«Կեցցէ այն Հայաստանը, որ վաղն է գալու»
Ազգային հերոս ՄՈՎՍԷՍ ԳՈՐԳԻՍԵԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
(Սամցխէ-Ջաւախքի «Մետիա» վերլուծական կեդրոն)
Ընդամէնը 100 տարի առաջ մեր հայրենապաշտ հայրերը երազում էին փշրել ժողովրդի միջից դարերով ոսկրացած հպատակութեան հոգեբանութիւնը եւ նոր հայի տեսակով կերտել ազատ, անկախ ու պատմական սահմանները վերականգնած Հայաստան:
1918ին վերջապէս նրանց երազանքը մասամբ իրականութիւն դարձաւ եւ մենք ունեցանք անկախ հայրենիքի փոքրիկ հողակտոր, որը մեծ յոյս ու եռանդ ներշնչեց ամբողջ հայ ժողովրդին՝ ապագայ պայքարի համար:
Սակայն այդ անցած 100 տարիների մէջ մենք տեսանք նաեւ սովետական Հայաստան, որը բռնի կերպով մտաւ մեր նորանկախ իրականութեան մէջ եւ ունեցաւ ինչպէս դրական, այնպէս էլ բացասական հետեւանքներ:
Բացասականը այն էր, որ բազմաթիւ ազգանուէր հայորդիներ այդ օրերին բանտերում յայտնուեցին ու նահատակուեցին յանուն իրենց ազգային ու կուսակցական գաղափարների: Նոր անկախացած ու մասնատուած Հայաստանը կրկին մասնատուեց իր թշնամիների միջեւ:
Այդ անտանելի բացասական երեւոյթների կողքին ունեցանք նաեւ դրական երեւոյթներ, երբ շնորհիւ մեր ժողովրդի աշխատասիրութեան ու ինտելեկտի (իմացականութեան) կառուցեցինք երկիր եւ տուինք քանակական աճ ամբողջ տարածաշրջանում:
20րդ դարի վերջին վերանկախացող Հայաստանը, շնորհիւ իր սուրբ որդիների նուիրուածութեան ու հերոսական սխրանքների, մեծ կորուստների գնով կարողացաւ վերացնել սովետական իշխանութիւնների անարդար վարչական բաժանումների մի մասը եւ Արցախը միաւորուեց մայր հայրենիքի հետ: Սակայն հայ ժողովրդի համար օրակարգում է նաեւ Կարսի, Նախիջեւանի, Արեւմտեան Հայաստանի միաւորման հարցը, որը միակ ճանապարհն է ազգի գոյատեւման ու բարգաւաճման համար: Ներկայ պայմաններում այդ երազանքի իրականացումը դառնում է ուղղակի անհնարին՝ այսօրուայ աննախադէպ հայաթափման պայմաններում, որը իրականում աւելի վտանգաւոր է, քան սովետական իշխանութեան տուած վնասը:
Հայաթափուել են ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Արցախն ու Ջաւախքը, ինչը ուղղակի մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի անվտանգութեան համար: Ցաւօք՝ գնալով այդ հարցը աւելի է սաստկանում: Այսօրուայ իրականութիւնից ելնելով՝ մեր ժողովուրդը ստիպուած է ոչ թէ մտածելու հայահաւաքի ու հողահաւաքի մասին, այլ պահպանելու այն, ինչ ձեռք է բերուել մեծ կորուստների գնով:
Քառորդ դարի ընթացքում, աղքատութեան ու հայաթափման պայմաններում, մեր երկիրը ոչ մի էական առաջընթաց չի գրանցել: Արդիւնքում մենք ստացել ենք վտանգուած ապագայով երկիր, որը ունի մեծ տնտեսական դժուարութիւններ եւ աճող անարդարութիւն: Ոմանց համար հայրենասիրութիւնը չափւում է աւելի շատ փող յափշտակելու գաղափարի հետ, իսկ յաջորդների համար փող յափշտակողների դիմաց ծաղրածու հայրենասէրներ խաղալու գործով: Ցաւօք կաշառակերութիւնը խեղդում է մեր հայրենիքը, երկիրը բաժանելով հարուստների ու աղքատների միջեւ, ուր միջին խաւ գրեթէ գոյութիւն չունի:
Արդեօք այս ռազմականացուած տարածաշրջանում մենք հայերս ունե՞նք նման շռայլութեան իրաւունք: Ինչո՞ւ ենք միացրել ինքնաքայքայման գործընթացը մեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ:
Հիմա կարելի է ասել, որ մեր ժողովուրդը ենթագիտակցաբար մղում է իր անտեսանելի Աւարայրի ու Սարդարապատի ճակատամարտը, յանուն գոյատեւման ու տեսակի պահպանման, համոզուած լինելով, որ այսօրուայ խաւարին հետեւելու է նոր կեանքով լի լուսաբաց, որը գալու է Հայաստանի ու սփիւռքի մտաւոր զարգացած ու ամուր երիտասարդութեան կողմից: Երկիրը վերջապէս մաքրուելու է կաշառակերութեան ախտից: Վերականգնելու է տնտեսութիւնը: Ու փուլ առ փուլ մենք դառնալու ենք աւելի ուժեղ եւ անկախ Հայաստան:
Հայաստանի հարեւան Վրաստանը արդէն վաղուց բռնել է այդ ուղին ու երկիրը մաքրել կաշառակերներից ու յանցագործներից: Երկրի ներսում իրականացրել է հսկայական բարեփոխումներ: Եւ դա ոչ միայն երկրի արեւմտեան արժեհամակարգից է գալից, այլ նաեւ սեփական կամքի առկայութիւնից: Սխալ է կապել ձեռքբերումները տարածքները ազատագրելու կամ յանձնելու հետ: Դա միանշանակ սխալ է ու կապ չունի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կամքի առկայութեան հետ: Այս պարագայում մեր անյաջողութիւնների մէջ ոչ Ռուսաստանն է մեղաւոր եւ ոչ էլ Ա.Մ.Ն.ն ու Եւրոպան, այլ նախ՝ մենք ինքներս: Երկրի արտաքին կողմնորոշումը ի հարկէ մեծ դեր է խաղում այս պարագայում, սակայն ոչ վճռորոշ: Սովորենք վերջապէս ինքներս մեզ մեղադրել եւ ոչ թէ փնտռենք մեղաւորներ ու պատճառներ: Եթէ մեր դաշնակիցները վատ են պահում իրենց մեր նկատմամբ, ուրեմն նախ խնդիրը մեզանում է եւ յետոյ նոր դաշնակիցների մէջ:
Կտրուկ բարեփոխումներ իրականացնելու մեզ տրուած ժամանակը մօտենում է աւարտին եւ պէտք է արդէն այսօր ամբողջ ազգով սկսել իրականացնել այդ բարեփոխումները, որ վաղուայ Հայաստանը դառնայ տարածաշրջանի հզօր ու ազդեցիկ երկրներից մէկը: Արցախի տարածքները յանձնելու գաղափարը մէկընդմիշտ հանուի քաղաքական օրակարգից եւ Ջաւախքում լուծում գտնեն բոլոր առկայ խնդիրները, որոնց մասին մշտապէս բարձրաձայնում է ջաւախքահայութիւնը:
Համոզուած ենք, որ վաղուայ Հայաստանը դառնալու է անխոցելի սահմաններով հզօր տնտեսութիւն ու ռազմական արդիւնաբերութիւն ունեցող երկիր: Մեր երկիրը դասուելու է բարձր տեխնոլոգիաներ (արհեստագիտութիւններ) ունեցող առաջատար երկրների շարքին: Բժշկութիւնը Հայաստանում թեւակոխելու է նոր զարգացման փուլ, երբ տարբեր երկրներից մարդիկ գալու են Հայաստան՝ իրենց բուժումը գտնելու: Ժողովրդավարութիւն ու ազատ հասարակութիւն ունենալու հարցում մենք չենք զիջելու ոչ մի զարգացած երկրի: Այդ ամէնը հնարաւոր է մեր ժողովրդի մտաւոր ունակութիւնների ու նուիրուածութեան շնորհիւ: Ու տուեալ կէտից սկսուելու է հայահաւաքի ու հողահաւաքի գործընթացը, երբ թշնամիները բոլոր ասպարէզներում զիջելու են մեզ իրենց այսօրուայ ունեցած դիրքերը: Այդպիսի Հայաստանում մէկ սպանուած զինուորի համար հակառակորդը վճարելու է տասնապատիկ ու երբեմն հարիւրապատիկ: Միայն այդ ժամանակ մենք կ’ունենանք իրական անկախութիւն, որը մեր ժողովրդի ներքին ուժից է ծնուելու:
Ինչքան արագ հասնենք այդ ամէնին, այդքան շուտ ճանապարհ կը բացենք դէպի մեր երազած Ազատ, Անկախ ու Միաւորուած Հայաստան կերտելու սուրբ գաղափարի իրականացմանը: