Լաուրա Ալթունեան — Գավալա
Եւ անցնում են տարիները,
Ու փոխւում է ամէն ինչ,
այն ինչ թանկ էր մի ժամանակ,
հիմա դարձել է ոչինչ…
Ի հարկէ ես չեմ պատրաստւում խօսել ամէն ինչի մասին, այլ պարզապէս մի խնդրի մասին, որը խիստ մտահոգութեան տեղիք է տալիս։
Երկար տարիների բաւականին լուրջ աշխատանքային փորձ ունեցող յարգարժան խմբագիրը՝ Ռոպէր Հատտէճեան, որը իր ապրած կեանքի ամենաթանկարժէք տարիները նուիրել է իր հարենակիցներին, կատարելով բաւականին լուրջ, շատ պատասխանատու, շատ շնորհակալ՝ ազգապահպան մի աշխատանք, մի մեծ մտահոգութիւն ունի, որը նրան հանգիստ չի տալիս եւ ցաւեցնում է նրա ազնիւ, նուիրական հոգին,-
— Երիտասարդները թերթ չեն կարդում.
Սա իր մտահոգութիւնը յայտնել է «Թանթիկը» յօդուածով, որը հրատարակել է «Ազատ Օր»ի 2017ի թ.ի Նոյեմբերի 9ի համարում։
Յօդուածը ընթերցելուց յետոյ, ինձ մօտ մի աննկարագրելի ցանկութիւն առաջացաւ, ունենալու մի փոքրիկ զրոյց մեր երիտասարդների հետ, մեր շատ սիրելի «Ազատ Օր»ի օգնութեամբ։
Անշուշտ ցանկութիւնս մեծ է եւ շատ պարզ.
Ծանօթացնել մեր երեխաներին եւ երիտասարդներին մեր հայրենիքի պատմութեան, մեր չքնաղ հայոց լեզուի իւրայատուկ արժանիքներին՝ մի փոքրիկ համեստ եւ համառօտ այս յօդուածով, առանց վիրաւորելու նրանց ինքնասիրութիւնը եւ առանց յոգնեցնելու։
Սիրելի երիտասարդներ. հայ ժողովուրդի պատմութիւնը իր առանձնայատուկ դրուագներով եւ հարուստ ժառանգութեամբ համաշխարհային պատմութեան մէջ իր ուրոյն եւ յառաջադէմ տեղը ունի։
Դարեր շարունակ, մեր ժողովուրդը ապրել է շատ ծանր պայմաններում եւ հարեւան երկիրների կողմից անվերջ ենթարկուել է ջարդի, կողոպուտի, հալածանքների եւ տեղահանութեան, բայց ահռելի մեծ դժուարութեամբ կարողացել է պահպանել իր ազգային ինքնութիւնը, իր լեզուն եւ իր կրօնը։ Երբ թերթում ենք հայոց պատմութեան հրաշալի էջերը, տեսնում ենք, որ մեր ազգի գոյատեւման ողջ ընթացքում, մեծ դեր են ունեցել մեր եկեղեցին եւ մեր լեզուն։
Հասկանում ենք, որ մեր գոյութեան գաղափարի մէջ անթեղուած եւ պահպանուած է մեր լեզուի ամբողջ փիլիսոփայութեան գաղտնիքը, որը մեզ թելադրում է բարձր պահել մեր պայքարելու եւ տոկալու ազգային ոգին։
Հայ ժողովուրդը իր ազգային ինքնուրոյնութիւնը պահպանելու համար, 301 թ.ին ազգովի առաջինը ընդունեց քրիստոնէութիւնը։ Որոշումը շատ ճիշդ էր եւ անխախտ, սակայն սա էլ մեծ փորձութիւնների ենթարկեց մեր խեղճ եւ անօգնական ժողովրդին՝ աւելացնելով իր թշնամիներին: Պարսիկներ, Բիւզանդական հսկայ կայսրութիւն, Օսմանեան լծի տակ բռնի հալածանքներ, որից յետոյ՝ Մեծ Եղեռնը…
Դաժան է եղել մեր ազգի ճակատագիրը, սակայն, այդ դաժանութիւնը անգամ, երբեք չի ջլատել հայ ժողովրդի ապրելու կամքը, ընդհակառակը՝ դաստիարակել է նրան դաժան ճակատագրի դէմ պայքարելու վճռականութեամբ:
Դեռեւս Հայկ Նահապետի ժամանակներից սկսած, հայ ժողովրդի դարաւոր պատմութեան ամէնից յատկանշական երեւոյթներից մէկը եղել է հուրի եւ սուրի ճանապարհով դրոշմել իր կեանքը՝ գերբնական պատասխանատուութեան զգօնութեամբ:
Ձուլման ճանապարհով մեզ անհետացնել չկարողացան, ո՛չ Բիւզանդական հզօր կայսրութիւնը, ո՛չ Օսմանեան լուծի բռնութիւնները եւ հալածանքները եւ ո՛չ նոյնիսկ Ցեղասպանութիւնը: Ինչո՞վ է բացատրւում մեր ժողովրդի դիմացկունութիւնը:
Իր ազգը ամրօրէն պահպանելու պատասխանատուութեան վճռականութեամբ:
Պատմական դէպքերը պէտք է գնահատել իրենց ժամանակի մէջ:
Ի ուրախութիւն եւ ի պաշտպանութիւն մեր ժողովրդի, 405 թ. զարմանահրաշ ձեւով ունեցանք գրաւոր մեր ժողովրդի հիմնական եւ անփոխարինելի երաշխիքը:
Դարեր են եկել ու անցել, թագաւորութիւններ են ստեղծուել եւ կործանուել, բայց հայոց լեզուն, կրօնը եւ մշակոյթը մնացել են անսասան:
Ասեմ աւելին,-
— Մարդկութեան պատմութեան մէջ չի եղել մի ազգ, որ այդքան երկար ժամանակ եւ այդքան անթարթ, կարողանայ նայել մահուան աչքերին եւ տաժանակիր, ծանր հոգեյաղթանակով եւ իր հպարտ ճակատը զարդարի անթառամ դափնեպսակով…
Հակառակ Հեկտորի՝ Տրովադան կործանուեց.
Հակառակ Հաննիբալի՝ Կարթագէնը այրուեց.
Չնայած անձնուրաց հերոսամարտի՝ Կոնստանդին Տրակոցեսի Այա-Սոֆիայի գմբէթներին մահիկը յարեց.
Առասպելական Փարիզը երիցս անձնատուր եղաւ…
Իսկ մեր Լենինգրադը՝ Բալթիկայի թագուհին մեռաւ, բայց չյանձնուեց եւ նորից ծնուեց…
Թուել բոլորը՝ անհնար է.
Այսքանը բաւական է ապացուցելու մեր ազգի քաջութիւնը, անկոտրում կամքը, հոգու արիութիւնը, անձնազոհութիւնը եւ հայրենասիրութիւնը: Յիշեցնեմ, որ մեր հաւատն է, որ յաղթում է աշխարհին:
Անդրադառնանք մեր լեզուին: Մեր նախնիները ապրեցին Մեսրոպեան շնչով, ստեղծագործեցին Մեսրոպեան տառերով, պահպանելով մեր այբուբենը իբրեւ սրբութիւն, որը շարունակ զարգացրել են, բիւրեղացրել եւ նոյն սրբութեամբ յանձնել են մեզ, հետեւաբար, մենք էլ նոյն սրբութեամբ, արժանապատիւ ձեւով, պարտաւոր ենք փոխանցելու մեր յաջորդներին, որը մեր բոլորի սուրբ պարտականութիւնն է: Եւ քանի որ մեր ապագան տնօրինողը մեր երիտասարդներն են, միայն նրանք կարող են նոր շունչ, նոր կեանք եւ նոր ուղղութիւն տալ ազգապահպան սուրբ եւ չափազանց կարեւոր այս գործին:
Սփիւռքում ազգապահպան խնդիրը շատ ճիշդ ձեւով է դրուած, որը պիտի օրինակ ծառայի նաեւ մեր հայրենակիցներին: Ներկայ իրավիճակում, սփիւռքում ազգապահպան խնդիրը միայն պէտք է լուծել լեզուի իմացութեամբ:
Մեր երիտասարդները պիտի ամէն կերպ ժամանակ գտնեն, որպէսզի գրեն եւ կարդան հայերէն, խօսեն հայերէն եւ կարողանան իրենց մտքերը ճիշդ արտայայտեն հայերէն եւ վերջապէս՝ «հայ» մնան…
Ինչպէս արել են մեր նախնիները տարիներ շարունակ՝ դիմագրաւելով բազմաթիւ դժուարութիւններ:
Անհերքելի փաստ է, որ մեր անցեալը հարուստ է եղել վսեմ արժէքներով, բարոյական արժէքներով եւ ամենակարեւորը՝ կամքի հսկայ ուժով, այս հարցի համար մղուած պայքարում:
Մեր երիտասարդները պիտի չմոռնան, որ յունարէնը միայն աշխատելու եւ ապրելու լեզու է, իսկ հայերէնը՝ գոյատեւելու:
Անժխտելի փաստ է, որ առանց լեզուի կը դադարենք ազգ լինելուց եւ կը դառնանք անդիմագիծ մի ժողովուրդ:
Ամէնուրէք լսում ենք մի արտայայտութիւն,-
— ժամանակներն են մեղաւոր, որ երիտասարդները գիրք կամ լրագիր չեն կարդում: Իսկ ի՞նչ մեղք ունեն ժամանակները, երբ մարդիկ իրենք են տնօրինում իրենց ժամանակը եւ հէնց այդ ժամանակի ընթացքում են իրականութիւն դառնում մարդկային մտքի թռիչքներն ու վեհ գաղափարները:
Եթէ մեր սերնդի երիտասարդների հոգեւոր սնունդը ընթերցելն էր, այժմ հոգեւոր արժէքները իրենց տեղը զիջել են նիւթական արժէքներին եւ բոլորովին պատահական չէ, որ երիտասարդները չեն կարդում (ի հարկէ, ոչ բոլորը):
Հիմնական պատճառը, ի հարկէ գիտատեխնիկական բնագաւառի կտրուկ առաջընթացն է. բջջային հեռախօսներ, սոց. ցանցեր, ինտերնետային հաղորդագրութիւններ: Քանի որ օգտուելը՝ աւելի մատչելի է, աւելի արագ եւ աւելի ճշգրիտ:
Դէ ի՛նչ, առաւելութիւնը բաւականին զգալի է, բայց ի հարկէ նրանց ո՛չ մէկը չի արգելում եւ ո՛չ մէկը չի փորձի անգամ արգելել օգտուելու դրանցից, պարզապէս մեր սերունդը գիտակցաբար պէտք է հասկանայ կարդալու կարեւորութիւնը եւ իրենց թանկարժէք ժամանակից մի փոքր էլ տրամադրեն ազգապահպան այս սուրբ գործին:
