Անիի Տիգրան Հոնենցի կառուցած եկեղեցու հայկական ծագումը վտանգված է

0
390

Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը բաց նամակ է հղել Հայաստանի կառավարությանը, Դիվանագիտական ներկայացուցչություններին, Միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին,Վրաստանի մտավորականներին, ՀՀ Գիտությունների ակադեմիային, համայն աշխարհի մտավորականությանը Անիի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աղավաղումն ու վրացականացումը կանխելու հորդորով: Նամակում մասնավորապես նշվում է՝

Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում տարածաշրջանի երկրների միջեւ` մշակույթի և ժողովուրդների բարեկամության տեսակետից: Տվյալ դեպքում վիճարկվում է Անիի Տիգրան Հոնենցի կողմից կառուցված եկեղեցու պատկանելիությունը, որը ներկայացվում է միջազգային հանրությանը որպես վրաց- քաղկեդոնական հուշարձան` դրանով իսկ հարցականի տակ դնելով Անիի հայկական հուշարձանների ամբողջական համալիր լինելու պատմական փաստը:
Լինելով իր ժամանակների հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր` Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա պատմական վկայություններում և եկեղեցական վիմագրերում:
Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր, հայկական քրիստոնեության նախահայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:

Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք` Թուրքիան շեղում է միջազգային հանրությունը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում գմբեթի անավարտությամբ խեղաթյուրումը, վրաց-քաղկեդոնական հուշարձան հայտարարվելը, համապատասխան ցուցանակի տեղադրումը և վերջինով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:

Հրավիրում ենք բաց նամակի հասցեատերերի ուշադրությունը կատարվածին ու ընթացող գործընթացներին և առաջարկում հնարավոր բոլոր միջոցներով կանխել միջազգայնորեն ընդունված չափանիշներից զուրկ և պատմական հուշարձանի նախնական տեսքը խեղաթյուրող վերականգնումն ու վկայագիրը` ինչ պարբերաբար փոփոխվում է առանց ներառելու Հոնենց կառուցողի կամ պատմականորեն եկեղեցական համայնքի ազգությունը: Այս ամենը կատարվում է պատմական ճշմարտության քաղաքական դաշտ տեղափոխելու նպատակներով:

Խնդրով մտահոգ` Քանդակարծության ազգային պարկ-թանգարանի կողմից իրականացվել է ստորագրահավաք , որին մասնակցել են ավելի քան 1350 մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից: Ստորագրահավաքի մասին հրապարակումները հասարակական լուրջ մտահոգություն են առաջացրել, որի արդյունքում խնդրով սկսել են հետաքրքրվել նաեւ միջազգային ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերի մասնակիցները:

Թանգարանի ներկայացուցիչները հույս են հայտնում, որ խնդրով մտահոգված երկրների մտավորականությունը, ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը պատրաստ են հարցը քննարկել միջմշակութային երկխոսության հարթակներում` դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանում պատմական արժեքների շուրջ ծավալվող տարաձայնությունների գիտական, բազմակողմ միջավայր:
,Մենք ապրում ենք մշակութային հարուստ պատմական շերտերով ամփոփված տարածաշրջանում և ունենք երկխոսությամբ վստահության ու բարեկամության միջավայրի ամրապնդման անհրաժեշտությունը. ,- ասված է նամակի մեջ: