ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Վերջին երեք օրերին արցախեան-ադրբեջանական շփման գծում հայկական զինուժը մարդկային երկու կորուստ է ունեցել: Կայ նաեւ վիրաւոր: Ադրբեջանը կտրուկ մեծացրել է լարուածութիւնը:
Երեքշաբթի՝ 7 Փետրուային Լ.Ղ.Հ. Պ.Ն.ն յայտարարեց, որ թշնամին իր բնակավայրների մերձակայքում տեղակայուած կրակային յենակէտներից 85մմ.նոց Դ-44 տիպի հրանօթներից ուղիղ նշանառութեամբ արկակոծութեան է ենթարկել Պ.Բ. արեւելեան ուղղութեամբ տեղակայուած մարտական դիրքերը՝ ընդհանուր առմամբ հրանօթներից արձակելով 22, իսկ ականանետներից՝ 24 արկ:
Նախորդ տարուայ Ապրիլ-Մայիսից առ այսօր առաջին անգամ է, որ ադրբեջանական կողմը ծանր հրետանի է դնում գործողութեան մէջ՝ աստիճանաբար մեծացնելով հայկական կողմի դէմ կիրառուող զինատեսակների թէ՛ քանակը եւ թէ տրամաչափը: Իրավիճակը շատ նման է Ապրիլեան պատերազմին նախորդած ժամանակաշրջանին: Ինչպէս այն ժամանակ, հիմա էլ Բաքուն իրականացնում է ռազմական գործողութիւնների շրջանակն ու ինտենսիւութիւնը (սաստկութիւնը) մեծացնելու մարտավարութիւն, որի հիմնական նպատակը միջազգային հանրութեանն այդ միտումներին ադապտացնելն (վարժեցնել) է, պատերազմի անխուսափելիութեան մէջ համոզուածութեան ընկալում ձեւաւորելը: Ինչպէս այն ժամանակ, հիմա էլ իրավիճակը սրւում է բանակցութիւնների փաստացի բացակայութեան, բանակցային գործընթացի խոր փակուղում գտնուելու պայմաններում: Սա ոչ թէ բանակցութիւնները վերսկսելու, այլեւ իր պահանջների լիարժէք կատարման սկզբունքով վերսկսելու շանտաժային (սպառնական) մարտավարութիւն է:
Բաքուն առարկայօրէն ցոյց է տալիս, որ իր համար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների էջը փակուած է, հետեւաբար՝ փակուած է նաեւ շփման գծում զինադադարի ռեժիմի (դրութեան) ամրապնդմանն ուղղուած երկու յանձնառութիւնների կատարման էջը: Յիմարութիւն է զինադադարի պահպանման մեխանիզմների (աշխատակարգներ) ներդրում պահանջել մի կողմից, որը դեմոնստրացիոն (ցուցադրական) կերպով կիրառութեան մէջ է դնում արդէն ծանր հրետանի:
Ինչպէս անցած տարուայ Ապրիլի նախօրեակին, Ադրբեջանը լարուածութիւնը կտրուկ մեծացնում է Ե.Ա.Հ.Կ. Մ.Խ. եռանախագահութեան կատարեալ անտարբերութեան եւ աչքակապութեան պայմաններում: Թէեւ հայկական կողմը դեռ երէկ երեկոյեան էր յայտարարել հրանօթային եւ ականանետային միջոցներից ինտենսիւ (սաստկացուած) կրակ բացելու մասին եւ զգուշացրել դրանք շարունակուելու դէպքում անհամարժէք գործողութիւնների դիմելու մասին, սակայն մինչեւ հիմա միջնորդներից որեւէ արձագանգ չկայ: Աւելին՝ Լ.Ղ.Հ. Պ.Ն.ի տարածած հաղորդագրութիւնից պարզ էր դառնում, որ ադրբեջանական զինուժը հրանօթներից սկսել է կրակել Ե.Ա.Հ.Կ. դիտորդների հերթական դիտարկումից յետոյ: Ընդ որում՝ ադրբեջանցիները հրաժարուել են դիտորդներին իրենց կողմից շփման գիծ դուրս բերել:
Յատկանշական է, որ, համաձայն Լ.Ղ.Հ. Պ.Ն.ի վերոնշեալ հաղորդագրութեան՝ հրանօթները կրակել են ուղիղ նշանառութեամբ, ինչը յստակ ցոյց է տալիս, թէ որքա՜ն է թշնամին դիրքերին մօտեցրել հրետանային կայանքները: Եւ թերեւս հէնց դա չմատնելու նպատակով էլ Ե.Ա.Հ.Կ. դիտորդներին առաջնագիծ մուտք գործելու հնարաւորութիւնից զրկել են: Չնայած դրան, չնայած հայկական կողմի՝ թւում է, թէ անհանգստութեան տեղիք տուող հաղորդագրութեան տարածմանը, Ե.Ա.Հ.Կ. Մ.Խ. համանախագահները որեւէ յայտարարութեամբ հանդէս չեկան: Նախկինում չի արձանագրուել հակառակորդի կողմից դիտորդներին առաջնագիծ մտնել թոյլ չտալու որեւէ դէպք, որի կապակցութեամբ Մ.Խ. համանախագահները կամ գոնէ Ե.Ա.Հ.Կ. գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը յատուկ յայտարարութեամբ հանդէս չգան: Այնպիսի տպաւորութիւն է, որ համանախագահողներն իրենց այս լռութեամբ ուղղակի քաջալերում են Ադրբեջանի պատերազմական այս նոր արկածախնդիր ակտիւութիւնը (աշխուժութիւն) եւ մղում աւելի համարձակ ու աւելի մասշտաբային (տարողունակ) գործողութիւնների: Տպաւորութիւն, որ կար նաեւ անցած տարուայ Ապրիլին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Սա առաւել ուշագրաւ է Ռուսաստանի դէպքում: Իրականում Ադրբեջանը հրանօթային կրակ է բացել նաեւ Մոսկուայի ուղղութեամբ: Յունուարի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը մեկնել էր Մոսկուա՝ Լ.Ղ. հարցով Ռ.Դ. արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ բանակցելու: Վերադառնալուց յետոյ նա յայտարարեց, թէ բաւարարուած չէ այդ հանդիպման արդիւնքներից: Մամեդեարովն հասկանալի դարձրեց, որ Ռուսաստանը չի փոխել «լաւրովեան պլանից» չհրաժարուելու իր քաղաքական որոշումը եւ չի ողջունում նոր պատերազմի գնալու Բաքուի ներկայիս ուղեգիծը:
Մոսկուայի հանդէպ շանտաժային այս քաղաքականութիւնը Բաքուն ծաւալում է նաեւ դիւանագիտական հարթութիւնում: Դոնբասում մարտերի վերսկսման եւ լարուածութեան նոր փուլ տեղափոխուող ռուս-ուկրաինական դիմակայութեան ֆոնին (պաստառին)՝ Ալիեւը մեկնում է Կիեւ եւ Ուկրաինայի նախագահին խոստանում արգելել իր տարածք Դոնբասում արտադրուած ապրանքների մուտքը: Մոսկուային փաստացի մոլորեցնելով՝ Ադրբեջանը Բելառուսիոյ հետ իրականացրեց Ռուսաստանի եւ Իսրայէլի քաղաքացի, բլոգեր Լապշինի արտայանձնման հապճեպ օպերացիան (գործողութիւն): Բաքու չի թաքցնում, որ ամենաուղիղ կերպով միացել է Բելառուսիոյ եւ Ուկրաինայի հակառուսական «արշաւանքին»՝ որպէս Լ.Ղ. հարցում Մոսկուայի որոշակիօրէն վերանայուած ուղեգծի հետ չհամակերպուելու եւ «անհնազանդութեան» դրսեւորում:
Ինչեւէ, Ապրիլեան պատերազմը, սակայն, արդէն սովորեցրել է, որ միջազգային հանրութեան, առաւել եւս՝ Մոսկուայի արձագանգին սպասելը ոչ միայն անօգուտ է, այլեւ՝ վտանգաւոր: Եթէ նրանք չեն արձագանգում Բաքուի ակնյայտ պատերազմական ներկայիս սադրանքին, ապա պէտք է ստիպել, որ արձագանգեն այդ սադրանքին հայկական կողմի անհամարժէք գործողութիւններին:
Եթէ պատերազմը դառնում է անխուսափելի, ինչում փորձում է հաւատացնել Բաքուն, ապա անիմաստ է ներկայիս զսպուածութեան ցուցաբերումը: Սպասողականութիւնը, դանդաղկոտութիւնը, նախաձեռնողականութիւնից խուսափումը կեանքեր է խլում, որը չի բերում ցանկալի խաղաղութեան: Մէկ անգամ սխալուելը դեռ տանելի է՝ չնայած ունեցած կորուստների ծանրութեանը: Բայց երբ նոյն սխալը կրկնւում է երկրորդ անգամ… Նոյնիսկ չ՚արժէ շարունակել: