Սեպտեմբերի վերջին օրը ծննդեան տարեդարձն է հայ գրականութեան 20րդ դարու լուսաւոր դէմքերէն՝ տաղանդաւոր բանաստեղծ Գէորգ Էմինի։
Մարդ էակին նկատմամբ անկեղծ ու անհուն սէրը, իր ժամանակաշրջանն ու Դարու Ոգին հայօրէն երգելու ներքին հուրը եւ կեանքն ու աշխարհը իր բջիջներուն մէջ շնչաւորելու եւ իմաստնանալու անսանձ մղումը եղան վարար աղբիւրը Գէորգ Էմինի բանաստեղծութեան, որ պատգամեց բոլորին՝
Խօսքը զէնքի պէս զգո՜յշ գործածիր,
Երբ խառն է դարը.
Նոյն արճիճի՜ց են ձուլում, իմացի՛ր,
Գնդակն ու… տառը:
Մանաւանդ որ Էմին ստեղագործեց դարաշրջանի մը մէջ, որուն թշուառ մերկութիւնը շատոնց քողազերծած էր.
Քսաներորդ դար —
Ժեստի, կեցուածքի,
Ոչ թէ լինելո՛ւ,
Այլ… թուալո՜ւ դար:
Ծնած էր 30 Սեպտեմբեր 1919ին, Աշտարակ գիւղը, ուսուցիչի եւ այգեպանի ընտանեկան յարկին տակ։ 1940ին աւարտեց Երեւանի «Կառլ Մարքսի անուան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետ»ը եւ անմիջապէս զօրակոչուեցաւ բանակ՝ 1942էն 1944 խորհրդային զօրքի շարքերուն մէջ ծառայելու համար Երկրորդ Աշխարհամարտի ռազմաճակատներուն վրայ։
Զօրացրւումէն ետք Գէորգ Էմին անցաւ Մոսկուա, ուր 1949էն 1950 ուսանեցաւ «Մոսկուայի գրական ինստիտուտ»ին կից «Հայ գրողների ստուդիա»յին մէջ, իսկ 1954էն 1956 մասնագիտացաւ՝ հետեւելով Խ.Ս.Հ.Մ. Գրողներու Միութեան առընթեր գրական բարձրագոյն դասընթացներում:
1951ին վերադարձաւ Երեւան եւ մինչեւ 1964 եղաւ «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանի մէջ։ 1968ին նշանակուեցաւ միեւնոյն՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր:
Հրապարակագրական ասպարէզը հնարաւորութիւնը ընձեռեց Էմինի, որպէսզի լայն ճանաչումի արժանանայ իբրեւ փայլուն ակնարկագիր։ Բայց նոյն ժամանակաշրջանին իր ծաւալած գրական-ստեղծագործական բեղուն գործունէութիւնը զինք բարձրացուց տաղանդաւոր բանաստեղծի պատուանդանին։
Ուսումով եւ մասնագիտութեամբ գիտական պատրաստութիւն ունենալով հանդերձ, Էմին օժտուած էր յորդ յուզաշխարհով եւ բանաստեղծական ուրոյն տաղանդով, որոնց թելադրանքով իր կեանքը ամբողջապէս նուիրեց հայ գրականութեան։
«Գէորգ Էմին. Իմ մասին» խորագրով իր ինքնակենսագրութեան մէջ, անդրադառնալով բանաստեղծ դառնալու իր ընտրանքին, Էմին կը խոստովանի՝
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թէ կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մէկին՝ Եղիշէ Չարենցին: Ես նաեւ շնորհակալ եմ իմ մասնագիտութեան համար՝ միայն ճիշտ գիտութիւնը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնելու իր մէջ հոգեւոր հաւասարակշռութիւն, խուսափելով շատախօսութիւնից եւ յաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բաւական կը լինէր։ Ընդհանուր. ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի եւ իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար»:
Գէորգ Էմին իր կեանքի վերջալոյսին ապրեցաւ նաեւ Արցախեան շարժման պատմական եւ բախտորոշ ժամանակաշրջանը։
Իր ներդրումը ունեցաւ հայ իրականութիւնը խորհրդային ժանգերէն եւ կեղտաջուրերէն մաքրելու ընդհանուր վերանորոգման մէջ։ Վախճանեցաւ Յունիս 11ին, 1998 թուին։ Տաղանդաւոր բանաստեղծին ծննդեան տարեդարձին նուիրուած յուշատետրի այս հակիրճ վկայութիւնը կþարժէ աւարտել Էմինի այնքա՜ն սիրուած եւ տարածուած բանաստեղծութիւններէն նմոյշներով.
ԶԳՈ՜ՅՇ ԽՕՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Զգո՜յշ խօսիր Հայաստանում,-
Այստեղ ամէն գագաթ ու ձոր,
Արձագա՜նգ է տալիս հզօր,
Եւ քո Խօսքը հեռու տանում…
Թէ բարի են խօսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կը խոնարհուեն քո դէմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թէ չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե՜լ են, բայց չե՜ն յանգել,
Քեզ լաւայո՜վ կ’արձագանգեն,
Որ լեռնե՜ր է քշում տանում…
Զգո՜յշ խօսիր Հայաստանում:
Զգո՜յշ խօսիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամբէքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դէմ-դիմաց ելնեն յանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կը կենաք իրար գրկուած,
Թէ դաւով ես այստեղ ընկել,
Կը գլորուես ժայռերից ցած,
Ո՞վ եղաւ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում…
Նե՜ղ են ճամբէքը լեռնական,
Զգո՜յշ քայլիր Հայաստանում,
Զգո՜յշ գործիր Հայաստանում,-
Մենք գահ ու թագ չե՜նք ունեցել,
Եւ… արքա՜յ է ամէն մի հայ.
Զօրք ու բանակ չենք ունեցել,
Եւ… սպա՜յ է ամէն մի հայ.
Ամէն մի հայ լերան մի ծերպ,
Ամէն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամէն մի հայ մի Հայաստան-
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատուա՜ծ, հատուա՜ծ,
Եւ սակայն մի՜,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարաւոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անուանում…
Զգո՜յշ գործիր Հայաստանում։
ՄԵՆՔ
Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթէ ծուռ նստենք, բայց խօսենք շիտակ.
Եթէ նաւ՝ ապա չոր ժայռի վրայ,
Եթէ գաւ՝ ապա արցունքով լեցուն,
Եթէ հող՝ ապա քարացած ահից,
Եթէ քար՝ ապա ճչացող ցաւից,
Հզօր մի ոգի, որ չունէ՜ր մարմին,
Եզակի որակ՝ առանց քանակի,
Քաջարի սպայ՝ առանց բանակի,
Պաշտամունք՝ հնի ու աւերակի…
Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թէ շիտակ նստած՝ ծո՜ւռ խօսենք անգամ,—
Զբօսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հիւր՝ իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռուի՜ց է միայն երեւում,
Անժողովուրդ հո՜ղ,
Անհող ժողովո՜ւրդ
Եւ ցրուած հուլունք, որ չէր ժողովւում:
Մենք խո՜ւլ ենք կիսով.
Ամէն մի նոր ձայն թէեւ շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետեւից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝
Փնտռելով խօսքեր դառնալու հնար:
Մենք կա՜ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիոյ աւազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին…,
Մեր միւս ոտքը
Խրուած է Մասիս լերան ձիւնի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտութեան շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտւում անվերջ…
Մենք կո՜յր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղօ՜տ ենք մենք տեսնում,
Անկատա՜ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զէնք բռնել միւսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:
Մենք հա՜մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,…
Որ չուրախանա՜նք մեր ուրախութեամբ,
Չհպարտանանք մեր հպարտութեամբ
Ու… չսգանք մեր զոհերն անհամար:
Արայի պէս ենք մենք սիրահարւում.
Մեզ թւում է միշտ,
Թէ սիրով տարուած՝մեր հողն ենք լքում
Եւ…վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.
Կէս ուղեղո՜վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կէսն
Անէծքի՜ց,
Ցաւի՜ց…
Մենք կէս,
Կէս ենք մենք,
Չլինէինք կէս՝
Հա՛յ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ…)
………………..
Մենք փո՜քր ենք, այո՜,
Փո՜քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի՜ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո՜ւժն ունի.
Փո՜քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո՜ւժ են ամբարել,
Անծանօ՜թ՝
Հովտի ծոյլ-ծոյլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո՛,
Փո՜քր ենք,
Բայց ինչպէս գնդակը՝ փողո՜ւմ,
Ինչպէս կաղնու սերմն՝ արգաւանդ հողում
Ոսկու մի հատի՜կ,
Որ վերեւի՜ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.
Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,…
Ա՜ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի…
Մենք փո՜քր ենք, այո՜,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմէ՜ք այնքան,
Որ մենք ստիպուած…ադամա՜նդ դառնանք.
Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե՜զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք…
Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բիւրականից մինչ Լուսի՜ն է հասնում,
Եւ Լուսաւանից մինչեւ Ուրարտո՜ւ…
Փո՜քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում…