ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 25ամեակին նուիրուած զօրահանդէսի ընթացքում, օպերատիւ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգի ցուցադրութիւնից յետոյ, որոշ շրջանակներ ու յատկապէս ընդգծուած ռուսատեացներ հետեւողականօրէն հասարակութեանը փորձում են համոզել, որ այդ համակարգը բացարձակապէս չի բարձրացնում հայկական բանակի մարտունակութիւնը, մեծացնում է Հայաստանի անվտանգութեան սպառնալիքը, քանի որ երկիրը վերածում է թիրախի, եւ որ այդ համակարգը երբեք չի կրակելու, քանի որ նախ նրան թոյլ չեն տայ, երկրորդ՝ դրա հետեւանքները կը լինեն կործանարար մեզ համար:
Հանրային կարծիքի նկատմամբ այս քարոզչական էքսպանսիան (ծաւալումը) այնպիսի ջերմեռանդութեամբ է իրականացւում, կարծես յարձակման թիրախում ոչ թէ սեփական հասարակութիւնն է, այլ՝ հակառակորդի, որին պէտք է հոգեբանօրէն ոչնչացնել ցանկացած գնով ու ցանկացած մեթոդով:
Մինչդեռ իրավիճակն աւելի քան պարզ է ու բացատրելի:
Նախ՝ ինչ վերաբերում է «Իսկանդեր» համակարգն օգտագործել թոյլատրելուն. հարկ է նշել, որ այն ձեռք է բերել Հայաստանի բանակը: Եւ, ըստ էութեան, հէնց Հ.Հ. ԶՈւ.ն է որոշելու՝ ե՞րբ, որտե՞ղ ու ինչպէ՞ս այն օգտագործել: Եթէ Հայաստանի կամ Արցախի համար օրհասական իրավիճակ ստեղծուի, Հայաստանը չի սպասելու, թէ Մոսկուայից կամ Վաշինգտոնից կը տա՞ն այն կիրառելու թոյլտուութիւն, թէ ոչ: Էլ չենք խօսում այն մասին, որ ձեռք բերելով «Իսկանդեր»ը, Հ.Հ. ԶՈւ.ն զգալիօրէն մեծացնում է Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգութեան համակարգում:
Միւս կողմից՝ առնուազն քաղաքական անգրագիտութիւն է պնդումը, թէ այդ համակարգի ձեռքբերումը Հայաստանը վերածում է պոտենցիալ (հաւանական) թիրախի, յատկապէս՝ ՆԱՏՕի եւ Թուրքիայի կողմից: Մի քանի միջուկային գեր-տէրութիւններ ներառող Հիւսիս-ատլանտեան Դաշինքին «Իսկանդեր»ով սպառնալ կարող է միայն խելապակասը: Եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, ապա ՆԱՏՕն պէտք է սպառնալիք համարի իրեն սահմանակից բոլոր այն երկրներին, որոնք անգամ միջին հեռահարութեան հրետանային, հրթիռային կամ հրաձգային միջոցներ ունեն իրենց արսենալում (զինապահեստ): Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանը ՆԱՏՕի համար կարող էր թիրախ համարուել «Իսկանդեր»ը ձեռք բերելուց դեռ շատ առաջ, երբ այստեղ տեղակայուեց ռուսական ռազմակայանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հայաստանը նրա համար հիմա նոյնքան թիրախ է, որքան էր դրանից առաջ: Հնարաւո՞ր է աշխարհում գտնել քիչ թէ շատ դատելու ունակութիւն ունեցող որեւէ մէկին, ով կարծում է, որ մինչեւ այդ համակարգի ձեռք բերումը Հայաստանը Թուրքիայից որեւէ սպառնալիք չունէր:
Ընդհակառակը՝ մերօրեայ քարոզչական «կոլաբորացիոնիստները» (դաւադիրները) Հայաստանի համար «Իսկանդեր»ի ձեռքբերման նպատակայարմարութիւնը քննելիս համեստօրէն շրջանցում են այն փաստը, որ այդ համակարգն առաջին հերթին ոչ թէ նոյնիսկ Ադրբեջանի, այլ հէնց Թուրքիայի դէմ է զսպող, կանխարգելիչ գործօն դառնում, որովհետեւ մարդկային, ռազմական եւ տնտեսական ռեսուրսների (պաշարների) այն անհամեմատելի տարբերութիւնը, որը կայ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, հնարաւոր է գոնէ մասնակիօրէն փոքրացնել հէնց նման ռազմավարական նշանակութեան համակարգների, զինտեխնիկայի ձեռքբերման միջոցով:
Թուրքիայի հնարաւոր յարձակումը միշտ յանգեցնելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյապայքարի: Իսկ այդ դէպքում արդարացուած է ցանկացած, անգամ՝ միջուկային զէնքի կիրառումը: Այս իմաստով, եթէ իսկապէս Հայաստանը ընդամէնը մէկ դիվիզիոն (բաժանմունք) համակարգ է գնել, ինչպէս պնդում են ռուսական աղբիւրները, ապա այն քիչ է: Որքան էլ անիրական թուայ, որոնք կը ստիպեն Թուրքիային՝ անգամ մտքի ծայրով չանցկացնել թիրախաւորել Հայաստանը:
Իրականում անկախութեան 25 տարիներին Հայաստանի հիմնական աններելի բացթողումն եղել է հէնց այն, որ չի առաջնորդուել Թուրքիայի համար սպառնալիք դառնալու ռազմավարութեամբ, նաեւ՝ տեղական ռազմարդիւնաբերութեան համարժէք համալիրն ստեղծելու միջոցով:
Որեւէ մէկը չի կարող պնդել, որ եթէ արդէն «Իսկանդեր» համակարգ ունենք, ուրեմն Ադրբեջանից Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ապահովագրման հարցը վերջնականապէս լուծուել է, եւ այլեւս անելիք չկայ: Անելիք կայ եւ շատ՝ կապուած ինչպէս ներկայիս բնագծերն ու յենակէտներն ուժեղացնելու եւ ժամանակակից տեխնիկական միջոցներով յագեցնելու, այնպէս էլ հակառակորդի դիվերսիոն (խափանարար) յարձակումների ժամանակ, մարտավարական նշանակութեան ռազմական գործողութիւններում թշնամու կենդանի ուժի, ուղեկցող տեխնիկական միջոցների ոչնչացման, առաջխաղացումը կանգնեցնելու եւ արդիւնաւէտ յարձակում կազմակերպելու հետ:
Այստեղ «Իսկանդեր»ը օգնել չի կարող: Բայց եթէ ամբողջ աշխարհն առաջնորդուէր բացառապէս այս տրամաբանութեամբ, ապա միջուկային զէնք ընդհանրապէս չէր ստեղծուի, եղածներն էլ վաղուց արդէն ոչնչացուած կը լինէին: Միջուկային զէնքը չի ստեղծւում առաջին իսկ դիվերսիայի ձեռնարկման կամ դիպուկահար մէկ-երկու կրակոցի դէպքում կիրառելու համար: Այն ստեղծւում է պատերազմի սպառնալիք ստեղծելու կամ այդ սպառնալիքը չէզոքացնելու, սահմանափակելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը միջուկային զէնք ունենալու իրաւունք չունեն: Նրանց եւ նրանց պէս երկրների համար «Իսկանդեր»ի նման համակարգները ձեռք են բերում իրենց հակամարտութեան եւ առաւելագոյնը տարածաշրջանի մասշտաբով միջուկային զէնքի նշանակութիւն: Փաստ չէ, որ վաղը նաեւ Ադրբեջանը դրանից ձեռք չի բերելու: Եթէ նման համակարգերը նուազեցնում են մասշտաբային եւ անկանխատեսելի հետեւանքներով յղի պատերազմների հաւանականութիւնը, ապա ինչո՞ւ չունենալ: Ուրեմն աւելի լաւ է մշտապէս ապրել այդ պատերազմի սպառնալիքի պայմաններո՞ւմ:
Իսկ եթէ համարում են, որ, միեւնոյն է, անգամ այդ համակարգների ձեռքբերումը նման պատերազմները չի նուազեցնելու, ապա ի՞նչ անել. սպասել, թէ ե՞րբ հակառակորդն այն ձեռք կը բերի: Ադրբեջանին պատերազմի ընդամէնը չորս օր անհրաժեշտ եղաւ՝ «Սմերչ» ռէակտիւ համազարկային կայանքները գործողութեան մէջ դնելու համար: Հնարաւո՞ր է բացառել առաւել մեծ հեռահարութեան եւ կործանարար ուժով օժտուած հրթիռային համակարգների կիրառումը ֆաշական մի երկրի կողմից, որտեղ քնում ու զարթնում են ցանկացած գնով Հայաստանն ու Արցախը երկրի երեսից ջնջելու մարմաջով:
Եթէ, Աստուած մի արասցէ, Ադրբեջանն ունենար նման համակարգ եւ ընդամէնը ցուցադրէր իր զօրահանդէսում, ի՞նչ էին ասելու նոյն այդ շրջանակները, շնորհակալութի՞ւն էին յայտնելու ռուսներին եւ Հայաստանի իշխանութիւններին, որ խուսափել են, նրանց ներկայացրածի համաձայն, բացարձակապէս անպէտք այդ համակարգը ձեռք բերելուց… Ո՛չ, չկասկածէք՝ նրանք ամբողջ կոկորդով բղաւելու էին, որ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը հերթական հարուածն է հասցնում Հայաստանի թիկունքին, իսկ այստեղ շարունակում են 80ականների զէնքով զինել զինուորներին: