում ներկայացուած վկայութիւններին, յուշերին, ապա դեսպան Մկրտչեանը նշեց, որ Օննիկ Ղազէրեանի «Կենսագրական նօթերը» եւ Միքայէլ Բարթիկեանի «Արնաշաղախ Իզմիրը» կարեւոր տեղեկութիւն են տալիս Զմիւռնիայի հայերի եւ յոյների խաղաղ կեանքից, առօրեայից, այդ քրիստոնեայ քաղաքի անցուդարձից, բայց նաեւ տեղեկացնում` հայերի եւ յոյների նկատմամբ ատելութիւն սերմանելու, զանգուածային բռնութիւնների, ծրագրուած սպանութիւնների, բռնի տեղահանութեան եւ քաղաքի մահմեդականացման վերաբերեալ։
Աւարտելով իր խօսքը դեսպան Մկրտչեանը յոյս յայտնեց, որ կը յաջողուի նաեւ յունարէն թարգմանաբար ներկայացնել այդ յուշերը` այն հասանելի դարձնելով նաեւ Յունաստանի լայն շրջանակների համար:
Միջոցառման հիմնական ելոյթով հանդէս եկաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադրամի աւագ գիտաշխատող տիկին Թեհմինէ Մարտոյեանը: Իր խօսքում տիկին Մարտոյեանը նշեց, որ դասախօսութիւնում ներկայացուած եւ դեռեւս չհրապարակուած վկայութիւնների, յուշերի օգնութեամբ փորձ է արւում վերականգնելու հայերի եւ յոյների բռնի տեղահանութիւնների, հայերի եւ յոյների բնաջնջման ընդհանուր գործընթացի մասին գիտելիքները:
Նա նշեց, որ վկաների պատմութիւնները, յուշերը չափազանց մեծ դերակատարութիւն ունեն լոյս սփռելու տեղի ունեցածի վրայ, ինչպէս նաեւ անգնահատելի աղբիւր են հանդիսանում իւրաքանչուր գիտնականի համար, իսկ անհատի անձնական յոյզերի բացայայտումը եւ վերլուծութիւնը նպաստում են մի ամբողջ ազգի հաւաքական վէրքը բուժելու ուղիներ գտնելու եւ հասկանալու` միմեանց հետ կիսուելու միջոցով: Յուշերի հեղինակների միկրոպատմութիւնները միահիւսւում են հայ եւ յոյն ժողովուրդների ցեղասպանութիւնների մակրոպատմութիւնների հետ:
Միջոցառումը համակարգեց Աթէնքի թերթերի խմբագիրների միութեան կրթական հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, լրագրող պարոն Գրիգոր Չաքըճեանը:
Միջոցառմանը յաջորդեց ընդունելութիւն։
(Թղթակցութիւնը Հ.Հ. դեսպանութենէն)