«Ուրիշ ճանապարհ չկայ,
ներսից է լինելու փրկութիւնը,
որովհետեւ ներսից ենք փտած»:
Յով. Թումանեան
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Իմաստունները միշտ թելադրել են, որ եթէ չգիտէք՝ ո՞ւր էք գնում, ապա ստուգէ՛ք եւ մի՛ մոռացէք, թէ որտեղի՛ց էք գալիս։
Մեր կարծիքով՝ ճիշդ կը լինէր, որ այս իմաստութիւնը որպէս բնաբան գրուէր մեր սիրելի երկրի կառավարութեան բոլոր գրասենեակների պատերին, գործող նախագահի լուսանկարի կողքին։
Միաժամանակ՝ յիշեցնենք յարգելի ընթերցողին, որ երկրի անկախութեան կամ Արցախի ազատագրման XYZամեակները շքերթներով նշելն ու շքանշան-պատուոգրեր բաժանելը վստահօրէն մեզ ուրախացնում են, բայց անկեղծ լինելու համար պիտի շեշտեմ, որ մեզ չեն ջերմացնում։
Ինչո՞ւ։
Որովհետեւ բազում են չլուծուած եւ մոռացութեան մատնուած մեծ կամ փոքր խնդիրները, որոնց մի մասը թերեւս անլուծելի են առ այժմ եւ բարենպաստ պայմանների ու հնարաւորութիւնների կարիքն ու պահանջն ունեն, որոնց կողքին նաեւ շատ են խնդիրները, որոնք լուծելի են, նաեւ առանց դժուարութիւնների, բայց աչքաթող են արուած, քանզի այդ վիճակը ըստ երեւոյթին կա՛մ շահաբեր է որոշ շրջանակների համար, կա՛մ ուղղակի անփութութիւնն ու տհասութիւնը տիրակալ են։
Աչքառու է եւ անհնար՝ չնկատել, որ մեր երկիրը օրէց-օր հեռանում է առողջ բնօրինակ հայկական միջավայր ու հայու օրրան լինելուց եւ այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ ոչ ոք պատկան մարմինների շրջանակներում մտահոգուած է մեր ինքնութեան պահպանման, վերականգնման ու նաեւ զարգացման խնդիրներով։ Մենք այն միամիտներից չենք, որոնք կարծում են, թէ կախարդական փայտիկի միջոցով կարելի է հարցեր լուծել կամ կարգաւորել։ Այդ անելու համար տարիներ են պէտք՝ պարուրուած ճգնանքով եւ քաղաքական կամքով։
Մեր խօսքը այն է, թէ որքան անցնելիք ճանապարհը երկար լինի, այն պարտադրաբար սկսւում է առաջին քայլով։ Ահա այդ սկզբնական քայլի բացակայութիւնն է մեզ անհանգստացնողը։
Եթէ հանրութեան առջեւ լինի որոշակի ծրագիր, ուր պարզօրէն ներկայացուեն, թէ ի՞նչ ուղղութեամբ պիտի ընթանանք եւ ի՞նչ մակարդակի դժուարութիւններ պիտի յաղթահարենք, իմ ներքին համոզմունքն է, որ ո՛չ մէկ հայ չի զլանայ մասնակից լինելու այդ լուծը քաշելու՝ ներառեալ սփիւռքի մասնակցութիւնը, որքան էլ ծանր լինի այն։
Որպէս առկայ փաստացի օրինակ կարելի է նշել մեր քաջարի մարտիկնրին շփման գծի վրայ, որոնք օր ու գիշեր զգաստ ու պատրաստ դիմագրաւում են դիմացի բորենիների ոտնձգումներին, չնայած ցաւօք՝ յաճախ ենք անմեղ կորուստներ ունենում։
Այստեղ կ՝ուզեմ մի փոքր շեղուել՝ թողնելով առկայ մտորումների շաւիղը, ու անդրադառնալ այն փաստարկումներին, որ լսում եմ Երեւանում՝ տարբեր հասակակիցների հետ հանդիպումների ընթացքին, որոնցից ոմանք 88-92ի իրադարձութիւնների կենդանի մասնակիցներն ու վկաներն են եղել։ Ընդհանուրի կարծիքն այն է, որ հայապահպանման բնագաւառում, բնական սերնդափոխութեամբ որակական մեծ կորուստ է ունեցել մեր ներկայ հասարակութիւնը։ Անկախութեան համար պայքարի օրերին հայեցի մտածելակերպը եւ հողի տէրը լինելու իրաւունքի զգացումը հաստատօրէն առկայ էին ճնշող մեծամասնութան գիտակցութեան մէջ եւ դա տեւեց այնքան ժամանակ, մինչեւ որ յանցագործ աշխարհի տարրերը կարողացան սղոսկուել պետական կառոյցներ՝ մոսկովեան դրածոների հետ միաժամանակ՝ ձեռք-ձեռքի բռնած։ Ամէն ինչ փոխուեց, ալան-թալանը սկսուեց, մութ եւ ցուրտ ձմեռների հետ մէկտեղ՝ սկիզբ առաւ չարաբաստիկ արտագաղթը, որի վերջը դեռ չի երեւում։
Աւելի՛ն. մեր յարգարժան նախագահներից մէկը նոյնիսկ համարձակուեց յայտարարելու, թէ «ի՞նչ վատ է, որ գնում են ու փող են ուղարկում»։ Յիշեցնենք՝ նաեւ. եթէ 15-23ին Եղեռնից գաղթողները գնում էին իրենց գլուխը փրկելու համար՝ յանձնուելով ճերմակ ջարդի ճիրաններին, ապա այսօրուանները ուղղակի գնում են ինքնասպանութեան, չնայած այնտեղ ոմանք նիւթական յաջողութեան են հասնում, բայց ի վերջոյ դատապարտուած են կորստեան, որի խթաններն են խառն ամուսնութիւններն ու լեզուամտածողութեան բացակայութիւնը։
Ներկայիս, երկրում ստեղծուել է այնպիսի մթնոլորտ, ուր ճշմարտութիւնը լինելով բացարձակապէս եզակի երեւոյթ, չունի այլեւս որեւէ ստոյգ իմաստ, իսկ իրականութիւնը՝ կորցրել է իր կարեւորութիւնը, հապա ի՞նչ ասել հայեցիութեան հետ կապուած բարոյական արժէքների մասին՝ մշակոյթ, արուեստ, մամուլ, լեզու, խօսելաձեւ, որոնք ոտքի տակ են առնուած եւ ընդհանուր խառն ու շփոթ միջավայրում իւրաքանչիւրը իր ցանկութեամբ է վարւում իր գիտելիքների մակարդակի եւ զգայնութեան համեմատ։
Աստ՝ ցաւօք, տգիտութիւնը տիրակալ է։
Այս գորշ պատկերը ապացոյց չէ, թէ երկրում ամէն ինչ վատ է ու անվերականգնելի, այլ մեզ տանում է այն եզրակացութեան, որ այնտեղ բացակայ է այն համակարգող «մեքանիզմ»ը, որը պիտի կարողանայ համախմբել բոլոր այն ներուժ հանդիսացող արժէքները, որոնք սատարում են համահունչ հայեցի հասարակութիւն ձեւաւորելու, իսկ փոխարէնը, ամերիկեան հնչողութեամբ՝ «Ձկան հոտ է գալիս»։
Այս բոլորի մէջ միակ յանցաւորը իշխանութիւնները չեն, եւ կարելի է նշել, որ գլխաւոր բացական՝ մեր ժողովուրդն է եւ նա, ամբոխից այն կողմ չի անցնում։ Ցաւօք, նրան են նմանւում իրենց ընդդիմադիր համարողները, որոնք պահանջուածից շատ աւելի բազմաթիւ են եւ ոչ մէկ բանի չեն ծառայում։
Ինչի՞ է նմանւում վերջերս երկրով մէկ հնչող՝ եղած փողոցների անուանափոխութեան խնդիրը, որ տհասութիւնից հեռու չէ՝ մեղմ խօսելով։
Եթէ նոյնիսկ որոշ աննշան տրամաբանութիւն կայ այդ քայլերը ձեռնարկելու համար, արդեօք կարիք կա՞ր այդքան աղմուկ հանելու, փոխանակ հանդարտօրէն ժամանակի ընթացքին այն կարգաւորելու։ Եւ վերջապէս ո՞րն է այդ խնդրոյ կենսունակութեան աստիճանը, մինչդեռ, երբ ամբողջ թաղամասեր ու գիւղեր խմելու ջուր չունեն այդ մասին խօսող ու անհանգստացող չկայ, իսկ ըստ պաշտօնական տուեալների՝ առաքուող ջրի մօտ կէսից աւելին կորչում է ճանապարհին։
Մէկ այլ անհանգստացնող թեմա է մեր բանակի բացակայութիւնը Վրաստանում անցկացուող ՆԱՏՕի զօրավարժութիւններին, թուրքերի, ազերիների եւ միւսների կողքին։
Շատերն են բարձրաձայն հանդէս գալիս այդ նիւթի մասին իրենց իրարամերժ տարբերակներով, եւ այն վիճակն է ստեղծւում, թէ ոչ ոք ոչինչ չի հասկանում, իսկ իրական դերակատարները բացակայ են եւ հանգիստ։ Մեզ մնում է եզրակացնել, որ մեր պահապան եւ մեզ շատ սիրող հրեշտակները այդպէս են կամեցել ու կարգադրել։
Պիտի համարձակուեմ հնչեցնել մի հարց, որ նոր չէ եւ տարիներ, եթէ չասենք դարեր շարունակ շատերին է անհանգտացրել եւ մնում է արդի խնդիրներից մէկը, այն է, թէ հայ լինելու համար հայերէն խօսելը պարտադիր ու կարեւոր է՞, թէ՞ ոչ։
Քաղքեդոնեան խնդիրներից մէկը կարելի է համարել այն։
Վերջերս Ֆրանսայի երկրորդ քաղաքը համարուող Լիոնի քաղաքապետ ընտրուեց ծագումով հայ Քեփենէկեանը, որ իր ֆրանսերէն ելոյթներից մէկի ընթացքին նշեց իր հայերէնին չտիրապետելու փաստը, բայց պնդեց եւ շեշտեց իր հայ լինելը։
Այդ պիղատոսեան բանաձեւը բազմիցս ենք լսել տարբեր արժանաւորների բերանից եւ նորութիւն չէ, անուններ չտանք։
Խնդիրը փոխում է իր տարողութիւնը, երբ այն տեղի է ունենում մայր հողի վրայ՝ մեր երկրի սրտում։ Յաճախ են ասուլիսներն ու մեկնաբանութիւնները հայրենի եթերում ռուսախօս հայրենակիցների հետ։ Արդեօ՞ք նրանք անփոխարինելի են ու անհրաժեշտ։
Այսուհանդերձ, բարեբախտաբար ամէն բան վատ չէ մեր սիրեցեալ երկրում։
Մեծ շուքով նշուեց Արցախի անկախացման 25ամեակը, միեւնոյն ժամանակ շահագործման յանձնուեց 114 կմ. երկարութեամբ Արցախը Հայաստանին կապող նոր ռազմավարական ճանապարհը, որ բոլորիս ուրախութեան գրաւականն է, միայն թէ այդ ուրախութիւնը կատարեալ չի լինում, քանզի ներկայ չէ հաւատքը պետութեան նկատմամբ եւ բազում են մեր հայրենաբնակ քոյրերն ու եղբայրները, որոնք մտահոգուած են, թէ ի՞նչ պիտի լինի վաղուայ օրը։