ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ
Պապս՝ Մարգար Դաւթի Ղազարեանը, ծնուել է 1902թ. (կամ 1907թ.), Վանի նահանգի Նորշէն գիւղում: Պապս թոռն էր Նորշէնի գիւղապետ Ղազարի, որի տոհմը, ինչպէս եւ հայկական շատ ու շատ գերդաստաններ, խիստ ճիւղաւորուած էր: Համիդեան կոտորածներից յետոյ, երբ շատերի համար պարզ է դառնում, որ հայութեան գլխին այլեւս օրհասական մի աղէտ է կախուած, Ղազարենց գերդաստանից կարողութեան տէր բաւականին թուով անձինք թողնում են Վասպուրական աշխարհն ու մեկնում Եւրոպա եւ Ամերիկա՝ յորդորելով Ղազարին միանալ իրենց: Սակայն Ղազարն անսասան կապուած էր իր հողին, իր գիւղին:
Եկաւ արիւնարբու 1915 թուականը, երբ Վանի գիւղերը ենթարկուեցին կազմակերպուած յարձակումների: Պապիս պատմածով՝ Նորշէնի բնակինչերը՝ Ղազարի գլխաւորութեամբ որոշում են պատսպարուել կղզում: Նախեւառաջ կանանց, երեխաներին ու ծերերին նաւակներով տանում են կղզի, յետոյ վերադառնում են դատարկուած Նորշէն՝ ցորեն ու սննդամթերք հասցնելու ժողովրդին:
Ղազարն իր տոհմի այլ ներկայացուցիչների պէս՝ հսկայ էր, մօտ երկու մետր հասակով, ֆիզիկական մեծ ուժով: Նա իր ուսերին է շալակում միանգամից երկու պարկ ցորեն ու տանում նաւակներ: Շուտով դրանք լցւում են պարկերով: Բայց հեռուից հեռու արդէն նշմարւում են թուրք հրոսակները: Տղամարդիկ բղաւում են, որ Ղազարն արդէն թողնի պարկերն ու շտապի դէպի նաւակները: Սակայն Ղազարը քաջ գիտակցում էր, որ ցորենի իւրաքանչիւր բուռ մի մարդու կեանք կարող էր արժենալ. նա հրաժարւում է դադարեցնել աշխատանքը եւ շարունակում է պարկերը հասցնել նաւակներ, մինչեւ որ ընկնում է հեռուից արձակուած թշնամու գնդակից…
Պապիս ու այլ նորշէնցիների պատմածից մեր ընտանիքում պարզ չէր, թէ ո՛ր կղզու մասին է խօսքը: Կարծում էինք, թէ այդ կզին պէտք է Աղթամարը լինի: Հետագայում, երբ ես զբաղուեցի հարցով, հասկանալի դարձաւ, որ դա ամենայն հաւանականութեամբ եղել է Լիմ կղզին, որը յայտնի էր իր հնադարեան «Ս. Գէորգ» անապատով: Ենթադրութիւնս հաստատուեց, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Արարատ» ամսագրում (1915, էջ 177-178) գտայ պաշարուած վանեցիների ահա այս աղերսը՝ ուղղուած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Սուրէնեանցին.
Գթառատ եւ Վեհափառ Տէ՛ր,
Ձայն գուժի՜, Ձայն ողբի և աղաղակի՜ տարաբախտ որդիքդ Ազգանազեան զարմի ամէնքը մէկ հարուածով յարմատէ կոտորեցան, աւերակ ամայացեալ անապատացեալ երկիրը կուլայ եւ կը խնդրէ իր կորսուած որդիները ու չի կրնար գտնել, զի այլ եւս չկան:
Հինգ տարեկան մանուկէն մինչեւ հարիւրամեայ ծերունին սրախողխող եղան, հարսունք եւ կուսանք միահամուռ գերուեցան, գիւղ եւ դաշտը, լեռ ու ձորը, նկուղ ու հորը լիք են հայոց դիակներով, գայլեր ու գազաններ յագեցան՝ գոհացան հայոց արիւնով, գետեր եւ աղբիւրներ կարմիր փոխուած են, սակայն տակաւին մարդ գազան թիւրք կառավարութիւնը չի յոգանար, չի յագենար, դեռ կը փնտռէ՝ դեռ կ’որոնէ՝ նկուղներէն՝ ձոր ու փոսներէն՝ աղուէսներու պէս դուրս կը հանէ ու կը խողխողէ:
Վասպուրականը որպէս ապստամբ եւ հակառակ ներկայացուցուած է թուրք կենդրոնական կառավարութեան, եւ Արքայավաւեր հրովարտակով ազատ ու համարձակ սկսեալ Ապրիլ 6ին մինչ Ապրիլ 14ը, այս տողեր գրուած րոպէին տակաւին կը կոտորուին անմեղ հայեր, եւ քար ու հողը կը ներկուի հայու անմեղ արիւնով:
Միմիայն մօտ 3000 երիտասարդներով եւ նոյն թուով կոյսերով եւ հարսներով պատուած ծրարուած կամք Լիմ Անապատի կղզիի մէջ՝ համրելով օրհասականիս:
Ոչ մի կողմէ օգնութիւն, ոչ մի կողմէ փրկութիւն Աստուծմէ ի զատ, ի սէր Աստուծոյ, Հայր, Հայր, ողորմէ մեզ, անմիջական եւ երագահաս ըրէ օգնութեան Ձեռքը եւ փրկութեան ժամը:
Եթէ երեք օր ալ ուշանայ գուցէ ալ ոչ ոք մնայ, բացի կոճչայեալ հայ գաւառներէն:
Ա՜հ, սա փտտած եւ մէջ պարապ մի ծառ էր, ի՞նչու ռուսական մի թեթեւ հովն ալ այսքան ուշացաւ:
Սահմաններ պարապ են, ուժը չկայ Վանի մէջ, եթէ ռուս կառավարութիւնը զբաղուած է, գէթ երկու կամ երեք հազար մեր համարիւն եղբայրներէն մեզ օգնութիւն փութացնելու շնորհ ու գթութիւն թող չզլանայ նոյն քրիստոնէապաշտպան հզօր կայսրութիւնն եղջերուներու ոտներով եւ Արծուի թեւերով: Կը հաւատանք, որ թուրքը ի սպառ պիտի իյնայ Վանի մէջ: Վանը պարիսպներով ներս հրդեհուած ու կոտորուած է, իսկ Այգեստանը կը լսուի թէ տակաւին կը մնայ դիմադրական, շրջապատուած բոց ու կրակով:
Արդ յոյսներիս ու սրտերնիս առ Բարձրեալն Աստուած, իսկ աչքերնիս դէպի օգնութեան շաւիղներ յառած, կը սպասենք կիսամեռ: Արդեօք, Աստուած մեր, չենք գիտեր Ձեր օգնութիւն երագահաս պիտի լինի՞, եթէ ոչ թուրք կառավարութեան թնթանօթներ կամ զինուորներով լեցուած նաւերը:
Կղզիաբնակ սեւաբախտ եւ սգաւոր կրօնականք եւ աշխարհականք:
14 Ապրիլի 1915
Լիմ Ա. Անապատ
Լիմի «Ս. Գէորգ» վանքում գիւղացիները փակուած են մնում մօտ մէկ ամիս: Երբ պաշարումը դադարում է, նրանք ցամաք են վերադառնում: Լճափին դեռ ընկած էր իրենց կեանքը անձնազոհաբար փրկած Ղազարի ուռչած մարմինը: Երախտապարտ վանեցիները հէնց տեղում զայն մայր հողին են յանձնում: Իսկ յետոյ սկսւում է գաղթի ճանապարհը դէպի «ռուսական հող»՝ Արեւելեան Հայաստան: Այդ ուղին իսկական խաչի ճանապարհ էր, որին բոլորը չէ, որ դիմանում էին… Այսպէս, ինչ-որ տեղ պապիս ընտանիքը թփերի տակ մանկան լաց է լսում: Մօտենալով՝ տեսնում են, որ մանուկն իրենց ազգականն է՝ Յովակիմ անունով: Նրան վերցնում են իրենց հետ ու առաջ գնալով, ինչ-որ բնակավայրում տեսնում են երեխայի մօրը: Պարզւում է, որ մայրը, չդիմանալով դժուարութիւններին, երեխային դիտաւորեալ էր թողել ճամբին…
Երբ վերջապէս հասնում են Արեւելեան Հայաստան, պապիս հայրը՝ Դաւիթը, ընտանիքը թողնում է Արտաշատում, իսկ ինքը մեկնում է Էջմիածին, որպէսզի այնտեղ տուն գնի: Նա իր կաշուէ գօտու մէջ էր կարել հարիւր յիսուն տաճկական ոսկի, որը եւ ընտանիքի ամբողջ ապրուստն էր: Էջմիածնում այդ օրերին կուտակուել էին բազմահազար գաղթականներ՝ առանց անհրաժեշտ սնունդի, միջոցների, դեղօրայքի: Եւ շուտով խոլերան սկսում իր հունձքը: Մահուան գերանդին տանում է նաեւ Դաւթի կեանքը. նա վարակւում է մահաբեր հիւանդութեամբ եւ թաղւում եղբայրական գերեզմանոցում, իսկ նրա կինն ու որդին Արտաշատում մնում են առանց որեւէ միջոցի: Պապիս մայրը՝ Հերիքնազը քանդում է իրենց հետ բերած բարձերը, եւ դրանց միջի բամբակից կարողանում է երկու զոյգ գուլպայ գործել: Վաճառուածի գումարով աւելի բամբակ են գնում, եւ վաճառքի են հանւում էլի մի քանի զոյգ գուլպաներ: Եւ այսպէս շարունակակ, մինչեւ որ ստացւում է ամէնօրեայ հացի գումար վաստակել: Հետագայում Հերիքնազն ամուսնանում է, իսկ գործունեայ պապս նոյնիսկ պարէնի կրպակ է բացում եւ տասնեօթ տարեկանում ամուսնանում է տասնհինգամեայ տատիս՝ Վարսենիկի հետ: Նրա մասին ես արդէն պատմել եմ մի առանձին հրապարակմամբ (տես http://azator.gr/?p=1856):
Իսկ յետոյ պիտի գային Երկրորդ Աշխարհամարտի աշխարհաւեր տարիները: Բարեբախտաբար, Մարգար պապս՝ առողջական պատճառներով, ծառայութիւնն անցկացնում է թիկունքում, եւ ոչ թէ ռազմաճակատում: Պատերազմից յետոյ նա վերադառնում է Երեւան, որտեղ ընտանեօք բնակութիւն էր հաստատել դեռ պատերազմից առաջ, եւ աշխատում է հասարակ բանուոր քիմիական գործարանում: Տանը իր սիրած տեղը նկուղն էր, որտեղ սիրում էր իջնել, մէկ բաժակ օղի խմել ու գաղտնի երգել ազգային-ազատագրական երգերը: Կեանքի վերջին տարիները նա անցկացրեց կուրացած ու անկողնային վիճակում. կուրացել էր, քանի որ գործարանում թունաւոր նիւթ էր ժայթքել ու վնասել աչքերը: Նա մահացաւ 1987թ., մինչեւ վերջ էլ երազելով Վանայ ծովակն ու իր հայրենի Նորշէնը տեսնելու մասին…