ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ «Ակօս»
Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտից եւ զինադադար յայտարարուելուց յետոյ, թրքական կոտորածներից ու հալածանքներից փրկուած Կիլիկեան Հայաստանի բնակչութիւնն սկսել է մի քիչ ազատ շունչ քաշել։ Խաղաղութիւնն իր հետ ազատութիւն բերելով՝ մարդիկ սկսել են նաեւ ստեղծագործական աշխատանքով վերապրել։
Թրքական բռնութիւններից ազատուած հայութեան մի որոշ մասը սկսել է կամաց-կամաց վերադառնալ իր հարազատ բնակավայրը։ Նրանց են միացել նաեւ աքսորից ու գերութիւնից ազատուած բազմաթիւ մտաւորականներ։
Արաբական անապատներից, Տէր Զօրի տարածութիւնից ողջ մնացած գաղթականութեան մնացորդներն անտէր ու անտէրական որբերի հետ ժամանակաւոր ապաստան են գտել Պէյրութում, Հալէպում եւ Կիլիկեան հայաբնակ քաղաքներում ու գիւղերում։ Ապրել են բաց երկնքի տակ, լաւագոյն դէպքում՝ թիթեղածածկ վրաններում դիմակայել են ամէն տեսակի հիւանդութիւնների, մարդկային մեծ կորուստներով ապաքինուել, կեանքի կոչուել։
Տեղացի հայրենակիցների կողմից համեստաբար նպաստազօր պայմաններ են ստեղծուել նրանց համար՝ արուեստներ սովորելու, կրթութիւն ստանալու, մշակութային կեանքով դժուարութիւնները յաղթահարելու համար։ Մտաւորականութիւնն էլ իր հերթին է հոգացել տառապած ժողովրդի բարոյական-հոգեբանական ցաւերը մեղմելու համար։
Հալէպահայութիւնը յաջողուել է Տէր Զօրի աքսորեալներից 1918ին փրկել պոլսահայ թատերական գործիչ Աշոտ Մատաթեանի (1882-1965) կեանքը։ Վերջինս իր շուրջը հաւաքելով երիտասարդ թատերականների, նոյն դարում կազմակերպել է «Մելպոմէ» երիտասարդաց թատերախումբը եւ ներկայացումներ տալով նպաստել ազգակիցների հոգեբանութեան կայունացմանը։
Մատաթեան՝ լինելով օրուայ հոգսերից անբաժան՝ գործել, գրել ու բեմադրել է ժամանակակից կեանքին վերաբերող «Ահա Սերունդը» վերնագրով մէկ գործողութեամբ պիէսը։ Պիէսում պատկերուել է ամէն տեսակի դժուարութիւնները յաղթահարող եւ ազատութիւն վայելելու տենչին ձգտող ու հասնող հայ մարդու կերպարը։ Պատահական չէ, որ ներկայացման հանդիսատեսների շարքերում գտնուող անգլիական ու ֆրանսիական բանակների բարձրաստիճան զինուորականներին զարմացրել է, թէ՝ դեռ երէկ հրի ու սրի միջով անցած այս մարդիկ ինչպիսի՜ կամք ու զօրութիւն ունեն, որ կարողացել են հանդիսատեսի ոգեւորութիւնը բարձրացնող ստեղծագործութիւն գրել ու բեմադրել։
Այսպիսի ոգեւորութիւնից ներշնչուած՝ Մատաթեանն սկսել է նաեւ դասական պիէսներ բեմադրել։ Այդ պիէսներից երկուսը պատմական նշանակութիւն են ունեցել։ Առաջինը եղել է Շիրվանզադէի «Պատուի համար» դրաման, որով 1909ից սկզբնաւորուել է հալէպահայ թատրոնը՝ դառնալով միջին-արեւելեան երկրների առաջին թատերական քաղաքը։
Որոշ ընդմիջումից յետոյ, Հալէպի «Անդրանիկ» թատերախումբը բեմ է բարձրացրել Շէյքսպիրի «Համլետ»ը (1911), դառնալով այդ կողմերում առաջին անգամ Շէյքսպիր ներկայացրած քաղաքը։ 1920ից «Անդրանիկ» թատերախումբն անընդմէջ գործել է մինչեւ վերջին տարիներս՝ սիրիահայութեան հետ կատարուած նոր աղէտը։
1918ի ընթացքում «Մելպոմէ» թատերասիրաց խմբի ուժերով Աշոտ Մատաթեանը բեմադրել է նաեւ Ա. Կոնան-Դոյլի «Շարլոկ Հոլմս» պիէսը, իսկ յետոյ՝ «Համլետը», ինքն էլ կատարելով Համլետի դերը։
Այս շրջանում Հալէպում է գտնուել նաեւ երիտասարդ բանաստեղծ Գէորգ Արապաճեանը, որը հետագայում պէտք է ճանաչում ստանար Կառվարենց գրական անունով (1892-1946)։ Կառվարենցը յայտնի է որպէս նաեւ «Համլետ»ի թարգմանիչ։ 1919ի Յուլիսի 5ին Պոլսոյ Հայ Դրամատիկ Ընկերութեան թատերախումբի դերասանների ուժերով Աշոտ Մատաթեանն այդ տեղ եւս բեմադրել է «Համլետ»ը՝ Գէորգ Արապաճեան-Կառվարենցի թարգմանութեամբ։ Ինքը կատարել է Համլետի դերը, իսկ թարգմանիչ Արապաճեանը՝ Ա. դերասանի դերը։ Արդեօք Հալէպի «Համլետն» է՞լ չի եղել Գ. Արապաճեանի թարգմանութիւնը։ Թէեւ ուղղակի տուեալներ չկան, բայց հաւանականութիւնը Արապաճեանի կողմն է։
Արապաճեանի գրիչին է պատկանում նաեւ Հալէպում նրա գրած «Հայաստանի Յոյսը» այլաբանական պիէսը, որը 1916-1919թթ. բեմադրուել է Հալէպում եւ կիլիկեան քաղաքներում։ Այդ խրախուսական յոյսը «նոյնպէս վերաբերել է ժամանակի քաղաքական» անցքերին եւ յուսադրել ժողովրդին։
1918ի Նոյեմբերի 19ից լրագրող Սեդրակ Կեպենլեանի խմբագրութեամբ Հալէպում սկսել է լոյս տեսնել «Հայ Ձայն» թերթը, որը լուսաբանել է ինչպէս քաղաքական կեանքում տեղի ունեցող իրադարձութիւնները, այնպէս էլ քաղաքում եւ մերձակայ վայրերում կատարուող երեւոյթները։ 1919ի Փետրուարից «Հայ Ձայնը» շարունակել է լոյս տեսնել Ատանայում եւ ծառայել նոյն նպատակներին։
Մատաթեանը Հալէպում աւարտելով ներկայացումների շարքը, 1919ի Մարտի կէսերին իր «Մելպոմէ» թատերախումբով նոյնպէս անցել է Ատանա։ Թատերախումբի հետ Ատանա է փոխադրուել նաեւ երիտասարդ երաժիշտ (ջութակահար, Կոմիտասի հինգ աշակերտներից մէկը) Բարսեղ Կանաչեանը (1885-1976)։ Իր ղեկավարութեամբ երկսեռ երգչախմբով ու երաժշտախմբով, կազմակերպուել են թատերաերաժշտական միջոցառումներ։
Այս առնչութեամբ Ատանայի «Կիլիկիա» թերթի 1919ի Մարտի 21ի համարում գրուել է՝ «Ա. Մատաթեանի «Մէլպոմէ» հայ թատերախումբը մէկ քանի օր առաջ Հալէպէն հասաւ Ատանա, Պոլիս երթալու համար։ Հայկական այս վերջին աննախընթաց աղէտէն ետք Պոլիսէն դուրս կազմուած անդրանիկ եւ կարեւորագոյն թատերախումբն է այս»1։
Կարեւորելով թատերախումբի սկսած գործունէութիւնը, թերթը միաժամանակ նշել է նրա ստացած գնահատութիւնը օտարների կողմից եւ ցանկութիւն յայտնել, որպէսզի խումբը կիլիկեան շրջանի մէջ էլ մնայ եւ խանդավառի հայի սրտերը ինչպէս Հալէպում։
«Մէլպոմէ» թատերախումբի ներկայացումները Ատանայում տեղի են ունեցել Աբգարեան Վարժարանի սրահում։ Առաջին ներկայացումներից մէկը եղել է Շիրվանզադէի «Պատուի համար» չորս գործողութեամբ դրաման, որը հասարակութեանն է ներկայացուել 1919ի Մարտի 22ին։ Դերերի կատարմամբ հանդէս են եկել՝ Էլիզբարեան- Ս. Խաչերեան, Երանուհի- օր. Նուարդ Բագրատ- Արապաճեանի (Գէորգ Կառվարենց), Սուրէն- Եղիշէ, Ռոզալիա- Տ. Գոնտալեան, Մարգարիտ- տ. Զարուհի (Խաչերեան), Օթարեան- Աշոտ Մատաթեան, Սաղաթէլ- Ա. Շիրինեան եւ ուրիշներ2։
Յաջորդ օրը՝ Մարտի 23ին «Պատուի համար»ը կրկնուել է հայ զինուորների համար։ Մարտի 26ին եւ 29ին «Մելպոմէ» թատերախումբը հանդիսատեսներին ծանօթացրել է Յակոբ Պարոնեանի «Պաղտասար Աղբար» կատակերգութեան բեմադրութիւնը։
«Մէլպոմէ» թատերախումբն՝ ընդառաջելով ժողովրդի փափաքին՝ Ապրիլի 5ին էլ բեմ է հանել երեք գործ։ Դրանք են՝ Ռիվոլէի «Վերադարձ»ը, «Վիռի Ճաշարանին Ծառան» զաւեշտը եւ Հ. Բատայլի «Կոյրը» թարգմանական պիէսները։
Ապրիլի 13ին՝ Կիրակի օրուայ կէսօրից յետոյ տրուած ներկայացումը եղել է «Շերլոկ Հոլմսը»։ Այս պիէսի ներկայացման գտած յաջողութեան մասին «Հայ Ձայն» թերթում գրուել է. — «Մատաթեան եւ իր ընկերները՝ պ.պ. Խաչերեան, Կառվարենց, Պալեան եւ տիկ. Խաչերեան շատ յաջող կերպով կատարեցին իրենց դերերը եւ ջերմապէս ծափահարուեցան։ Ատանայի մէջ ուրախալի է տեսնել ներկայութիւնը գիտակից եւ խղճմիտ «Մելպոմէ» հայ թատերախումբին» 3։
Ատանայում իրենց հիւրախաղերն աւարտելուց յետոյ, Մատաթեանի եւ Կանաչեանի խմբերն իրենց գործունէութիւնը շարունակել են Կիլիկեան մի այլ քաղաքում՝ Մերսինում։ Քաղաք հասնելու յաջորդ օրը՝ Ապրիլի 21ին տեղի հայ ազգային միութեան նախաձեռնութեամբ եւ ֆրանսիական կառավարիչի հովանաւորութեամբ տրուել է «նուագային եւ թատերական երեկոյթ» յօգուտ հայ գաղթականութեանը։ Երեկոյթը մեծ խանդավառութեամբ է ընդունուել հայ եւ օտարազգի հանդիսատեսների կողմից։
Առաջին բաժինը եղել է երաժշտական կատարումների մասը։ Երգ եւ նուագի կատարման ժամանակ, մամուլի վկայութեամբ աչքի են ընկել դաշնակահարուհի տիկ. Անժէլ Աճէմեան, ջութակահար Բ. Կանաչեան, երգերի կատարմամբ տիկ. Խաչերեան՝ «Հովերն Առան» եւ Կառվարենց՝ (յունարէն) 4։
Թատերական մասում կատարուել են տեսարաններ տարբեր պիէսներից, որոնց մէջ մեծ ընդունելութիւն է գտել մասնաւորապէս Գ. Կառվարենցի «Հայաստանի յոյսը» այլաբանական պիէսը։ Հայրենասիրական այդ պիէսը՝ Մայր Հայաստանի եւ յոյսի յուսադրական գաղափարը, «իբրեւ խորհրդանիշ հայ զինուորի երեւելը էլեկտրական լոյսի ցոլքին տակ» , ծայր աստիճան խանդավառութիւն է առաջացրել հայ, յոյն, արաբ երկսեռ հանդիսատեսների մօտ։ Յաջորդ օրը մի խումբ հայ լեգէոնականներ բացօթեայ սեղան են պատրաստել ի պատիւ թատերախումբի։
Թատերական-երաժշտական միացեալ այս միջոցառումը Մերսինում կրկնուել է նաեւ Մայիսի 28ին։
Ճէյհանի բնակչութիւնից 30-35 ընտանիք հայրենի օճախ վերադառնալուց յեյտոյ, Մատաթեան-Կանաչեան միացեալ խումբը մտադիր է եղել Ապրիլի 29ին մի ներկայացում տալ Ճէյհանցիների համար։ Կատարուել է նրանց մտայղացումը թէ ոչ, յայտնի չէ։
Ապրիլ 28ին Մերսինում իրենց վերջին ելոյթը տալուց յետոյ, թատերա-երաժշտախումբը Տէրսիմ գնացել է։ Այստեղ եւս տրուել է թատերական-երաժշական երեկոյթ Ա. Աճէմեանի եւ Բ. Կանաչեանի մասնակցութեամբ։ Իսկ «Մելպոմէ» թատերախումբը ներկայացրել է Գ. Կառվարենցի «Հայաստանի յոյսը» այլաբանական պատկերը։ Երեկոն եղել է ոգեւորիչ։
Թատերական-երաժշտական միացեալ խմբի յաջորդ ելոյթները տեղի են ունեցել Տարսոնում։ Այստեղ էլ նախաձեռնութիւնը պատկանել է քաղաքի երիտասարդաց միութեանը, հովանաւորութիւնը՝ տեղի ֆրանսական կառավարիչի կողմից։ Մայիսի 10ին «Մելպոմէ» թատերախումբը ներկայացրել է Ա. Մատաթեանի «Ապառաժներ» եւ Գ. Կառվարենցի «Հայաստանի յոյսը» խիստ արդիական բովանդակութեամբ պիէսները եւ մի զաւեշտ։
Աշոտ Մատաթեանի ղեկավարութեամբ գործող «Մելպոմէ» թատերախումբի վերջին ներկայացումը Կիլիկեան Հայաստանում տեղի է ունեցել 1919ի Մայիսի 11ի Կիրակի օրը։ Իբրեւ հրաժեշտի ներկայացում, Աբգարեան վարժարանի սրահում խաղացուել են վերոյիշեալ «Ապառաժներ» եւ «Հայաստանի յոյսը» պիէսները։
Այսպիսով՝ ըստ «Կիլիկիա» թերթի տուեալների, «Մէլպոմէ» թատերախումբը Կիլիկիայում 1919ի գարնան ամիսներին տուել է տասը ներկայացում։ Մատաթեանը եւ Կառվարենցը մեկնել են Կ. Պոլիս եւ այստեղ շարունակել իրենց գործունէութիւնը, իսկ խմբի միւս անդամների ճակատագիրն անյայտ է։
Մատաթեանի հեռանալով՝ Կիլիկիայի հայկական թատրոնը որոշ շրջան գործել է տեղական ուժերով, ըստ որում՝ նաեւ տարբեր վայրերում։
Արեւմտահայ դրամատուրգ, խմբագիր եւ հրապարակախօս Սուրէն Պարթեւեանի (Սիսակ Պարտիզպանեան, 1876-1921) 1916ին գրուած «Ձայն մը հնչեց» պիէսը (1915ի Կիլիկիայի Տէօրթ Եոլ (Չորք Մարզուան) բնակավայրի թատրոնում, տեղի Կարմիր Խաչի մասնաճիւղի խոստացած ներկայացումը կայացել է 1919ի Մայիսի 22ին։
Այս պիէսի՝ հանդիսատեսի կեանքում ունեցած տեղի ու նշանակութեան մասին ուշագրաւ բնութագրութիւն է տուել Ատանայի «Հայ Ձայն» թերթում տպագրուած մի թատերախօսական։ «Հակառակ բեմական անհրաժեշտ կազմածի եւ տարազներու չգոյութեան,- գրուած է թերթում,- պէտք է խոստովանել, ներկայացումը յաջող անցաւ, տպաւորութիւնն ալ զգալի եւ գոհացուցիչ։ Առաջին անգամն էր այս, որ գիշերային հանդէս մը տեղի կ՚ունենար։ Տէօրթ Եոլի մէջ։ Ժողովուրդը շնորհաւորելի փութկոտութեամբ եկած էր» 5։
Ներկայացման վերջում տրուել է պիէսի բովանդակութեանը հարազատ մի պատկեր։ Մթութեան մէջ, գունաւոր լուսաւորութեան տակ կամաւորուհին պատգարակով դուրս է տարել վիրաւորներին։ Ահա եւ տեղական ուժերի հնարամտութեան մի փայլուն օրինակ՝ իրականութիւնից առնուած պատկերով արձագանգել օրուայ քաղաքական կեանքին։ Հայ Կարմիր Խաչի մասնակցութիւնը կամաւորական շարժմանը, ճերմակ զգեստով մի հայուհի ձեռքն դրօշակ շրջելով երգել է հանրայայտ «Լռեց, ամպերը. . .» երգը։
Միւս օրինակը տեղի է ունեցել Ատանայում։ Տեղի երիտասարդական երկսեռ միութեան կողմից Գ.Ծ.Վ. Ասլանեանի հովանաւորութեամբ ներկայացուել է Գրիգոր Անգութի (Սոմունեան, ?-1924) «Հայրենիքի ձայնը» ողբերգութիւնը եւ մի զաւեշտ։ Ներկայացումը տրուել է յօգուտ Աբգարեան Վարժարանի սրահին, որտեղ տեղի են ունեցել Ատանայում կազմակերպուող միջոցառումները։
«Հայրենիքի ձայնը» ողբերգութիւնը կրկնուել է Մայիսի 30ին, այս անգամ Տիկնանց Միութեան կողմից։ Ողբերգութիւնից յետոյ, հանդիսատեսի տրամադրութիւնը բարձրացնելու նպատակով խաղացուել են Գարեգին Ռշտունու «Վեցուկէս պորտի ժառանգութիւնը» եւ Գ. Կառվարենցի «Հայաստանի յոյսը» պիէսները։
1919 Յունիսի 15ին տրուել են մեզ յայտնի վերջին տուեալները Կիլիկեան Հայաստանի թատրոնի մասին։ Այդ օրը Աբգարեանի սրահում ներկայացուել են «Գինեմոլի մը վախճանը» մէկ արարով դրաման եւ «Երկու Շերիֆները» երեք գործողութեամբ կատակերգութիւնը6։
Հետագայ շրջանում առաւել վատթարանալով Կիլիկիայի վիճակը՝ առաւել եւս Թուրքիայի բաժին դառնալուց յետոյ էլ՜ ի՜նչ հայերէն գիր ու գրականութիւն , ի՜նչ երգ-երաժշտութիւն, ի՜նչ թատերական արուեստ։ Բոլորն անհետացան երկրի երեսից։ Բայց քանի հայի բերանումը շունչ կայ, ինչպէս ասել է Խաչատուր Աբովեան — պէտք է ապրի Կիլիկիայի փառաւոր յիշողութեամբ։
Ծանօթագրութիւններ
1) «Կիլիկիա» (Ատանա) 1919, N 9։
2) Նոյն Տեղում։
3) «Հայ Ձայն» (Ատանա ) 1919, N 102։
4) «Կիլիկիա» 1919, N 25։
5) «Հայ Ձայն», 1919, N 142։
6) Նոյն Տեղում, N 152։