Թուրքերի ատելութեան ուժգնութիւնը. Ադանայի կոտորածը
Մարիա Մարկոսեան- Տամատեան
1909 թուական, Ադանա։ Ողջակիզուեցին 4437 հայեր, քաղաքի մօտ կէսը աւիրուեց ու մինչ Ադանայում դիմադրութեան ապարդիւն փորձեր էին կատարւում, դաժանաբար սրի քաշուեցին նաեւ շրջակայ փոքր գիւղերի հայերը։ Յարձակումները տարածուեցին ամբողջ նահանգով, եւ շուրջ 30.000 զոհ ունեցան հայերը, համաձայն վկայութիւնների։ 1909թ. Ապրիլին իրականացուած Ադանայի կոտորածը Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլն էր, շատերը այն կոչեցին «հոլոքոստ»: Յաջող ինքնապաշտպանութիւն կազմակերպեցին հայերով բնակեցուած երկու քաղաքներ՝ Կիլիկիայի լեռներում գտնուող Հաճըն քաղաքը եւ Դեօրթեօլի (Չորք-Մարզուան) 10.000 հայերը, որոնք դիմակայեցին 7000 թուրքերի պաշարմանը. նրանք շրջապատել էին քաղաքը եւ կտրել ջրամատակարարումը:
Բռնութիւնները համընկան սուլթան Աբդուլ Համիդ Բ.ի (1876-1909) համախոհների կողմից իրականացրած հակայեղափոխութեան հետ:
Կոտորածի նախօրէին թուրքական իշխանութիւնները մեծաքանակ զէնք ու զինամթերք էին բաժանել իսլամադաւան բնակչութեանը, գաղտնի գրութիւններ ուղարկել գաւառներ, շուրջ 500 ոճրագործների արձակել բանտերից։ Հայերին ոչնչացնելու որոշում կայացուել էր1909 թուականի Մարտի 31ին, Ադանայի նահանգային խորհրդի կողմից։ Ապրիլի 1ին արդէն, գրոհելով քաղաքի փողոցներն ու հրապարակները, հայերին կոտորել սկսեց թուրք ամբոխը։ Առաջին ջարդը տեւեց երեք օր, ապա շարունակուեց՝ աւելի սաստիկ ու դաժան։ Հայկական Կիլիկիան, Միջերկրականի ափին գտնուող ծաղկուն Ադանան՝ 11-14րդ դդ. անկախ հայկական պետութիւնը, որ զերծ էր մնացել 1890ականների ջարդերից՝ 1909ի կոտորածներին արձանագրեց աւելի քան 30.000 զոհ։ Հրդեհուեցին 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հիւրանոց, 2 գործարան, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց եւ այլ շինութիւններ, ինչպէս նաեւ շուրջ 20 մլն թուրքական լիրայի վնաս։ Ադանայի ջարդերի կազմակերպիչ մեղաւորներն ու պատասխանատուներն այդպէս էլ մնացին անպատիժ, որը հարուած հասցրեց հայերին՝ նոր վարչակարգի կողմից ազատական բարեփոխումների իրականացման յոյսերին: Երիտթուրքերի համար Ադանայի կոտորածները դարձան Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ փոքրամասնութիւնների նկատմամբ թուրքերի ատելութեան ուժգնութեան ապացոյցը։ Պաշտօնական տեղեկութիւնների համաձայն, գլխաւոր յանցաւորներ ճանաչուեցին նահանգապետ Ջեւադ բէյը, զօրահրամանատար Մուստաֆա Ռեմզի փաշան եւ նրանց հրահանգները տեղերում կենսագործող պաշտօնեաները: