ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ
Կեանքն ու մահը քայլում էին իրար հետ։ Կեանքն ասաց.
— Նայի՛ր, ի՜նչ գեղեցիկ է մեր շրջապատը. ամէն անգամ, ամէն ծաղկի, ծառի, ամէն ծնունդին կեանք եմ տալիս եւ ուրախանում, կարծես առաջին անգամ լինի։ Ես ապրում եմ՝ շրջապատիս կեանք տալով։
— Այդ ամէնը բոլորովին կապ չունի մարդու հետ,- դժգոհ ու չոր պատասխանեց մահը,- մարդու կեանքը տանջանքներից է կառուցուած։
— Այդ ամէնով հանդերձ՝ մարդն ուզում է ապրել,- իրենն էր պնդում կեանքը,- արի հարցնենք մարդկանց եւ տեսնենք, թէ ի՞նչ են ուզում նրանք։
Համաձայնութեան գալով՝ մօտեցան մի մարդու, որն կռացած աշխատում էր դաշտում, կիզիչ արեւի տակ։ Կեանքը հարցրեց մարդուն.
— Հը՜, ինչպէ՞ս են գործերդ, լաւ բերք ստանում ե՞ս։
Մարդը՝ յանկարծակիի եկած ուղղեց մէջքը, նայեց նրանց եւ առանց հասկանալու, թէ ո՞ւմ հետ է խօսում՝ տրտնջաց.
— Ի՞նչ լաւ, արեւը դուրս չեկած աշխատում եմ մինչեւ լուսնի դուրս գալը, բայց կա՛մ արեւն է վառում, չորացնում անձրեւ չլինելու պատճառով, կամ էլ անձրեւն ու կարկուտն են փչացնում եւ ինձ մնում է իմ չարչարանքն ու տանջանքը։
— Բայց կեանքը հաճելի է ու քաղցր այդ ամէնով հանդերձ, տե՛ս ի՜նչ գեղեցիկ է շրջապատդ.- իրենն էր պնդում Կեանքը։
— Է՜հ, յոգնել եմ, մահն էլ չի գալիս-տանի, այդ քո ասած գեղեցկութիւնն ու շրջապատը ինձ ու երեխաներիս հաց չեն տալիս.- շարունակում էր դժգոհել մարդը։
Մահն լսելով իր անունը անմիջապէս միջամտեց.
— Ես այստեղ եմ, հէնց հիմա էլ կարող եմ քեզ տանել։
Մարդն անակնկալի եկաւ, չէր սպասում։ Զայրոյթով եւ դժգոհութիւնով լեցուն աչքերը իսկոյն խամրեցին, խոնարհեց գլուխը, աչքի տակով շուրջ բոլոր նայելով ասաց.
— Ես շատ կիսատ գործեր ունեմ, երեխաներ ունեմ, որոնք իմ կարիքն ունեն, չեմ ուզում։
— Չէ՞ որ դու նոր բողոքում էիր եւ ինքդ ինձ կանչեցիր։
— Ճիշդ է, բայց… դա… իմ կեանքն է եւ ես ուզում եմ ապրել, ուղղակի շատ նեղուած ու յոգնած էի,- քթի տակ մըրթմըրթում էր մարդը, բայց Կեանքն ու Մահը բաւականին հեռու էին գնացել, երբ հանդիպեցին մի շատ ծեր կնոջ, որը նստել էր իր տան շեմին եւ նայում էր բակում վազվզող երեխաների խաղին։
— Բարի օր մայրիկ, ինչպէ՞ս ես։
— Փառք Աստծոյ լաւ եմ, նայում եմ թոռներիս երեխաների խաղին եւ ուրախանում։
— Կեանքից կշտացած ես երեւում։
— Ես ապրեցի իմ կեանքը, լաւ ու վատ օրերով անցան տարիներս, հիմա էլ ծոռներիս ծլվլոցն եմ վայելում։ Հազար Փառք Աստծոյ, որ աչքս չոր կը գնամ։
— Ես Մահն եմ, տանե՞մ։
— Վա՜յ, բա այս երեխաներիս թագն ու պսակը չտեսնե՞մ.- լիաթոք ծիծաղով պատասխանեց ծեր կինը։
Կնոջից էլ հեռացան Կեանքն ու Մահը։
— Տեսնում ես, տարիներն անցած մարդն անգամ ուզում է մէկ օր աւել ապրել։
— Որովհետեւ մարդն չի կարող պատկերացնել անգամ, որ իր մարմնի մահով է իսկական կեանքի սկիզբը։
— Մարդն ապրում է ներկայով եւ նրանցից ոչ ոք չգիտէ, թէ ի՞նչ է լինում մեռնելուց յետոյ,- իրենն էր պնդում Կեանքը։
Յանկարծ մի աղմուկ բարձրացաւ։ Նրանք շրջուեցին եւ տեսան երկու երիտասարդների, որոնք բաւականին տհաճ բառերով ու հայհոյանքներով կռւում էին իրար հետ։ Այնքան զայրոյթ, թշնամանք եւ ատելութիւն կար մէկ մէկու նկատմամբ, որ պատրաստ էին անգամ միմեանց սպաննելու, երբ մի ուրիշ մարդ, որը նոյնպէս լսել էր երիտասարդների ձայները, վազում էր նրանց ուղղութեամբ։
Հասնելով երիտասարդներին այն պահին, երբ երկուսն էլ դանակները ձեռքներին իրար էին ուզում սպաննել՝ մարդը գոռաց.
— Ի՞նչ էք անում, ետ քաշուէք, ձեզանից ոչ մէկը ոչ մէկիդ կեանք չի տուել, որ հիմա էլ վերցնի, անյարմար է, չի կարելի, հանգստացէք, մարդկային կեանքը առանց ձեր օգնութեան էլ շատ կարճ է, ի՞նչ իրաւունքով էք փորձում իրարից խլել, ձեզ ոչ ոք այդ իրաւունքը չի տուել։
Երիտասարդները մի պահ չհասկացան, թէ այդ ո՞վ էր, որ նման իշխանութիւնով, անհանգստութիւնով, սիրով ու ցաւով բարկանում ու յանդիմանում էր իրենց։ Այդ պահին մօտեցան նաեւ Կեանքն ու Մահը եւ Մահն առանց ժամանակ կորցնելու ասաց.
— Ես Մահն եմ, ո՞ վ է ուզում ինձ հետ գալ։
Երիտասարդները աւելի շփոթուեցին, մոռացան անգամ իրենց կռուի պատճառը։ Բառեր չէին գտնում պատասխանելու, երբ նորից միջամտեց անծանօթ մարդը։
— Ե՛ս… ի՛նձ, երիտասարդներին ձեռք չտաս, նրանք չեն հասկանում՝ ի՞նչ են անում, ձեռք չտաս նրանց, եթէ պէտք է մէկին տանես՝ միայն ինձ։
Այդ ամէնը այնքան արագ էր կատարւում, որ երիասարդները չէին հասցնում ուշքի գալ, նրանք քար կտրած նայում էին իրենց շուրջը ու չէին գիտակցում, թէ որտե՞ղ են եւ ի՞նչ է կատարւում։ Այդ ամէնը նման էր մի ծանր, տհաճ երազի, որից չէին կարողանում արթնանալ եւ վերջապէս ո՞վ էր այդ մարդը, որը պատրաստ էր մեռնելու իրենց փոխարէն։
— Դու պատրաստ ես թողնելու քո՞ կեանքը,- միջամտեց Կեանքը, որ մինչ այդ լուռ հետեւում էր իրադարձութիւններին։
— Ես պատրաստ եմ, ես ճանաչում եմ Քրիստոսին, իսկ երիտասարդներին դեռ ժամանակ է պէտք ճանաչելու Աստծուն եւ Նրա Որդուն։
— Չէ, չեմ կարող, դու դեռ գործեր ունես եւ բաւականին ասելիքներ այս երիտասարդներին,- տրտում ձայնով ասաց Մահը եւ յառաջացաւ։
— Վերջապէս գտնուեց մէկը, որ պատրաստ էր գալու քո հետ, իսկ դու մերժեցիր։
— Չէի կարող, միթէ՞ կարծում ես, որ առանց Աստծոյ թոյլտուութեամբ ես կարող եմ վերցնել որեւէ մէկին եւ վերջապէս իմ բաժինը իմ համար էլ շատ դժուար է ու տհաճ, ինձանից բոլորը վախենում են, գիտեմ ես ունեմ տհաճ հոտ, որը սարսուռ է տալիս մարդկանց, բայց… ինչպէս դու քո գործն ես անում… այնպէս էլ ես իմը…
— Այո՛, իմ բաժինը շատ աւելի քաղցր է, ես երջանկութիւն եմ տալիս մարդկանց, կեանքով լցնում եմ բնութիւնն ու կենդանական աշխարհը։
— Այո՛, քեզ լաւ բաժին է ընկել, դժգոհութիւնով ու տրտմութիւնով մրթմրթաց Մահը, եւ շարունակեց.- ի հարկէ ծնունդն շատ աւելի լաւ է, քան կորուստը։
Չէր հասցրել վերջացնել խօսքը, երբ լսուեց մանկան ճիչն ու լացի ձայնը։ Նրանք գնացին ձայնի ուղղութեամբ եւ տեսան մի տուն, որտեղից ներս ու դուրս էր անում մի տարիքով կին։ Մօտեցան տան պատուհանին եւ ներս նայեցին։ Տեսան մի երիտասարդ գեղեցիկ կնոջ, որը լոյս աշխարհ էր բերել արու զաւակ։ Մօտեցան յաջորդ պատուհանին, որը մէկ այլ սենեակ էր, տեսան ուրախ եւ երջանիկ դէմքեր, երբ ներս մտաւ տարեց կինը նորածնի հետ եւ յանձնեց մանուկին երիտասարդ հօրը։ Նրա աչքերը փայլում ու ցնծում էին ուրախութիւնից։
Կեանքը նայում էր ինքնամոռաց ու հիացած.
— Տե՛ս, ինչպէ՜ս է ուրախացել հայրը, ի՜նչ երջանիկ են բոլորը.- ասելով՝ շրջուեց դէպի Մահը։ Մահը կողքը չէր, Կեանքը վախեցած նայեց շուրջ բոլորը, նա պատուհանից պատուհան էր վազում, երբ նորից տեսաւ նոյն սենեակը, որտեղ ծնուել էր մանուկը, բայց այս անգամ պատկերն այլ էր։ Մեծ ու փոքր խառնուել էին իրար ու գոռում էին։ Նա տեսաւ, թէ ինչպէ՛ս էր Մահը կանգնած երիտասարդ ծննդկանի գլխավերեւում, Կեանքը շփոթուած չհասցրեց ներս մտնել սենեակ, երբ Մահը դուրս եկաւ այնտեղից, գլխահակ։
— Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ, միթէ քեզ չուրախացրեց նրանց ուրախութիւնը.- յուսահատ գոռում էր Կեանքը։
— Ես արեցի այն, ինչ պէտք է անէի.- հազիւ լսելի ձայնով շշնջաց մահը…
Կեանքն ու Մահը շարունակեցին իրենց ճանապարհը, բայց խօսելու ոչինչ չունէին, նրանցից իւրաքանչիւրն էլ հասկանում էր, որ աւելորդ ու անիմաստ են բոլոր խօսքերը, որ իւրաքանչիւրն Աստծուց տրուած իր անելիքն ունի։ Կեանքը դադարեց յանդիմանել մահուան՝ տեսնելով նրա տրտում վիճակը, նա ինչ որ տեղ անգամ կարեկցում էր եւ միաժամանակ վայելում իրեն բաժին ընկած հաճելի պաշտօնը։
Նրանք մինչեւ այսօր էլ քայլում են կողք-կողքի, բայց…. առանց խօսքերի։