Չորեքշաբթի 8 Մարտի երեկոյեան, Էլիզէեան պալատին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական այցով Ֆրանսա գտնուող նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտի հանդիպումը, որուն աւարտին ստորագրուեցան շարք մը ոլորտներու մէջ հայ-ֆրանսական համագործակցութեան զարգացման ու խորացման ուղղուած փաստաթուղթեր:
Ստորագրուած փաստաթուղթերուն շարքին էին Ֆրանսայի եւ Հայաստանի կառավարութիւններուն միջեւ համաձայնագիրը՝ Հայաստանի ֆրանսական համալսարանին մասին, Ֆրանսայի արտաքին գործոց եւ միջազգային զարգացման նախարարութեան եւ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումներու նախարարութեան միջեւ զբօսաշրջութեան ոլորտէն ներս համագործակցութեան վերաբերեալ մտադրութիւններու յայտարարութիւն, համագործակցութեան շրջանակային համաձայնագիր Հայաստանի գիտութիւններու ազգային ակադեմիոյ եւ Հայաստանի մէջ ֆրանսական համալսարանի, Թուլուզ Միտի-Փիրենէ շըջանային համալսարանի, Գիտական հետազօտութիւններու ազգային կեդրոնի, Թուլուզի ազգային ճարտարագիտական հիմնարկի, Թուլուզ 3-Փօլ Սապաթիէի համալսարանի, Թուլուզ 1 Քափիթոլ համալսարանի, Թուլուզի Ժան-Ժորէս համալսարանի միջեւ:
Հայաստանի եւ Ֆրանսայի նախագահները իրենց բանակցութիւններու արդիւնքները ամփոփեցին լրագրողներու առջեւ համատեղ յայտարարութիւններով:
Նախագահ Սարգսեան իր ելոյթին ընթացքին յայտնեց, որ նախագահ Հոլանտի հետ քննարկած բոլոր հարցերուն վերաբերեալ «մօտեցումները շատ մօտ են միմեանց. դա վերաբերում է ինչպէս մեր երկկողմ յարաբերութիւններին, այնպէս էլ մեր տարածաշրջանում ծաւալուող խնդիրներին, իրադարձութիւններին»: Նախագահը ըսաւ, որ «Բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը ամուր հիմք է նաեւ արդիւնաւէտ տնտեսական համագործակցութեան համար: Եւ որքան էլ որ մեր տնտեսական յարաբերութիւնները դեռ չեն հասել քաղաքական յարաբերութիւնների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղութեամբ:
Եւ ինչպէս պարոն նախագահն ասաց՝ ես այսօր առաւօտեան ՄԵԴԵՖում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել:
Փորձեցի համոզել այն իրականութեամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եւրասիական տնտեսական միութեան անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար՝ արտադրելու Հայաստանում եւ իրացնելու Եւրասիական տնտեսական միութեան 170 միլիոնանոց շուկայում: Եւ երկրորդ՝ ունենալով Իրանի հետ լաւ յարաբերութիւններ, Իրանի դէմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լաւ յարաբերութիւններ, ճանաչելով իրանական շուկան եւ Իրանի ժողովրդին՝ Հայաստանը եւս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերութիւններին օգտակար լինել, եւրոպական ընկերութիւններին հարթակ ծառայելով՝ ունենալով հնարաւորութիւններ եւ այդ հնարաւորութիւններն ի սպաս դնել մեր այս յարաբերութիւնների զարգացմանը: Եթէ ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք եւս կը լինենք օգտատէրերի թւում: Նախագահ Օլանդին ես շնորհակալութիւն յայտնեցի 2018 թուականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Մեզ համար դա շատ կարեւոր միջոցառում է, եւ մենք անպայման կարողանալու ենք 2018 թուականին լաւ մակարդակով կազմակերպել ու անցկացնել այդ միջոցառումը: Բացի դրանից, նախապատրաստական այդ ժամանակահատուածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի եւ ֆրանսիականի տարածումը՝ լայն տարածումը մեր երկրում: Մենք միայն այս տարի նախատեսել ենք 600ից աւելի միջոցառումներ, եւ դրանց իրականացումը, անշուշտ, կ՛ամրապնդի մեր բարեկամութիւնը, որովհետեւ մեզ կապող օղակներից երկու շատ յայտնի հանգամանքներ կան՝ երկու շատ կարեւոր փաստեր, գործօններ կան: Դրանցից մէկը Ֆրանսիայում ապրող գրեթէ կէս միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղէտից, հասնել Ֆրանսիա, հաստատուել այստեղ եւ աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնութիւնը»:
Նախագահ Հոլանտ իր ելոյթին մէջ շօշափեց Հայոց Ցեղասպանութեան հարցը
«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մենք մշտապէս դիտարկել ենք որպէս խաղաղութեան հաստատման քայլ. խաղաղութիւն ինքներս մեզ հետ, ինչպէս նաեւ խաղաղութիւն երկրների միջեւ: Մենք մշտապէս դիտարկել ենք Հայոց Ցեղասպանութեան խնդիրն աւելի գլոբալ համատեքստում, ինչը դրսեւորւում է նրանում, որ մենք ուշադրութիւն ենք դարձնում մարդկութեան դէմ բոլոր յանցագործութիւններին եւ պատերազմի յանցագործութիւններին», շեշտեց Ֆրանսայի նախագահը՝ աւելցնելով. «Ֆրանսան շարունակելու է աջակցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին»:
Փարիզի մէջ նախագահ Սարգսեան հանդիպեցաւ նաեւ Ֆրանսայի Ազգային ժողովի նախագահ Քլոտ Պարթոլոնի հետ: Հանդիպման ընթացքին Սերժ Սարգսեան բարձր գնահատած է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ քրէականացման վերաբերեալ Ֆրանսայի Ազգային ժողովի եւ անձամբ նախագահ Քլոտ Պարթոլոնի դիրքորոշումը: