Երբ Ազնաւուրը հասաւ փառքի, նրա ամենամեծ մտահոգութիւնն էր՝ որքան թեյավճար պէտք է տալ, որպէսզի քեզ ո՛չ ժլատ համարեն, ո՛չ էլ չտեսի տեղ դնեն։ Իսկ երբ Շարլի հօրը դիմում էին “Պարոն Ազնաւուր”, նա պատասխանում էր. “Ազնաւուրը տղաս է, ես Ազնաւուրեան եմ”։ Եւ նա ի տարբերութիւն Շարլի, ուղղակի արքայական թեյավճարներ էր շռայլում, որպէսզի չնուաստացնի որդու փառքը։
Շարլ Ազնաւուր ընդմիշտ
Ըստ Time եւ CNN-ի հարցումների Ազնաւուրը ճանաչուել է 20-րդ դարի լաւագոյն երգիչ, սա նշանակում է, որ բազմաթիւ միւս երգիչների շարքում կայ մէկը, որը ամենաճշգրիտ ձեւով է թափանցում մարդկանց սրտերը եւ արտայայտում նրանց ապրումները։ Իր 90-ը նա դիմաւորեց համերգներով, երգով, իսկ դա արդէն յաղթանակների յաղթանակն է։ Ազնաւուրը նուիրաբերեց ինքնիրեն 21-րդ դարին, թէեւ նրա համար ժամանակ արդէն գոյութիւն չունի. ասում են, Ազնաւուրին կը դադարեն լսել այն ժամանակ, երբ մարդը զրկուի զգացմունքներից, ուստի նա յաւերժութեան երգիչ է։ Նման երկարակեցութիւնը առաջին հերթին լաւատեսութեան արգասիք է եւ… արժէ հետաքրքրուել, թէ որտեղ է թաքնուած Ազնաւուրի գաղտնիքը, որը ես կ՚անուանէի լաւատեսութեան երկարակեցութեան գաղտնիք։
Ծնողները
Ազնաւուրեանները գաղթական ընտանիք էին։ Մայրը՝ Քնար Պաղտասարեանը ծնուել էր Իզմիրում։ Հայրը՝ Միշա Մամիկոնի Ազնաւուրեանը թիֆլիսեցի էր, գիտէր ռուսերէն, վրացերէն։ Քոյրը՝ Աիտան ծնուել էր Սալոնիկում։ Երբ անձնագրերն էին լրացնում, հայրը մի պահ մոռանում է իր կնոջ ազգանունը եւ մտքին եկած առաջին ազգանունն է ասում, որն էր Փափազեան. «Ծնողներիս, եղբայրներիս, քոյրերիս կորցրի ջարդի ճանապարհին, երբ 15 տարեկան էի։ Միակ բանը, որ ինձ մնում էր, ազգանունս էր։ »Անփութութեան պատճառով երկրորդ անգամ հարազատներիս ջնջեցիր իմ կեանքից», լացում էր մայրը։ «Մայրս մեր տան լացն էր, հայրս ծիծաղը»։ Թիֆլիսեցի հայրը միշտ թամադա էր լինում սեղաններին եւ կարող էր բաժակը ձեռքին 10-15 րոպէանոց բաժակաճառեր ասել։ Նա բացեց «Կովկաս» (Le Caucase) ռեստորանը, բայց սնանկացաւ, քանի որ յաճախորդները ապառիկ էին օգտւում ռեստորանից, ուտում—խմում, ստորագրում ու անհետանում։ Սակայն կորցնելով ռեստորանը, որ տեղից մնացին միայն խոհանոցային դանակները, ծնողները չեն կորցնում լաւատեսութիւնը եւ չեն ընկճւում։ Այստեղ է թաքնուած գաղտնիքը. կորցնել Ազնաւորեանների համար նշանակում էր ընդամէնը նորից սկսել, նորից փորձել.
Ազնաւուրը եւ Փիաֆը
Խօսելով Ազնաւուրի կայացման մասին, պարտադիր յիշատակում են Էտիթ Փիաֆի (Edith Piaf) դերը նրա կեանքում։ Ամէն մի արտիստ հետաքրքիր է իր երկրորդ տաղանդով. դերասանը երգով, երգիչը՝ պարով։ Փիաֆի եւ Ազնաւուրի հանդիպումը կայացաւ 1946-ին (Փիաֆը 30 տարեկան էր, Ազնաւուրը՝ 21) ինչ—որ ռատիօհաղորդման ատեն։ Յետոյ Փիաֆը Ազնաւուրին ու Փիեռ Ռոշին, որի հետ միշտ հանդէս էր գալիս Շարլը, տանում է իր տուն, եւ հէնց պարի մէջ է քննութիւն բռնում Ազնաւուրը Փիաֆի առջեւ։ Փիաֆը հարցնում է, արդեօք վալս պարել գիտի՞ Շարլը, այն էլ փողոցային վալս, եւ Ազնաւուրը մատները տանում է բերանը եւ սուլում է. դա նշանակում էր, որ ոչ թէ տղամարդը պիտի մօտենայ կնոջը, այլ կինը տղամարդուն, այդպէս էր պահանջում փողոցային կարգը։ Եւ Շարլը պտտեցրեց Էտիթին վալսում, յետոյ թանկոյում, յետոյ… երկար տարիներ եղաւ նրա մտերիմների շրջապատում, մինչեւ որ թեւեր առաւ ու ձերբազատուեց Փիաֆի «բռնակալութիւնից», քանզի ինչպէս Փիաֆը ինքն էր սովորեցրել, կարիերան միայնակով են անում, տղամարդավարի։ Եթէ անպայման պէտք է նշել մէկին, ով օգնել, քաջալերել եւ նոյնիսկ համոզել է Ազնաւուրին տուն առնել, երբ նա պարտքերի մէջ խրուած էր, իսկ հանդիսատեսը նրան խորհուրդ էր տալիս հրաժարուել երգելուց, դա երաժշտական հրատարակիչ Ռաուլ Պրեթոնն էր, որը հաւատում էր Ազնաւուրին, ինչպէս ոչ ոք։
Ազնաւուրը Ազնաւուրի մասին
70-ներին լոյս տեսաւ «Ազնաւուրը Ազնաւուրի մասին» գիրքը, որ գրուած է մի մարդու կողմից, որն աներեւակայելի յաջողութեան է հասնում, ուստի գրքում նկարագրած աներեւակայելի անյաջողութիւնները դիտւում են յաջողած մարդու լոյսի ներքոյ։ Գիրքը ներկայացնում է իրենից պարզապէս յաջողութեան հասնելու ձեռնարկ։ Կարդացէ՛ք եւ երբեք մի՛ յուսահատուէք, սովորէ՛ք չյուսահատուելու արուեստին։ Ահա մի քանի կանոններ.
- «Որոնք են իմ պակասութիւնները։ Ձայնս, հասակս, շարժումներս եւ կրթութեան ու կուլտուրայի պակասը, ճշմարտախօսութիւնս, անհատականութեանս պակասը»։
- «Ձայնս փոխելն անհնար է։ Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռ քաշեմ։ Բայց ես պիտի երգեմ, թէկուզ կոկորդս պատռուի»։
- «Հասակս ինչ որ է, այն է՝ մի մեթր 64, նոյնպէս անհնար է ուղղել…»
- «Կրթութեանս պակասը՝ մեծ դըժւարութեամբ ձեռք եմ բերել եօթամեայ կրթութեան վկայականը. ոչինչ մենակ չեմ սովորում։ Սովորում եմ միայն ուրիշներին լսելով»։
- «Թուլակազմ, երկչոտ, վախուորած երախայից, ինչպիսին ծնուել եմ, պէտք է դառնամ ուժեղ մարդ, միեւնոյն ժամանակ պահպանելով բարոյական նորմաները, որ ծնողներս են ներարկել՝ լինել զգայուն եւ արտասուելու ընդունակ»։
- «Պէտք է հրաժարուեմ ներկայից ու նայեմ դէպի ապագան, առանց ժխտելու անցեալը։ Իմ հիմքը ողջ ֆրանսիական երգն է, արմատներս՝ համաշխարհային ֆոլքլորն ու արեւելեան պոէզիան, յատկապէս հայ կականը»։
Ինքնաճանաչման կանոններով նա աշխատեց ու աշխատեց իր վրայ, եւ փոխեց ոչ թէ ինքն իրեն, այլ հանդիսատեսին։
Որն էր Ազնաւուրի ուժը
Ազնաւուրին սկսեցին լսել մինչեւ որ նա դարձաւ օդի պէս անհրաժեշտ մարդկութեան համար։ Երբ սիրահարւում են… Երբ ապրում են առանց սիրահարուածութեան…
նրա երգը լսում են, լսել են եւ կը շարունակեն լսել, սակայն ֆրանսիացիները ամենաերջանիկներն են, քանզի Ազնաւուրի համար, որը երգում է ֆրանսերէն, շատ կարեւոր է, որպէսզի երգի բառերը հասկանան, իսկ միւս կողմից, երբ չես հասկանում բառերը, քեզ գերում է բառերի հնչիւնային պատեանը եւ լսողը դառնում է համահեղինակ, ներդնելով այդ հնչիւնների մէջ իր սեփական ապրումները, որոնք բառերով հնարաւոր չի արտայայտել, այլ միայն երգով, այն էլ Ազնաւուրի կատարմամբ։ Ինչո՞ւ։ Ես բախտ չեմ ունեցել. իմ ուժը անշուք արտաքինս է եղել, իւրայատուկ ձայնս, սովորական դէմքս, որի մէջ ուզածդ մարդը կարող է գտնել իրեն։ Ասում են, որ ես նման եմ հազարաւոր այլ մարդկանց։ Դա ինձ չի վիրաւորում, ընդհակառակը, ուրախացը— նում է…»։