ՄԱՐԻ ԹԱՐԵԱՆ — «ՄԵԴԻԱՄԱՔՍ»
Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Հետախուզական Վարչութեան (Կ.Հ.Վ., CIA)՝ տարեսկզբին գաղտնազերծուած փաստաթղթերը չեն շրջանցում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան տնտեսական եւ քաղաքական վիճակը: «Մեդիամաքս»ն ուսումնասիրել է 1958թ.ի Յունիսի 12ին կազմուած տեղեկանքը Հայաստանի մասին եւ առանձնացրել է առաւել ուշագրաւ հատուածները:
***
Չնայած նրան, որ հայերը չեն սիրում կոմունիստական ռեժիմը (վարչակարգը), Հայաստանի քաղաքացիների ու Երեւանում ապրող ռուս բնակչութեան միջեւ յարաբերութիւններն ընկերական եւ բարեկամական են: Երեւանում տեղակայուած խորհրդային օդային ուժերի անձնակազմը կարգապահ է եւ պատշաճ կերպով է դրսեւորում իրեն:
Այնուամենայնիւ, Երեւանում գոյութիւն ունեցող ադմինիստրատիւ (վարչական) եւ ռազմական հսկողութիւնը հիմնականում իրականացւում է զինծառայողների կողմից, քաղաքում մեծ օդանաւակայան ու ռազմական հաստատութիւններ են տեղակայուած:
Ռազմական իշխանութեան կողմից այս ադմինիստրատիւ հսկողութիւնը չի տարածւում քաղաքացիական բնակչութեան վրայ: Երեւանը մեծամասամբ կառավարւում եւ վերահսկւում է հայերի կողմից:
Վաղեմի կոմունիստ Սուրէն Թովմասեանն է ղեկավարում Երեւանի վարչակազմը: Հիմնական դիրքերը զբաղեցուած են հայերի կողմից, ովքեր Կոմունիստական կուսակցութեան անդամներ են: Որոշ ռուսներ վարչակազմում փոքր պաշտօններ են զբաղեցնում:
***
Երեւանի բնակչութիւնը լրջօրէն է ընդունել 1957թ.ին Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմական գործողութիւնների անմիջական բռնկման հետ կապուած Խրուշչովի յայտարարութիւնները: Խորհրդային Միութիւնն աջակցում էր Սիրիային, իսկ Ա.Մ.Ն.ն՝ Թուրքիային: Շատ հայեր զգացին, որ այս երկու պետութիւնների միջեւ ռազմական գործողութիւնների սկսումը գեր-տէրութիւններին կը ներքաշի հակամարտութեան մէջ: Շատերը գաղտնի ողջունում էին նման պատերազմի հեռանկարները, քանի որ կարծում էին, որ կոմունիստական լծից իրենց ազատագրման յոյսը Սովետական Միութեան ու Ա.Մ.Ն.ի միջեւ խոշոր պատերազմի մէջ է: Այս կարծիքը կիսում էր Խորհրդային Հայաստանում ապրողների մեծամասնութիւնը: Հակաթուրքական տրամադրութիւններ չեն եղել, չնայած այն փաստին, որ պատմականօրէն հայերը շատ պատճառներ ունեն թուրքերին չսիրելու համար:
***
1947-48թթ.ին՝ յետ-պատերազմեան շրջանում մօտ 8000-10.000 հայեր Ֆրանսիայից, Յունաստանից եւ Ա.Մ.Ն.ից հայրենադարձուել են Հ.Խ.Ս.Հ.: Կոմունիստական ռեժիմում անբարենպաստ կենսապայմաններում ապրելուց յետոյ նրանց ճնշող մեծամասնութիւնը կը վերադառնային իրենց բնակութեան նախկին վայրերը, եթէ կոմունիստական ղեկավարութիւնը թոյլ տար նրանց:
Երբ 1956թ.ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինօն այցելեց Հայաստան, Ֆրանսիայից շատ նախկին հայրենադարձներ նրա հետ քննարկեցին Ֆրանսիա վերադառնալու հնարաւորութիւնները:
Որպէս այս քննարկումների արդիւնք՝ Պինոն խոստացաւ նրանց պահանջները բարձրացնել Մոսկուայում: Յաջողութեան յոյս ունենալով՝ շատ հայրենադարձներ վաճառեցին իրենց տներն ու անձնական իրերը՝ նախապատրաստուելով Խորհրդային Միութիւնից մեկնելուն:
Երբ հետագայում պարզուեց, որ Պինոյի պահանջը Սովետական Միութեան կողմից կտրականապէս մերժուել է, այդ հայերը կանգնեցին երկընտրանքի առաջ:
Շատերը զգուշանում էին՝ վախենալով, որ խորհրդային իշխանութիւնները կտրուկ գործողութիւնների կը դիմեն նրանց դէմ՝ Հայաստանը լքելու ցանկութեան համար: Նրանք, ովքեր վաճառել էին իրենց տներն ու անձնական իրերը, կանգնեցին բնակուելու համար այլ թաղամասեր փնտռելու խնդրի առաջ: Երբ կոմունիստական իշխանութիւններն այս հայերի դէմ որեւէ գործողութիւններ չձեռնարկեցին, շատերն անցան իրենց նախկին կարգավիճակին՝ իրադարձութիւնների շրջադարձից լիովին յուսահատուած եւ զայրացած:
***
Երեւանում երեք հայկական եկեղեցի կայ: Կրօնական ծառայութիւններում հիմնականում ներգրաւուած են կանայք եւ հին սերնդի ներկայացուցիչները: Երիտասարդ սերնդից քչերն են յաճախում եկեղեցի, ինչը երիտասարդութեան շրջանում կրօնական պրակտիկան (վարժութիւնը) ճնշելու կոմունիստական ջանքերի արդիւնք է:
Շատ հայ կոմունիստներ քահանայ են բերում եւ իրենց երեխաներին մկրտում են տանը, քանի որ վախենում են, որ Կոմունիստական կուսակցութիւնում իրենց դիրքերը կարող են լրջօրէն վնասուել, եթէ երեխաներին այդ նպատակով տանեն եկեղեցի:
***
Հայերը, որոնք նախքան ռուսական յեղափոխութիւնը բնակուել են Վրաստանի մարզերում, երբեք լաւ յարաբերութիւններ չեն ունեցել վրացիների հետ: Փոխադարձ անվստահութեան զգացողութիւնը եւ ուժեղ հակասութիւնը զարգացել են տարիների ընթացքում եւ փչացնում են այս երկու հակամարտող ազգային տարրերի միջեւ յարաբերութիւնները: Որպէս հետեւանք, շատ հայ ընտանիքներ յեղափոխութիւնից յետոյ կա՛մ հաստատուել են Հ.Խ.Ս.Հ.ում, կա՛մ արտագաղթել են Արեւմուտքի երկրներ:
1951թ.ին՝ վրացիները շատ հայերի, որոնք դեռեւս շարունակում էին ապրել այդտեղ, բառացիօրէն ստիպեցին հրաժարուել իրենց տներից եւ ունեցուածքից: Վրաստանի տարածքից դուրս եկածների մեծամասնութիւնը հետագայում հաստատուեց Հայաստանում: Այս գործողութիւնները միայն ծառայեցին հայերի եւ վրացիների միջեւ ատելութեանը բնորոշ զգացմունքների, անվստահութեան ուժեղացմանը, որը չի վերանում մինչ օրս:
***
Սպեկուլեացիան (շահարկումը) կրճատելու եւ վերացնելու իշխանութիւնների բոլոր ջանքերը մեծ հաշուով անյաջող էին: Հայերը հոգու խորքում հիմնականում «կապիտալիստ» են՝ շահոյթ ստանալու ցանկութիւնը մի բան է, որը կոմունիստները երբեք չեն կարողանայ փոխել կամ ճնշել ժողովրդի մէջ: 1957թ.ի Հոկտեմբերին Երեւանի կենտրոնում մեծ շուկայ էր տեղակայուել, որտեղ մարդիկ կարող էին ազատօրէն գնել, վաճառել կամ փոխանակել ապրանքատեսակներ՝ առանց իշխանութիւնների կողմից միջամտութիւնների:
Յետոյ այս շուկան յանկարծակի փակուեց քաղաքային կառավարութեան կողմից՝ հաշուի առնելով բնակչութեան որոշ տարրերի կողմից լայնամասշտաբ սպեկուլեացիաները: Դրանց սովորական պրակտիկան էր գնել այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են կարի մեքենաներ, ռադիօընդունիչներ, տեսախցիկներ, սառնարաններ եւ այլ սպառողական ապրանքներ, որոնք հասանելի էին շուկայում: Գնումները սովորաբար կատարւում էին պետական խանութներում աշխատող աշխատակիցների հետ ներքին շփումների միջոցով, ովքեր համապատասխանաբար վճարւում էին:
Այս ապրանքներն ապահովում էին սպեկուլեանտներն այնքան ժամանակ, երբ դրանք հասանելի չէին պետական խանութներում: Սպեկուլեանտները շարունակում էին վաճառել այդ ապրանքները հեռանկարային գնորդներին՝ գործարքից 50 տոկոս շահոյթ ստանալով: Շուկայի փակուելուց յետոյ այս գործարքները կատարւում էին գաղտնի: