Գնդապետ ՍԱՄՈՒԷԼ ՌԱՄԱԶԵԱՆ
Յունահայ գաղութի վերջին մոհիկաններից մէկը, նրա վերելքի եւ անկումի վկաներից մէկը, բայց առաւելապէս՝ լաւ մարդը եւ սրտացաւ ընկերը…
Ծնուած հեռաւոր 1920ին, Զմիւռնիայի մէջ, արդէն երկու տարի յետոյ տակաւին մանուկ՝ ստիպուած եղաւ ճաշակելու իր ժողովրդին պատահած սարսափելի աղէտը: Ծնողներն իրենց համար էլ որեւէ փրկութեան յոյս չունենալով՝ ծովն էին նետել երկամեայ երեխային: Բայց Աստուած այլ բան էր նախատեսել մանուկ Հայկի համար… Ծանծաղ մասում լող տալով՝ մանուկ Հայկին փրկում է աւագ եղբայրը, եւ երկուսով լողում են դէպի մօտակայ եւրոպական մարտանաւերից մէկը: Մանուկները նաւ են բարձրացւում եւ այդ կերպ հասցւում Սալոնիկ, ուր առժամանակ անց գտնւում են նաեւ հրաշքով փրկուած ծնողները:
Երբեք չպատմեց Զմիւռնիայի իր պատմութիւնը.
— Ձգէ, բան մըն ալ չեմ յիշեր…
Յետոյ պիտի հասկանայի, որ այս պատասխանը բնորոշ էր դէպքերի ողջ զարհուրանքը մանուկ հասակում ապրած ծերունազարդ վերապրեալների համար: Իրենք, անշուշտ, լաւ են յիշում, մանկական յիշողութիւններն ամենավառ տպաւորուածներն են: Բայց երբեւէ չեն ցանկանում վերապրել այն, ինչ որ արդէն խորը ցաւ է պատճառել կեանքի սկզբում:
Ցեղասպանութեան 100ամեակին կրկին մի փորձ եղաւ: Նոյն պատասխանը, նոյն մերժումը: Եւ ոչ միայն իրենից: Այս սերունդն աշխարհին այլեւս պատմելու բան չունի:
Ուղղակի աշխարհն այլեւս դրան արժանի չէ:
* * *
Մանուկ Հայկը լաւ ուսում առաւ Սալոնիկում, ուսումնատենչ պատանին հմուտ էր օտար լեզուները եւ մասնագիտութիւնը իւրացնելու հարցում: Յոյն ուսուցիչներից մէկն օտարահունչ անունը յարմարեցրեց եւ «Ալեքօ» դարձրեց, բայց պատանին վրդովուած էր.
— Ես Հայկն եմ:
— Ի՞նչ անուն է սա…
— Հայերի անուանադիր նահապետի…
— Հա՞յ ես:
— Այո՛:
Ուսուցիչը հիացաւ երէկ չէ առաջին օրը Յունաստան հաստատուած գաղթականի զաւակի ուսումնատենչութեան ու յամառութեան վրայ.
— Ամէնքդ էլ այս հայ տղայի պէս սովորէք: Այս տղան մի օր բոլորիդ պիտի ամաչեցնի…
* * *
Հնաբնակ սելանիկցիները վստահաբար յիշում են «Զաքեան» կերպասեղէնի վաճառատունը:
Հայկը շուտ իւրացրեց այս արուեստը՝ փոխարինելով հօրը: Տիպար հայ վաճառական էր: Միջնադարի եւրոպական երկրների հայ վաճառականների պէս, որոնց բանաւոր համաձայնութիւնը գրաւոր փաստաթղթերից առաւել գնահատւում էր:
Բիզնէսը գործ է, եւ դատարկութիւնը գործով է լցւում՝ ո՛չ բեմբասացութիւններով կամ պարապ ճառախօսութիւններով: Նոյն կերպ փորձեց մօտենալ նաեւ զգայուն ազգային հարցերին:
* * *
…Հայաստանն անկախացումից անմիջապէս յետոյ նորաստեղծ բանակով ստիպուած եղաւ դիմագրաւելու հակառակորդի սանձազերծած եւ չյայտարարուած պատերազմը: Պէտք էր կանոնաւոր բանակ, պէտք էր նոր սպայակազմ: Իսկ սպայակազմը բանակի ուղեղն է ու ազգի ողնաշարը:
Եւ Յունաստանը եղբայրաբար իր ռազմաուսումնական հաստատութիւնների դռները բացեց ապագայ հայ սպաների համար: Շատ կարեւոր բան էր պակասում միայն՝ հայեցի շրջապատը եւ հայկական հոգատարութիւնը, ինչը լրացրեց հայրենանուէր մի խումբ անձանց նախաձեռնած «Երեւան» խնամակալ միութիւնը:
Զաքեանն առաջիններից մէկն էր: Բայց ոչ միայն զուտ հանգանակութիւնների եւ դրամահաւաքի կազմակերպման առումով, այլ՝ նոր գաղափարների ու առաջարկների ներկայացման:
Նուաստիս նշանակումից առժամանակ անց աւանդական դարձան խնամակալների հանդիպումները Յունաստան ժամանող Հ.Հ. պաշտպանութեան նախարարների եւ բարձրաստիճան զինուորականների հետ:
— Կ’առաջարկենք, որպէսզի Յունաստան եկող մեր ուսանողները յունարէնի նախնական դասընթաց անցնեն Հայաստանին մէջ՝ ետքը լեզուական խնդիր չունենալու համար,- միութեան առաջարկը ներկայացրեց Զաքեանը:
Պաշտպանութեան նախարարը հիացաւ խնդրի լուծման առաջարկից, նշեց նոթերի մէջ:
Մի քանի ամիս անց իրականութիւն էր Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնում յունարէն լեզուի ուսուցման լսարանը, որը «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա գործուղղուող ապագայ սպաների համար մինչ այժմ կազմակերպում է համապատասխան դասընթացը:
* * *
Զգում էի, որ շատ նախաձեռնութիւնների յետեւում այս մարդն էր: Լռելեայն, իր սակաւախօս գործնականութեամբ, բուն զբաղմունքից զատ միշտ ժամանակն ունէր մեր ապագայ սպաների հոգսերի համար: Անդամն էր նաեւ Սալոնիկում գործող «Հայաստանի եւ Արցախի բարեկամների միութեան», որ հովանաւորում էր սահմանամերձ գիւղերի ազգաբնակչութեանը: Հակառակ առողջական վիճակին՝ մի քանի անգամ անձամբ է միութեան օժանդակութեան խմբաքանակներով այցելել տուեալ բնակավայրներ:
Ինչեւէ, խնդիր կար Աթէնքի խնամակալ միութեան գործունէութիւնը նաեւ Սալոնիկի ռազմական բժշկութեան դպրոցի հայ ուսանողների նկատմամբ տարածելու համար: Կարճ քննարկում եղաւ, Զաքեանը պարզեց իր ծրագիրը եւ մէկ շաբաթ անց այլեւս իրականութիւն էր Սալոնիկում գործող միութեան կողմից մեր զինուորական ուսանողների հովանաւորութեան հարցը եւս:
* * *
Ինքզինքս պարտաւորուած էի զգում, յիրաւի, այդ բարեհոգի անձնաւորութեանը Հ.Հ. զինուած ուժերի կողմից որեւէ կերպ պատուելու համար:
2006ին էր, «Լեդրա Մարիոթի» շքեղ հանդիսասրահում նշում էինք մեր բանակի հերթական տարեդարձը: Որոշուել էր առաջին յոյն բարձրաստիճան զօրավարների պարգեւատրումից անմիջապէս յետոյ Հ.Հ. Պ.Ն. «Ռազմական կրթութեան» յուշաշքանշան յանձնել Հայկ Զաքեանին: Իր համար միանգամայն անակնկալ էր, եւ զօրավարներից յետոյ սեփական անուն-ազգանունը լսելուն պէս՝ ցնցուեց՝ յանդիմանող հայեացքն ինձ ուղղելով: Մի կերպ արժանացայ մարդու ժպիտին, եւ աւարտեցինք պարգեւատրման արարողութիւնը…։
Յետոյ պիտի հասկանայի. Մարդը համեստութեան կատարեալ տիպար էր: Համեստութեան եւ խոնարհութեան դասեր կարող էր տալ հպարտութեան ախտով տառապողներին եւ մոլագար ինքնամեծարներին, որոնք, ցաւօք, սնկի պէս բազմանում են մեր շուրջը: Ցաւօք, նուաստս էլ իր «համեստ» ներդրումն է ունեցել սփիւռքին խորթ երեւոյթի հանրայնացման համար: Բայց, միգուցէ, այլ ճանապարհ էլ չկար:
Աւելի ուշ Զաքեանին յանձնում էին Սփիւռքի նախարարութեան «Պօղոս Նուբար» շքանշանը: Կրկին նոյն կերպ արձագանգեց, իրեն բնորոշ պարզ անմիջականութեամբ.
— Չեմ գիտեր, ինչո՞ւ համար ինձի շնորհուած է այս պարգեւը, սակայն պարտաւորուած կը զգամ այսուհետ օգտակար ըլլալ հայրենիքին…։
* * *
Անսահման հումորի զգացում ունէր: Ես պիտի ասէի՝ յունահայ համայնքի ամենահումորով մարդը, ինչում բազմիցս համոզուել եմ:
Հետաքրքիր էր միութիւններից մէկի «փառապանծ» տարեդարձի շքեղ միջոցառմանը «ազգային ջոջերու» ներկայացումը, ինչը Զաքեանն արեց իւրովին: Մթնոլորտն ուղղակի լցուած էր պոլսական աւանդական գաւառականութեան եւ եւրոպական հնաոճ սնոբիզմի շնչով: Սիկառի եւ վիսքիի տաղտկութեան մէջ միակ լուսաւոր կէտը Զաքեանն էր:
— Մարդ մը չե՞ս ճանչնար հոս… Եկուր, ծանօթացնեմ…
Եւ առաջին իսկ տիկնոջ ձեռքը բռնելով՝ արտաբերեց.
— Տիկին… Շատ յաջող մասնագէտ իր գործին մէջ…
— Բարեւ ձեզի…
Մօտեցաւ ոմն տղամարդ.
— Տիկնոջ ամուսինն է…
Եւ ամուսնու մի քանի քայլ հեռանալուց յետոյ անմիջապէս կամացուկ վրայ բերեց.
— Օրինաւո՛ր…
Անցաւ մէկ այլ տղամարդ.
— Բարով եկած էք…
— Աս ալ տիկնոջ անօրէն ամուսինն է,- շշնջաց:
Եկաւ երրորդը…
Ես արդէն այդ աստիճան հումորային գրոհին չէի կարող դիմանալ:
Երեկոն լաւ անցաւ: Գրեթէ մէկ ժամուայ մէջ Զաքեանը հասցրեց «ծանօթացնել» բոլոր հրաւիրեալ ներկաներին, որոնց մեծամասնութեանն այլեւս երբեք պիտի չհանդիպէի:
* * *
…Հայաստանից ժամանել էր Պ.Ն. հերթական պատուիրակութիւնը: Գործնական քննարկումները սահուն վերածուեցին խնճոյքի: Զաքեանն, անշուշտ, հրաւիրուած էր:
Մեր գիրուկ գնդապետ ընկերներից մէկն արդէն ստանձնել էր սեղանապետութիւնը եւ փոքր-ինչ վերամբարձ կենաց սկսեց՝ «յատուկ սփիւռքահայ հիւրի» համար.
— Հաւատացնում եմ Ձեզ՝ հայկական բանակը յաղթական է, միշտ շարժման մէջ, կազմ-պատրաստ, ամէն ինչով ապահովուած…
— Այո՛, դատելով Ձեր փորէն՝ անանկ պէտք է ըլլայ,- չոր նետեց Զաքեանը:
Սեղանապետը շփոթուեց, իսկ մենք երկար ժամանակ ուշքի չէինք գալիս սեղանակիցների հոմերական քրքիջից:
* * *
Գործը կեանք կուտայ…
Գործի մարդ էր, իրապէս, գործով ցոյց տուեց իր հաւատքը:
Խորը վերլուծութիւն պէտք չէր հասկանալու, որ ազգային կրթութիւնն է հիմքն ամէն ինչի, եւ աղէտները դրա բացակայութիւնից են բխում: Ինքը լաւ գիտէր դրա հետեւանքները…
Երկար մտորելուց եւ բարեկամների հետ խորհրդակցելուց յետոյ՝ նախաձեռնեց քննարկումները հայկական կրթական հաստատութիւնների միաւորման համար: Բոլոր կողմերին էլ ճանաչում էր, եւ յարգուած բոլոր կողմերից: Փալէօ Փսիխիկոյի առանձնատունը իւրօրինակ անպաշտօն ժողովատեղի դարձաւ մի քանի անգամ:
Յետոյ… յետոյ յաջորդեց հերթական դառը հիասթափութիւնը, որ արդիւնք էր անհասկանալի հաշիւների, անձնական յիշողութիւնների վրայ հիմնուած սին յաւակնութիւնների:
Վստահ եմ, որ յաջողելու պարագային լուրջ ներդրում պիտի ունենար յունահայ կրթական հաստատութիւնների զարգացման ու պահպանման գործում:
Չստացուեց…
* * *
Յունաստանի տնտեսական ծանր ճգնաժամն, անշուշտ, անաղմուկ չանցաւ Զաքեանի ղեկավարած ընկերութեան կողմով: Մերձաւորների կողմից հետեւեցին յորդորները, ապա՝ անթաքոյց պահանջները ձեռնարկութիւնը փակելու համար:
Անյողդողդ էր: Առաջուայ պէս առաւօտ կանուխ մեկնում էր գործի եւ երեկոյեան վերադառնում, իսկ երբեմն մինչեւ ուշ գիշեր քննում արուածն ու չարուածը:
Խորհրդակցեց բժշկի հետ եւ յայտարարեց մերձաւորներին.
— Այս գործն ինձի կեանք կուտայ…
Իրաւ, այդպէս էր:
Յետոյ կատարուեց անխուսափելին, ինչը որ իր հետ այլ դառը հիասթափութիւններ բերեց: Մարդկային երախտամոռութիւնն, անշուշտ, չափ ու սահման չունի:
Մարդը զարմանում էր, թէ ինչպէ՛ս մօտ 40 տարի իրեն աշխատակցած նախկին ենթակաները կարող են դատ բանալ՝ կեղծ պատրուակներով վերջին «բոնուսները» սնանկացող ընկերութիւնից պոկելու նպատակով:
Սրբերից մէկի խօսքերն են. «Հաւատարմութի՞ւն ես փնտռում… Թող մարդկանց եւ ընկերացիր կենդանիների հետ»:
* * *
— Սամուէ՛լ, մա՛նչս, եկո՛ւր…
Մարդս թոյլ կէտեր շատ ունի: Բայց եթէ թեւեր չունի, ապա պայման չէ, որ սողուն դառնայ:
Հերոսութիւն է, երբ մարդս իր մէջ է պարփակում իր թոյլ կէտերը՝ դրանք չդարձնելով համընդհանուր սեփականութիւն:
Իսկ աւելի լաւ է գոնէ մէկ սրտակից ընկեր ունենալ՝ աշխարհում միայնակ լինելու զգացումը յաղթահարելու եւ «թոյլ կէտերի» անելանելիութիւնից փոքր-ինչ դուրս գալու համար:
Այս ամառ էլ ասաց.
— Ի՞նչ պիտի անես ամրանը… Սամուէ՛լ, մա՛նչս, եկո՛ւր…
Չհասկացայ…
* * *
Միշտ խնդաց տարիքի վրայ եւ չհաւատաց, որ երկար է ապրում: Յատուկ խնդրանք ունէր՝ որեւէ տեղ տարիքը չնշել: Ոչ էլ ծնունդով իզմիրցի լինելը:
Իզմիրցիների տարիքը չեն հարցներ:
Յոյն ընկերոջ «Էլաֆոկինիղոս» թավերնայում ականատես եղանք քալամատացիների եւ սպարտացիների հայրենակցական միութիւնների խնճոյքին, ուր պարում էին 70-80ն անց ծերուկներն ու կանայք:
— Ջահէլները կը զուարճանան,- իրեն բնորոշ կերպով լուրջ-լուրջ ձեւակերպեց՝ տեղիք տալով ունկնդիրների անզուսպ ծիծաղին…
* * *
Մշտապես կատակասէր ու զուարթ մարդն այս ամառ առաջին անգամ բողոքեց.
— Ի՜նչ գէշ մարդ եմ: Աստուած ալ չի առներ…
Լաւ մարդկանց կեանքն Աստուած է երկարացնում:
Գիտէի, որ այլ ծառայութեան վայր մեկնելուց յետոյ ինչ-որ կերպով միայնակ եմ թողնելու սիրելի ընկերոջս:
Իրեն երկար տարիներ պատած հիւանդութիւնն այլեւս յոգնատանջ մարմնով դժուարացրել էր տեղաշարժուելը:
Բայց Հայկ Զաքեանը քայլելով գնաց…
Այո՛, վերջը քայլելով գնաց իրեն երկար տարիներ պարգեւած Արարչի մօտ:
Վստահ եմ, որ գիտէր այդ մասին:
* * *
Երկար տարիներ պահանջեց.
— Ինձի պարոն Զաքեան մի՛ ըսեր… Հա՛յկ… Ես Հա՛յկն եմ…
Կը ներես, սիրելի ընկեր, այսօր էլ չկարողացայ կատարել խոստումս:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…
31.08.2017թ.