Քանի որ միայն կարդալով կարող են հասկանալ, որ մեր չքնաղ լեզուն իր մէջ պարունակում է աշխարհի գրեթէ բոլոր գոյները: Մեր լեզուն իր անբաւ գեղեցկութեամբ ու հպարտութեամբ դաւանանք դարձաւ մեր ազգի համար մեր ինքնութիւնը պահելու համար՝ պաշտպանելով այն ահաւոր փոթորիկներից, որ եկել եւ անցել են մեր հայրենիքով: Չմոռնանք մեր կրած զոհողութիւններն ու տառապանքները եւ միասնաբար կառուցենք խնդութեամբ ու բարիքով լիքը մեր վաղուայ օրը:
Թող Աստուած պահպանի մեր երիտասարդների անվարան սէրն ու հաւատը մեր հայրենիքի հանդէպ եւ թող առաջնորդի նրանց իրականութիւն դարձնելու մեր ազգային զարթօնքն ու երազանքները:
Անհրաժեշտ եմ համարում մեր երիտասարդների ուշադրութեանը ներկայացնել մեր հայոց լեզուի մասին իրենց կարծիքներն ու հիացմունքը արտայայտած մեր եւ օտարերկրեայ, բոլորիս կողմից ճանաչուած, համաշխարհային համբաւ վայելող մի քանի մեծութիւնների մասին:
Սկսեմ Միջնադարից: Գեղարդի վանքը միջնադարեան Հայաստանի ճարտարապետական նշանաւոր յուշարձաններից է, որը եղել է հոգեւոր եւ մշակութային կարեւոր կենտրոն: Գեղարդը յայտնի է նաեւ ժայռափոր իր խաչքարից եւ վիմագիր արձանագրութիւններով, որոնք բաւականին տեղեկութիւններ են հաղորդում ժամանակի իրադարձութիւնների մասին:
Աւանդութիւնն ասում է, որ Լենկ Թեմուրը ոտքի տակ տալով աշխարհի կէսը, եկել եւ հասել է Գառնու ձորը: Երբ նա տեսնում է այդ ժայռափոր երկու եկեղեցիները՝ Գառնին եւ Գեղարդը, տեսէք ինչ է ասում.
— Մեր ինչի՞ն է պէտք սա, ո՛չ շալակել տանել, մարդ պէտք է միայն տեսնի եւ անցնի այս ադամանդափայլ հրաշք շինութիւնները: Այդ օրուանից օտարները այդ ժայռափոր հրաշք եկեղեցին անուանեցին՝
Տե՛ս եւ անցիր.
Դարերի հետ շատ նուաճողներ են եկել եւ անցել, իսկ մեր այդ անկրկնելի շինութիւնը մնացել է կանգուն եւ անսասան, որը ժայռերի մէջ քանդակել է ճարտարապետ Գալձակը:
21րդ դարի ամերիկացի նկարիչ Ռոքուէլ Քենտը գրել է.
— Եթէ ինձ հարցնեն, թէ մեր մոլորակի վրայ որտե՞ղ կարելի է հանդիպել առաւել շատ հրաշքների, ես առաջին հերթին կուտամ Հայաստանի անունը…
Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այդպիսի մի փոքրիկ անկիւնում կարելի է հանդիպել այնպիսի յուշարձանների եւ այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել աշխարհի զարդն ու հպարտութիւնը:
Ճիշդ է նկատել յարգարժան նկարիչը, դարերի խորքից եկող մեր ժողովուրդը, քարերի երկրում, շունչ եւ հոգի է դրել քարերի մէջ, նրանով արտայայտել է իր երազանքներն ու գեղեցիկ զգացմունքները, քանդակել մեր հերոսական պատմութիւնը եւ Մեսրոպեան գրերի միջոցով անմահացրել մագաղաթների վրայ:
Սրանք, ովքեր ճանաչում են հայերին, անպատճառ ցանկանում են ներթափանցել հայոց լեզուի շշմեցուցիչ գունազարդ, հեքիաթային աշխարհը:
Հայոց լեզուն մեր ժողովրդի հպարտութիւնն է բառերի զարմանալի հարստութեամբ: Մերը գեղեցիկ է, կարեւորը՝ այն պահպանելն է…
Լորդ Բայրոնը 1816 թուին գալիս է Վենետիկ, Ս. Ղազար, հայոց միաբանութիւնում սովորելու հայոց լեզուն, հէնց առաջին օրերից նա հմայւում է հայկական մանրանկարչութեամբ եւ մեծ հիացմունքով է արտայայտուել հայկական մշակոյթի մասին: Լեզուն սովորելուց յետոյ նա գրում է.
— Ես սովորեցի հայերէնը, որպէսզի հասկանամ, թէ ինչպէ՞ս եւ ի՞նչ լեզուով են խօսել աստուածները…
Նա Հայաստանը համարում է Աստուածների հայրենիքը եւ ասում է, որ Աստուածները ծնունդով Արարատեան դաշտավայրից են եւ աւելացնում է.-
Աշխարհում չկայ ուրիշ մի երկիր, որը յագեցուած լինի այդքան հրաշքներով, ինչպէս հողը հայերի…
Երկրագնդում չկայ մի ուրիշ երկիր, որտեղ առկայ լինի այդքան Աստուածային մաքրութիւն եւ ազնուութիւն…
Յոյն հանրայայտ երգիչ, համաշխարհային ճանաչում վայելող Տեմիս Ռուսոսը, երբ եղել է մեր հայրենիքում, իր հիացմունքն է յայտնել մեր երկրի, մեր մշակոյթի, մեր երաժշտութեան եւ վերջապէս մեր ժողովրդի մասին:
Իսկ երբ այցելել է Սուրբ Էջմիածին, լսել է Սուրբ Պատարագը եւ ունկնդրել երգչախմբին, գրել է.
— Ինձ վրայ անջնջելի տպաւորութիւն թողեց այդ բոլորը եւ ես վստահ կարող եմ ասել.-
Աշխարհի լաւագոյն երգչախմբերից մէկը Սուրբ Էջմիածնի երգչախումբն է: Նա հիացել է մեր ժողովրդի բարութեամբ, հիւրասիրութեամբ եւ նրանց դաստիարակութեամբ:
— Օ՛, ես շատ լաւ տպաւորութիւններով ետ վերադարձայ, հրաշալի ժողովուրդ են հայերը, բոլորը, որոնց հետ ես հանդիպեցի, հոյակապ մարդիկ էին:
Վիկտոր Համբարձումեան
Աշխարհահռչակ աստղագէտ, արդի աստղագիտութեան անվիճելի հսկայ, բոլոր ժամանակների մեծագոյն աստղագէտ, բազմաթիւ տիտղոսների արժանացած, Բիւրականի աստղադիտարանի տնօրէն եւ յետոյ՝ Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի նախագահ:
Վիկտոր Համբարձումեանը, որը բազմաթիւ լեզուների էր տիրապետում, գերագոյն սրբութեան պէս պաշտեց իր մայրենի լեզուն: «Ինձ յաջորդող սերունդներին կտակում եմ՝ տիրապետել հայոց լեզուին: «Այդ կապակցութեամբ, իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է սովորեցնել իր յաջորդին հայոց լեզու: «Իմացէ՛ք, որ իմ կեանքի ամենամեծ երջանկութիւնը եղել է ու կը մնայ — քանի ապրում եմ — հայոց լեզուին տիրապետելը»: Նա վախճանուեց 88 տարեկան հասակում: Նա մեր ազգի հպարտութիւնն էր:
Առանց երեւակայութեան ասել է նա,- «Հոգին նոյնն է, ինչ հայ ժողովուրդը՝ առանց հայոց լեզուի»:
Բազմաթիւ նման օրինակներ կարելի է բերել հազարներով:
Սա մի քաջալերանք է այն երիտասարդների համար, ովքեր ցանկութիւն կ՚ունենան աւելի խորը ուսումնասիրելու մեր հրաշք լեզուն:
Ինչպէս գրել է մեր անկրկնելի Նայիրի Զարեանը՝
«կը մոլորուէր մեր քարաւանն ամպրոբաշունչ գիրերներին, կը կորչէինք, եթէ ճամբին՝ չբոցկլտար հայոց լեզուն:
Ձօն հայրենիքիս
Լ. Ալթունեան
Թերեւս աշխարհում,
Ո՛չ մի հայրենիք
Մեծ ու վիթխարի,
Զօրեղ ու կարող,
Ո՛չ մի հայրենիք,
Չունի այնքան սէր,
Ու այնքան կարօտ,
Որքան այս մի բուռ-
Բռում սեղմուած,
Երկիրը հայոց…