ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Եթէ աշխարհում կայ մէկը, որ չի հաւատում իմ ժողովրդի հազարամեայ մշակութային պատմութեանը եւ մեր կապուածութիւնը` մշակոյթին, առնուազն թող թերթի այս տարուայ օրացոյցը: Իրարայաջորդ տարեդարձներ` Մխիթարեան Միաբանութեան 300ամեակ, 150ամեակներ` Յ. Թումանեանի, Յ. Քաջազնունու, 110ամեակներ` Ու. Սարոյեանի, «Ասպարէզ» թերթի, մեր հանրապետութեան 100ամեակ, «Համազգային» կրթական հաստատութեան 90ամեակ եւ այսպէս շարունակ:
Սովորաբար հեռու եմ ազգային սնապարծութիւնից, իմ ազգի հարուստ պատմութիւնը, նրա անգնահատելի առաւելութիւններն ընդունում եմ որպէս իմ էութեան մասնիկ, այն կրում եմ իմ մէջ` առանց ամպագոռգոռ բառերով մեծարելու, առանց բարձրաձայնելու:
Սակայն չեմ կարող անտարբեր անցնել, իմ վերաբերմունքը եւ հպարտութիւնը չարտայայտել կատարուած այն մեծ ու փառահեղ աշխատանքի հանդէպ, որը տարել է իմ ժողովուրդը իր ամենաանհեռանկար տարիներին, տեսնելով դրա մէջ ոչ թէ իր անմիջական, այլ գալիք սերունդների ապագան:
Բնականաբար մեծ տեսահորիզոնով օժտուած անձերի մտայղացումով եւ ջանքերով է սկիզբ դրուել մի գործի, մի հաստատութեան, որը սփռուել է աշխարհով մէկ, անկանգառ գործել 90 տարիներ, հաստատել իր համազգային կոչումը, 64 տարի յետոյ հասել եւ իրեն պարտադրել է մինչեւ իսկ հայրենիքում:
Մեր առաջին անկախութեան տապալումից յետոյ, հայրենի երկրից վտարանդի հայ քաղաքական գործիչներն ու մտաւորականները ձեռնածալ չնստեցին իրենց ապաստանած օտար երկրներում:
Հիմնականում Միջին Արեւելքի երկրներում կենտրոնացած Եղեռնից մազապուրծ հայութիւնը, որը փորձում էր մի կերպ ոտքի կանգնել, իր գոյութիւնը պահել, կարողացաւ նաեւ օտարութեան համատարած իշխանութեան տակ լծուել հայապահպանման աներեւակայելի դժուար գործին, անշուշտ` որպէս առաջնորդ ունենալով փայլուն մտաւորականների եւ մեր առաջին անկախութեան պետական քաղաքական ազգասէր գործիչների:
Լուսամիտ մտածողների ձգտումը սովորաբար առօրեայ կեանքից վեր է լինում, նրանք տեսնում են այն, որը սովորական մտածողի համար աներեւակայելի է, որով եւ միշտ տարբերւում են նրանցից: Նրանց համար մտային եւ հոգեկան սնունդն է առաջնայինը եւ մեր ժողովրդին, յատկապէս երկու մեծ հարուածներից յետոյ` Ցեղասպանութիւն եւ անկախութեան կորուստ, անհրաժեշտ էր մտային վերելք, անհրաժեշտ էր օտար ափերում հայութեան բոլոր նուաճումները ետ կեանքի կոչել, ապրեցնել եւ ստիպել ապրել, սերունդ աճեցնել մտային, ազգային հարստութիւններով: Հայրենի հողի բացակայութիւնը անհրաժեշտ էր լրացնել հայեցի կրթութեամբ, հայրենի հողին կապելու ազգային զգացումների մշակմամբ:
Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքում հաստատուած մեր երկու քաղաքական գործիչ մտաւորականները` գրող, թատերագիր Լ. Շանթը եւ գրաքննադատ Ն. Աղբալեանը, որոնք տնօրինում էին տեղւոյն «Պօղոսեան» վարժարանը, մտածում էին աւելի բարձր մակարդակի հասցնել հայ դպրոցը: Ձգտում էին միջնակարգ դպրոց ստեղծել` աշակերտութեանը գոնէ լիարժէք հայեցի իմացութիւն ապահովելու: Նիւթական սուղ պայմանները զանց առնելով, իրենց շուրջ հաւաքելով իրենց մտածումի մակարդակի մի խումբ այլ մտաւորականների` դերասան-բեմադրիչ Գ. Իփէկէանի, քաղաքական գործիչ Վ. Նաւասարդեանի, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Հ. Օհանջանեանի եւ այլոց, համատարած անորոշութեան մէջ, Գահիրէում հիմնում են «Հայ կրթական եւ հրատարակչական ընկերութիւն», որի հիմնական խնդիրն էր օտար երկրներում հայի կրթական մակարդակը հայ լեզուով, հայ ոգով զարգացնելը:
Հարկ կա՞յ ներկայացնելու, թէ ի՛նչ դժուար, անապահով, անհեռանըկար պայմանների մէջ էին գտնւում հայ գաղութներն այդ շրջանում: Ամէն ինչ կորցրած, իր վտիտ մարմինը միայն փրկած, մեծամասամբ դեռ թրքախօս, վհատութեան մէջ մխրճուած հայութեան միակ ձգտումը մի կերպ օտար երկինքների տակ իր եկեղեցուով գոյատեւելն էր: Սակայն հայրենի երկրի առաջին պետականութիւնը հաստատած ու այն կորցրած քաղաքական գործիչների համար դա բաւարար չէր: Ամենակարճ ժամանակում նրանք մասնակից էին եղել ոչնչութիւնից պետական բարձրագոյն հաստատութիւններ ստեղծելու գործին եւ գիտէին դրա ազդեցութիւնը ազգի մտածողութեան մշակման վրայ: Պէտք էր գալիք սերունդներին օտարութեան մէջ տէր կանգնել, կրթել, պատրաստել նրանց հայրենի գալիք անկախութեան համար, որը պահանջում էր լիարժէք հայեցի կրթութիւն բարձրագոյն մակարդակով:
Անշուշտ այս ամէնն արւում էր Հ.Յ.Դ. հովանաւորութեամբ, նրա անմիջական մասնակցութեամբ: Մեր անհանգիստ մտածողները իրենց գաղափարները տարբեր գաղութներում տարածելով` անսպասելիօրէն հասնում են համազգային մի այնպիսի արդիւնքի, որի գործունէութիւնը շատ արագ տարածուել է աշխարհի տարբեր երկրներում ու ձգւում է մինչեւ օրս:
Ամենակարճ ժամանակում` 1928 թուականին յղացած իրենց ծրագիրը, իրականանում է 1930 թուականին` Պէյրութում Հայ Ճեմարան հիմնելով: Համազգայինի գործունէութիւնն էլ հիմնադիրների հետ փոխադրւում է Պէյրութ` տեղի պետութեան կողմից պաշտօնապէս ընդունուելով որպէս «Համազգային հայ կրթական եւ մշակութային ընկերակցութիւն»:
Այդ Ճեմարանը հետագայում, ազգային լուսամիտ մի բարերարի անունով, կոչւում է «Համազգայինի «Նշան Փալանճեան» ճեմարան, որն իրապէս դառնում է ո՛չ միայն գիտութեան կաճառ, այլ` ազգային ոգին յղկող, հարստացնող հաստատութիւն: Ճեմարանը իր մանկապարտէզով, գիշերօթիկով տնօրինում ու դասաւանդում են մեր առաջին անկախութեան պետական գործիչները, սկսած` Ս. Վրացեանից, Ն. Աղբալեանից, օտար երկրներում տարբեր բարձրագոյն ուսում ձեռք բերած հայ լաւագոյն մասնագէտները: Ճեմարանում մինչեւ 2005 թուական գործել է նաեւ հայագիտութեան բաժին, որի նպատակը մասնագէտ ուսուցիչներ, ազգային գործիչներ, խմբագիրներ պատրաստելն էր:
Այս հաստատութեան շրջանաւարտների աշխատանքով աստիճանաբար սփիւռքում կեանք առան հայ դպրոցները, գրական եւ հասարակական այլ հաստատութիւնները: Այս պատմական Ճեմարանը, որն իր փառահեղ գործունէութիւնը շարունակում է մինչեւ լիբանանեան պատերազմի վերջ, Պէյրութի ժողովրդագրական փոփոխութեան պատճառով, ապահովութեան համար փոխադրւում է այլ վայր` շարունակելով գործել մինչ օրս նոյն փայլով, սակայն նոր բարերարների անունով` «Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարան» անուանումով:
Նախկին շինութիւնը դեռ ամբողջութեամբ պահպանւում է, եւ ամէն անգամ Լիբանանում գտնուելիս իմ պարտքն եմ համարում այցելել այդ պատմական հաստատութիւնը, իմ խորին յարգանքը մատուցել այն բոլոր մեծութիւններին, որոնք մտել են այդ շինութեան դարպասներից ներս, քայլել այդ ծառուղիով, աստիճաններով բարձրացել վեր: Ցերեկները գուցէ հանգստացել են փոքրիկ, գեղեցիկ պարտէզում, հաւանաբար անուանի երաժշտահան, խմբավար Բ. Կանաչեանի երգչախմբի փորձերը եւ աշակերտութեան հայերէնով աղմուկ-խօսակցութիւնները լսելով: Թէեւ լռութիւն ու սառնութիւն է իշխում իմ շուրջ, սակայն միշտ զգում եմ նրանց շունչը, կարծես այն դեռ կախուած լինի օդում: Կարծում եմ, որ այս պատմական հաստատութիւնը որպէս մեր ժողովրդի մշակութային դիմագիծ` պարտաւոր ենք պահպանելու:
Այս հաստատութեան բերած մեծագոյն արդիւնքով տարուած ճեմարաններ են հիմնուել Մարսէյլում, Սիտնիում:
Գաղութների տարածման ու մեծացման հետ միասին ընդարձակուել, փոխուել է նաեւ «Համազգային»ի ծրագիրը: Միայն կրթական միութիւնից այն հետզհետէ աճելով` իր մէջ ընդգրկել է գեղարուեստի բոլոր բաժինները` թատրոն, երգչախումբ, պար, նկարչութիւն, հրատարակչութիւն, երաժշտութիւն:
Յատկապէս բարձր գնահատանքի է արժանի Պէյրութի նախ Գ. Իփէկեանի, ապա Ժ. Սարգիսեանի եւ նաեւ Վ. Խտըշեանի անուամբ ու ղեկավարութեամբ երկար տարիներ գործած թատերախումբը:
Նոյն Պէյրութում Բ. Կանաչեանի ղեկավարութեամբ մեծ հեղինակութիւն է վայելել «Գուսան» երգչախումբը:
Աշխարհի բոլոր հայահոծ գաղութներում, հսկայ Ամերիկայի տարածքներում իսկ ստեղծուել են «Համազգային»ի մասնաճիւղներ:
Հինգ տարի ինքս էլ ղեկավարել եմ Ս. Ֆրանսիսքոյի «Համազգային»ի թատերախումբը` առանց ակնկալիքի, մեծ աշխուժութիւն ու հետաքրքրութիւն առաջացնելով գաղութում, ներգրաւելով յատկապէս երիտասարդներին, աշխատել թատերասրահի բացակայութեամբ, ամենադժուարին պայմաններում, աւելի յաճախ անբարեացակամ մթնոլորտում, բայց գոհացել եմ բեմային կրթութիւն տալով մասնակիցներին, նրանց հայերէնը յղկելով, բարձրորակ արուեստին կապելով: Նրանց մէջ իրապէս շատ շնորհալիներ են եղել, որոնք մեծ զոհաբերութեամբ, աշխատանքից յետոյ, մէկ, մէկուկէս, յաճախ երկու ժամ երթեւեկելով` արուեստի սիրոյն եկել ու աշխատել են մեծ հաճոյքով: Բեմային լուրջ կրթութեան հնարաւորութեան դէպքում նրանցից շատերը կարող էին առաջաւոր դերասաններ դառնալ:
Ուզում եմ շեշտել, որ այս ամէնն արւում էր պետականութեան բացակայութեամբ, արւում էր ինքնակամ աշխատուժի ջանքերով: Այս միութեան գաղափարին նուիրուած անձերի աշխատանքով, նրանց ժամերի, օրերի զոհողութեամբ, հոգեպէս փլուզուած ժողովուրդը օտարութեան մէջ գտաւ իր դիմագիծը` կրկին հայանալով, թրքախօս հայից դարձաւ հայախօս, դարձաւ հայերէնով ստեղծագործող` գրող, քննադատ, հրապարակագիր, խմբագիր, սրբագրիչ ու հրատարակիչ: Համատարած հայ խօսքն ու երգը օգնեցին ոչ միայն դիմագրաւելու օտարութեան ծանր լուծը, այլ հարստացրին արեւմտահայ մշակոյթը:
Խորհրդային ամենաթունաւոր տարիներին «Համազգային»ի ջանքերով սփիւռքահայութիւնը միշտ տեղեակ է եղել ու կապուած մնացել, առանց խտրութեան, հայրենի մշակոյթին ու արուեստին: Այս միութեան շնորհիւ հայրենի մտաւորականները, անկախ իրենց դիրքորոշումից, շփուել են հայրենակարօտ համայնքների հետ: Այս միութիւնը աշխատել է առանց պատնէշների, առանց խտրութեան:
Պատերազմներն ու ներքին պառակտումները երբեք չխոչընդոտեցին «Համազգային» միութեան գործունէութիւնը, որի փայլուն վկայութիւնն էլ մեր երկրորդ անկախութեան տարիներին հայրենի երկրում բացուած «Համազգային»ի թատրոնն էր, որը նոյն անուամբ դեռ շարունակում է գործել` տեղական տասնեակ այլ արհեստավարժ թատրոնների հետ համահաւասար:
Ժամանակը միշտ պարտադրում է իրենը եւ ժամանակի հետ համընթաց քայլելն է հաստատում որեւէ գործի մեծութիւնն ու անհրաժեշտութիւնը:
«Համազգային» մշակութային հաստատութիւնը, ծնուելով 20րդ դարի սկզբին, մեր ժողովրդի ամենակենսական շրջանին, բազում դժուարութիւններ յաղթահարելով, սփռուելով աշխարհով մէկ, 90 տարի անկանգառ գործել է` իր հունձքը հասցնելով 21րդ դար:
Փոխուել է դարը, փոխուել են պահանջները, փոխուել է աշխարհի կշռոյթը, փոխուել է նաեւ հայութեան դիմագիծը: Փոխուել է աշխարհով մէկ ցրուած հայութեան նոր աճող սերնդի կապը իր մշակոյթի, պատմութեան, ազգային ինքնութեան պահպանման եւ լեզուի հանդէպ: Խախտուած են բոլոր չափանիշները: Այս արագընթաց իրարանցումի մէջ պիտի կարողանա՞նք զարգացնել 90 տարիների ստեղծածը, քանզի հայութիւնը դեռ ցրուած է աշխարհով մէկ, մեր ներկայ փոքրիկ երկիրը դեռ իր վերագտնման աշխատանքի մէջ է, դեռ մեր պահանջատիրութիւնը, մեր պատմութեան ամբողջական դիմագիծը չի ձեւաւորուել: Հայապահպանման հարցն աւելի է սրուած աշխարհի այս խառնաշփոթ իրարանցումի մէջ, նոյնիսկ` միջին-արեւելեան մեր գաղութներում: Իսկ հայեցի դաստիարակման հարցը ո՛չ միայն սփիւռքում, այլ նաեւ հայրենիքում է հրատապ դարձած:
«Համազգային»ի դերն էլ բնականաբար փոխուած է: Նոր սերնդի հայեցի դաստիարակութիւնը, ե՛ւ դպրոցներում, ե՛ւ Համազգայինի աշխատանքներում, այսօր այլ պահանջների եւ աւելի դժուար պահանջների մակարդակի վրայ է դրուած:
Պէտք է ընդունենք նրանց տարուածութիւնը տեղական օտար լեզուի եւ նրանց կապուածութիւնը արդէն իրենց մասը դարձած տուեալ լեզուի հետ, որը դիւրացնում է իրենց կեանքը, եւ նրանք իրենց տուեալ հասարակութեան ամբողջական մասնիկն են զգում:
Մակերեսային ու դիւրութեան ձգտող ժամանակի ընդհանուր ալիքը մեծ արագութեամբ կուլ է տալիս նրանց: Բոլորս էլ գիտենք` երկդիմի ապրելը դժուար է, բայց եւ` բնական, երբ յաղթահարում ես այդ դժուարութիւնը` ամբողջովին տիրապետելով քո ազգութեան մանրամասներին: Ուրեմն պէտք է միջոցներ գտնենք, ոչ թէ մենք գնանք իրենց ետեւից, այլ իրենց` մեր մօտ բերենք: Ոչ թէ իջնենք իրենց մակարդակին` պարզունակ դարձնելով ամէն ինչ, այլ որակով բարձրանալով` իրենց բերենք մեր մէջ: Իսկ դա նշանակում է նոր որակ: Դա նշանակում է ազգային պատմութեան անկողմնակալ ճանաչողութիւն:
Միայն հայ դպրոցներով անկարելի է հայ լեզուն պահել ու մշակոյթ զարգացնել: Պէտք է մեր սերունդին ամէնից առաջ կապել մեր լեզուին, որ ազատ ընդունեն ե՛ւ իրենց պատմութիւնը, ե՛ւ մշակոյթը: Հրամցուող ձեռնարկներն այլեւս այնպիսի մակարդակի պիտի լինեն, որ նոր սերնդին գրաւեն, իսկ գրաւելու համար բարձրագոյն մակարդակ է պէտք:
Բնականաբար, քանի գոյութիւն ունի սփիւռքը, «Համազգային»ը որպէս կրթական ու մշակութային միութիւն` դեռ շատ անելիքներ ունի, եւ այդ անելիքների առանցքը դառնալու է բարձրորակ մշակոյթով ժողովրդին սնելը եւ միայն այդ դէպքում այն կարող է եկող սերունդների հետ շարունակել իր երթը:
Որպէս ստեղծագործող, «Համազգային»ի անդամ եւ նրա հովանաւորութեամբ ժողովրդի հետ հաղորդակցուող արուեստագէտ` մաղթում եմ այս միութեան իմ ժողովրդի հետ հազարամեակների երթ, յանուն մեր մշակոյթի եւ արուեստի զարգացման: