Սրբօրէն պահենք մէր Մայրենին

0
1564

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամէնէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդավառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:

Զապէլ Եսայեան

Կան համազգային արժէքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագոյն ակնածանքով, մաքրամաքուր զգացողութիւններով, անափ սիրով ու նուիրումով: Նման արժէքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Իւրաքանչիւր անհատ թերեւս ունի մայրենիի վերաբերեալ իր ըմբռնումներն ու պատկերացումները, մայրենիի հանդէպ իր պարտաւորութիւնների գիտակցումը:
Իհարկէ, լեզուն նախ եւ առաջ մարդկային հաղորդակցման միջոցն է, բայց մայրենիի պարագայում լեզուի էութիւնը շատ աւելի բազմաբովանդակ է, իսկ գործառոյթները՝ աւելի բազմազան: Վաղնջական ժամանակներից ի վեր հայոց լեզուն եղել է հայի տեսակի կերտման, հայ ժողովրդի մտածողութեան ու հոգեբանութեան ձեւաւորման ամենազօրեղ միջոցը, համախմբել է հայախօս անհատներին եւ ձեւաւորել իրենց հայ գիտակցող մարդկանց հանրոյթ, որը, տարանջատուելով հնդեւրոպական լեզվընտանիքից, սկսել է իր յաւերժական ու փառաւոր ընթացքը դարերի հոլովոյթում: Անցել են ժամանակներ, եւ հայոց լեզուն ձեռք է բերել հայ ժողովրդին միաւորող, ազգային դիմագիծն ու միասնութիւնը պահպանող գործառոյթ: Միասնական, ուժեղ պետականութեան յաջորդել են մասնատուածութեան ժամանակներ, հայոց հողի վրայ (նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ Կիլիկիայում) ձեւաւորուել են անկախ ու կիսանկախ պետական առանձին միաւորումներ, թագաւորութիւններ ու իշխանութիւններ, մելիքութիւններ, եղել են օտարների լծի տակ մաքառումի դարեր, եւ հայ ինքնութիւնը պահպանուել է, ու հայութեան տարանջատ հատուածները շաղկապուել են նախ եւ առաջ շնորհիւ հայաhունչ խօսքի: Եւ որքան էլ բազմազան են եղել հայոց լեզուի դրսեւորումները, միեւնոյն է, դրանք եղել են հայերէն, իսկ դրանց կրողները՝ հայեր: Իր պատմութեան բոլոր ժամանակահատուածներում Հայոց լեզուն հայակերտման ու ազգի համախմբման հետ միասին, ունեցել է եւ ունի հայապահպան առաքելութիւն: Յայտնի իրողութիւն է՝ մայրենիի կորուստը նախ խարխլում է ազգային ինքնագիտակցութեան հիմքերը, ապա եւ յանգեցնում է ուծացման: Մեծագոյն ցաւով պէտք է յիշենք մայրենիի կորստի պատճառով հայութեան հոծ զանգուածների՝ հայ ինքնութիւնից հեռանալու փաստերը: Յայտնի է, որ նախքան ցեղասպանութիւնը, որը եղեռնահար արեց նաեւ լեզուն, հայութեան թուրքահպատակ շատ հատուածներ արդէն կորցրել էին մայրենի լեզուն եւ դարձել թուրքախօս: Ներկայիս Թուրքիայում հայերի թուրքախօս կամ քրդախօս սերունդները, որպէս կանոն, կա՛մ լիովին մոռացել են իրենց ծագումը, կա՛մ էլ օտար ինքնութեան կրողներ են՝ արմատների աղոտ յիշողութեամբ հանդերձ: Ցաւոք, լեզուի կորուստը քայլ առ քայլ ազգային ինքնութեան կորստի է յանգեցրել եւ յանգեցնում է նաեւ աշխարհի այլ վայրերում. յիշենք թէկուզ ռումինահայոց, լեհահայոց օրինակները: Մայրենին ազգային ինքնութեան ամրոցն է, այն պաշտպանող զրահ եւ վահան, որոնց բացակայութեամբ՝ ծագումով հայ լինելու մասին յայտարարութիւնները այլ բան չեն վկայում, քան արմատներից հեռացում ու ինքնութեան կորուստ:
Հայոց լեզուն հայկական իւրայատուկ մշակոյթի ստեղծման փառահեղ միջոց է: Հայ մտքի ու աշխարհընկալման, ստեղծագործական աստուածատուր ձիրքի փայլատակումները ոգի են առել հայոց քաղցրահունչ բարբառով, ապա մարմին առել մեսրոպեան սուրբ գրերով, դարձել ձեռագիր մատեան ու տպագիր գիրք, գիտելիք ու արուեստ, համամարդկային մշակութային ժառանգութեան հիմնամաս ու սիւն: Բանաւոր ու գրաւոր մշակոյթի բոլոր կոթողներում հայերէնը կատարեալ է: Մեր մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնաւոր՝ Խորենացու ու Նարեկացու ձեռագիր մատեաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու ու Հերացու գործերում, յուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայաթ-Նովայի քերթուածքներում, հզօր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում… Եւ Օտարն է Աստծոյ հետ խօսելու միակ լեզուն համարել հայերէնը… Իր բոլոր դրսեւորումներով հայոց լեզուն մշակութային մեծագոյն արժէք է, հազարամեակների ընթացքում սերունդների լեզուական արարումի արդիւնք ու գանձարան, հայոց լինելիութեան միջնաբերդ:
Ի վերջոյ, հայոց լեզուն հայի էութեան ամենավառ բնական երանգն է, որ իր դրսեւորումներով հարազատութեան ու մտերմութեան թրթիռներ է պարգեւում հոգուն: Բոլորիս է յայտնի, թէ ինչ ոգեւորութիւն է առաջացնում օտար միջավայրում յանկարծ լսուած հայերէն խօսքը, եւ ինչ հրճուանք ու ցնծութիւն է ապրում օտար ափերից հայրենիք եկած հայը՝ ամենուր ականջալուր լինելով մայրենի խօսքին: Երեւի նաեւ այս իրողութիւնն են նկատի ունեցել մեր մեծերը՝ հայերէնը հայի տուն ու հայրենիք անուանելով:
Եւ ինչպէս տունն ու հայրենիքը, այնպէս էլ մայրենին մշտական հոգացողութեան, նորոգման ու պաշտպանութեան կարիք ունեն: Ամէն մի ժամանակաշրջան հասարակութեանն իր խնդիրներն է առաջադրում: Լինելով հասարակական երեւոյթ՝ լեզուն եւս իր գործառութեան ընթացքում ունեցել է եւ ունի տարաբնոյթ խնդիրներ, որոնք եղել են եւ մնում են ինչպէս մտաւորականների, այնպէս էլ հասարակութեան լայն շրջանակների մտահոգութեան ու քննարկման առարկան:
Մայրենի լեզուն ազգային-պետական բարձրագոյն արժէք է, որը կարիք ունի թէ՛ պետական, թէ՛ հասարակական, ընդհանրապէս՝ համազգային մշտական հոգացողութեան: Ինչպէս տարբեր են լեզուի դրսեւորումները (գրական լեզու բարբառներ, խօսակցական լեզու), այնպէս էլ տարբեր են այդ դրսեւորումների խնդիրները: Մեր պետական լեզուն իր երկու ճիւղերով՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն կարիք ունի լուրջ հոգածութեան: Անհրաժեշտ է խօսակցական հայերէնը զերծ պահել աղճատումներից, աւելորդ օտարաբանութիւններից ու ժարգոնից: Գրական տարբերակի խնդիրները աւելի բազմազան են՝ կանոնարկում, խօսակցական ու բարբառային անհարկի տարրերի, ժարգոնի, օտարաբանութիւնների բացառում, նոր բառերի, տերմինների ստեղծում, ոճական հնարաւորութիւնների ընդլայնում եւ այլն: Բարբառների պարագայում ներկայում կարեւորագոյն խնդիր է դրանց վերաբերեալ ճիշդ պատկերացումների ձեւաւորումը, եղած նշխարների հաւաքումն ու արձանագրումը, կենդանի բարբառների պահպանումն ու հետազօտումը: Առանձնայատուկ կարեւորութիւն ունեն արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման հարցերը: Ճիշդ է, մայրենիի խնդիրների գիտական քննութեամբ ու վերլուծութեամբ զբաղւում են լեզուաբանները, սակայն կան իրողութիւններ, որոնց դիտարկումը մասնագիտական յատուկ պատրաստուածութիւն ու հմտութիւններ չի պահանջում: Մեր պատկերացմամբ՝ հայոց լեզուի առջեւ ներկայում ծառացած առաւել էական խնդիրներից են գրական լեզուի անաղարտութեան պահպանումը, մայրենի լեզուի ուսուցման մակարդակի բարձրացումը, լեզուի կանոնարկումն ու զարգացումը, արեւմտահայերէնի պահպանումը, տարածումը եւ արեւելահայերէնի հետ մերձեցման խնդիրները:
Գրական լեզուի անաղարտութեան պահպանման անհրաժեշտութիւնը յատկապէս ընդգծւում է, երբ ահագնանում են լեզուի աղաւաղման միտումները: Ներկայում լեզուի աղաւաղումն արտայայտւում է լեզուական սխալների (ե՛ւ արտասանական, ե՛ւ բառագործածական, ե՛ւ քերականական) տարածմամբ, գրական լեզւում խօսակցական, բարբառային իրողութիւնների, օտար բառերի ու արտայայտութիւնների անյարկի օգտագործմամբ, երբեմն նոյնիսկ գռեհկաբանութիւնների, ժարգոնային արտայայտութիւնների գործածութեամբ:
Թերեւս մեր օրերում աղաւաղումների պատճառ է հասարակութեան մէջ լեզուի վերաբերեալ պատկերացումների խեղումը, օրեցօր տարածուող այն թիւր ըմբռնումը, թէ խօսակցական լեզուն ապահովում է աւելի անմիջական հաղորդակցում, եւ էական չէ, թէ խօսքը ինչ որակ ունի, որովհետեւ կարեւորը մտքի հաղորդումն է եւ հասկանալի լինելը: Եթէ նման ըմբռնումը կարող է ընդունելի լինել առօրեայ, կենցաղային հաղորդակցման դէպքում, ապա բոլորովին մերժելի է գրական լեզուի գործառութեան ոլորտներում: Մեր կարծիքով հրապարակային խօսքը (գրաւոր թէ բանաւոր) պէտք է լինի համակարգուած, կանոնաւոր ու գեղեցիկ, հանրութեան համար ընկալելի եւ հաճելի: Կանոնաւոր, բարձր եւ անաղարտ գրական լեզուն ճիգ ու ջանք է պահանջում, իսկ հասարակութիւնը յաճախ դրա վրայ ուշադրութիւն չի դարձնում:
Իրավիճակը շտկելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ձեւաւորել լեզուի վերաբերեալ ճիշդ պատկերացումների համակարգ, եւ այդ ուղղութեամբ անելիքներ ունեն ինչպէս գիտակրթական համակարգը, այնպէս էլ հեռուստատեսութիւնն ու զանգուածային լրատուութեան միւս միջոցները, թատրոնը, կինոն եւ իհարկէ պետական կառավարման համակարգի տարբեր օղակներ: Գրական լեզուն կարիք ունի պետական հոգածութեան, ուղղորդուած պետական ծրագրի եւ քաղաքականութեան, որի համակարգողը եւ վերահսկողը կարող է լինել պետական համապատասխան մարմինը՝ ունենալով օրէնսդրական հիմքեր եւ անհրաժեշտ լիազօրութիւններ:
Մայրենի լեզուի ուսուցման մակարդակի բարձրացումը կրթական համակարգի մշտական խնդիրն է եւ շարունակական գործընթաց է: Ներկայում այս խնդիրը առաւել հրատապ է, որովհետեւ նկատելի է գրական լեզուի նորմերի գրեթէ համատարած շեղումներ, որը անխտիր դրսեւորւում է պաշտօնական խօսքում եւ գրութիւններում, նոյնիսկ գիտակրթական եւ գեղարուեստական խօսքում, էլ չեմ շեշտում փողոցի լեզուն:
Գուցէ անհրաժեշտ է կրթական համակարգում մայրենիի ուսուցման ծրագրերի եւ մեթոդների վերանայում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակուել ո՛չ քերականական կանոնները իւրացնելու պահանջով եւ ո՛չ էլ թեստերի պատասխանները գտնելու ունակութիւնների ձեւաւորմամբ: Մայրենիի ուսուցման հիմնական նպատակը չի կարող լինել սովորողներին որեւէ կարգի (յատկապէս՝ ընդունելութեան) քննութեան նախապատրաստումը: Միաժամանակ, մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակուել միայն գրական արեւելահայերէնի դասաւանդմամբ:
Այս հարցում որակական փոփոխութեան հասնելու համար հարկաւոր է մշակել դասաւանդման այնպիսի ծրագրեր եւ մեթոդներ, որոնց շնորհիւ սովորողները լեզուական գիտելիքների հետ միասին ձեռք կը բերեն անսխալ եւ գեղեցիկ գրական խօսք կառուցելու ունակութիւններ, իրենց մտքերը ճիշդ արտայայտելու եւ ըստ անհրաժեշտութեան լեզուն ճկուն գործադրելու կարողութիւններ: Պատահական չէ, որ ոչ վաղ անցիալում դպրոցներում դասաւանդւում էր ճարտասանութիւնն ու վայելչագրութիւնը, որոնք հայերէնի նկատմամբ առանձնակի սէր ձեւաւորելուն էին միտուած: Պակաս կարեւոր չեն նաեւ կրթական համակարգում գործածուող ուսումնական նիւթերի, դասագրքերի լեզուական առումով անթերի լինելը: Կարծում ենք՝ ցանկացած դասագիրք հրատարակուելուց առաջ պէտք է ենթարկուի լեզուական լրջագոյն փորձաքննութեան՝ մանաւանդ, որ երկրում կայ տաղանդաւոր լեզուաբանների կարեւոր բանակ:
Լեզուի կանոնարկումը եւ զարգացումը մեծ կարեւորութիւն ունեն, որովհետեւ միայն նորմաւորուած, միասնական եւ շարունակ հարստացող լեզուն է լիարժէք եւ յաջողութեամբ բաւարարում անհատի, պետութեան, հասարակութեան եւ ազգի հարաճուն լեզուական պահանջմունքները, հանդէս գալիս իբրեւ մշակութային նոր արժէքների ստեղծման եւ կուտակման, պետական ու հասարակական գործունէութեան կազմակերպման միջոց: Այս գործընթացը նոյնպէս մշտական է ու շարունակական, քանի որ լեզուի բնականոն զարգացման եւ հասարակութեան մէջ տեղի ունեցած տեղաշարժերի հետեւանքով միշտ առաջ են գալիս լեզուական նոր իրողութիւններ, որոնք կարիք ունեն գնահատման, արժեւորման եւ համակարգման: Ըստ լեզուաբանների՝ ներկայում իրենց լուծմանն են սպասում ուղղագրական եւ ուղղախօսական, բառագործածման եւ եզրոյթաբանական, նաեւ քերականական բնոյթի բազմաթիւ հարցեր: Դրանց կարգաւորումը, հասկանալի է, չի կարող լինել առանձին մասնագէտների կամ մասնագէտների խմբերի մենաշնորհը, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ նաեւ ինքնաբերաբար:
Բազմակարծութիւնը, անշուշտ, նպաստում է առաջընթացին, եթէ տեղի են ունենում քննարկումներ, բերւում են փաստարկներ եւ կայացւում հանրութեան համար ընդունելի որոշումներ: Եւ չնայած լեզուի զարգացմանը եւ նորմաւորմանը իրենց նպաստը կարող են բերել ուսումնական առանձին կեդրոններ, ստեղծագործ անհատներ (ինչպէս եղել է մեր պետականութեան բացակայութեան ժամանակներում), բայց պետականութեան առկայութեան պայմաններում անհրաժեշտ է ձեւաւորել գրական հայերէնի երկու տարբերակների կանոնարկման գործընթացը կազմակերպող ու համակարգող, արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցմանը, հայերէնի զարգացմանը եւ հարստացմանը նպաստող հեղինակաւոր մասնագիտական մարմին՝ Հայերէնի բարձրագոյն խորհուրդ:
Ներկայում ոչ միայն մայրենիի, այլ նաեւ հայապահպանական, լեզուագիտական ու մշակութաբանական առաջնահերթ խնդիրներից է արեւմտահայերէնի պահպանութեան, ուսումնասիրութեան, ուսուցման եւ զարգացման հարցը: Արեւմտահայերէնը հայ ժողովրդի լեզուամշակոյթի անբաժանելի մասն է, բացառիկ կարեւորութեան ազգային արժէք, ցեղասպանուած ժողովրդի բեկորների շնորհիւ մեծագոյն աղէտից փրկուած գանձ, որը թէեւ զրկուած է գործառութեան բնականոն պայմաններից, սակայն հաղորդակցման միջոց լինելուց բացի ձեռք է բերել նաեւ համազգային նշանակութիւն ունեցող այլ գործառոյթներ: Արեւմտահայերէնը ոչ միայն ազգապահպան դեր ունի Սփիւռքում, այլ նաեւ ապահովում է Հայաստանի Հանրապետութեան լեզուական ներկայութիւնը աշխարհի բազմաթիւ երկրներում, կատարում է լեզուական դեսպանի իւրայատուկ դեր՝ հնարաւորութիւն ստեղծելով աշխարհում ճանաչելի դարձնել մեր մշակոյթը, ազգային ինքնատիպութիւնը: Այս առումով՝ խնդիրը ոչ միայն համազգային, այլ նաեւ պետական կարեւորութիւն ունի:
Արեւմտահայերէնի հիմնական խնդիրը եղել եւ մնում է հայրենիքից դուրս եւ ոչ միասնական գոյութիւնն ու գործառութիւնը: Այս խնդրի լուծման եղանակները ներկայում դժուար է կանխորոշել: Սակայն խնդրից բխող մարտահրաւէրներին դիմակայելու ուղիներ եւ եղանակներ պէտք է որոնել եւ գտնել: Նախ եւ առաջ հարկաւոր է հասարակութեան մէջ ամրապնդել այն բանի գիտակցումը, որ արեւմտահայերէնը համազգային արժէք է, որը պէտք է իր տեղն ունենայ հայաստանեան իրականութեան մէջ եւս, այստեղ պէտք է արմատներ ձգի, ամրապնդուի եւ հայրենիքից իր կենդանարար աւիւնը մղի Սփիւռք: Հայրենիքում արեւմտահայերէնի ամրապնդմանը կարող են նպաստել հայերէնի այդ տարբերակով ռադիոհեռուստատեսային հաղորդումների, պարբերականների, ֆիլմերի ստեղծումը, որոշ բուհական ու դպրոցական ծրագրերում արեւմտահայերէնի համակարգուած ուսուցման ընդգրկումը, նաեւ հնարաւոր այլ միջոցների օգտագործումը: Ի վերջոյ, հայերէնի դրսեւորման բոլոր տարբերակները՝ արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուները, խօսակցական լեզուն եւ բարբառները միասնական համակարգի անտրոհելի բաղադրիչներ են, եւ այդ դրսեւորումներից իւրաքանչիւրի խնդիրները ընդհանուր հայերէնի, այսինքն՝ Հ.Հ. պետական լեզուի խնդիրներն են:
Հայրենիքից դուրս, տիրապետող այլախօս հասարակութիւններում գործառող ցանկացած լեզու ստիպուած է դիմակայել բազում մարտահրաւէրների: Մասնաւորապէս, տուեալ երկրի լեզուի նկատմամբ իրաւական անհաւասար վիճակը, համաշխարհայնացման գործընթացները, այլալեզու միջավայրին յարմարուելու նոր սերնդի բնական մղումը առկայ իրողութիւններ են, որոնք մշտապէս լինելու են եւ մշտապէս ձգտելու են նեղացնել արեւմտահայերէնի գործառութեան շրջանակները: Արեւմտահայերէնը ենթակայ է այլ լեզուների տարաբնոյթ ազդեցութիւնների, եւ բացի այդ՝ նոր սերնդի շարքերում հայախօսների թուի շարունակական նուազումը վտանգ է ներկայացնում ոչ միայն լեզուապահպանական, այլ նաեւ հայապահպանական առումներով: Այս պայմաններում հայոց պետականութիւնը եւ սփիւռքեան համազգային կազմակերպութիւնները պէտք է համադրեն իրենց ջանքերը՝ շարունակաբար տարածելու եւ ամրապնդելու ազգային ու լեզուական միասնութեան գաղափարները յատկապէս հայ երիտասարդութեան շրջանում՝ իրապէս ողջ հայութեան համար սրբագոյն արժէք դարձնելով մայրենին:
Լրջագոյն խնդիր է Սփիւռքի հայկական դպրոցների պահպանութիւնը, դրանցում հայերէնի, հայագիտական միւս առարկաների ուսուցման մակարդակի բարձրացումը: Ցաւոք, առկայ է որակեալ մանկավարժների մեծ պակաս, օբյեկտիւ պատճառներով չկան միասնական կրթական ծրագրեր եւ դասագրքեր: Որքան էլ Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնը ջանում է աջակցել սփիւռքահայ դպրոցին, ձեռնարկում է գործուն միջոցներ, գործակցում է ազգային կառոյցների, հայ եկեղեցու, պետական այլ մարմինների հետ, շարունակ գործադրում է սփիւռք-հայրենիք կապերի ամրապնդման բազմազան եղանակներ, նպաստում հայաստանեան գիտակրթական համակարգում արեւմտահայերէնի ուսուցման եւ ուսումնասիրութեան կեդրոնների ձեւաւորմանը, արեւմտահայերէնի դասագրքերի եւ ձեռնարկների ստեղծմանը, հայրենիք եկած մեր ազգակիցների խնդիրների կարգաւորմանը եւ այլն, այնուամէնայնիւ, թւում է, անհրաժեշտ է որոնել ու գտնել Սփիւռքի հայկական դպրոցներին համակարգուած օժանդակութիւն ցուցաբերելու առաւել արդիական ու արդիւնաւետ նոր եղանակներ ու միջոցներ:
Կարեւոր խնդիրներից է արեւմտահայերէնի գիտական ուսումնասիրութիւնը: Ճիշդ է, տասնամեակների ընթացքում կատարուել են առանձին հետազօտութիւններ, գրուել քերականութիւններ, սակայն, ինչպէս վկայում են մասնագէտները, գիտական առումով 19րդ դարավերջի ուսումնասիրութիւնների համեմատ էական առաջընթաց տեղի չի ունեցել, եւ եղած քերականութիւնը հիմնականում հետապնդել է ուսուցողական նպատակ: Ներկայում անհրաժեշտ է գիտական հիմնաւոր ուսումնասիրութիւններով ստեղծել արեւմտահայերէնի ակադեմիական լիարժէք քերականութիւն, ինչպէս նաեւ ամբողջական բացատրական բառարան: Նման աշխատանքները կը նպաստեն նաեւ արեւմտահայերէնի կանոնարկմանը, կը դառնան այն աղբիւրը, որից կը բխեցուեն արեւմտահայերէնի ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը՝ ըստ տեղային առանձնայատկութիւնների: Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնը այս առումով եւս իր առաջնահերթութիւններից է համարում գործակցութիւնը Հայաստանի թէ Սփիւռքի՝ յատկապէս Անթիլիասում գործող Արեւմտահայերէնի պաշտպանութեան խորհրդի, գիտակրթական հանրութեան հետ՝ ձգտելով համատեղ տարբեր միջոցառումների եւ ծրագրերի միջոցով նպաստել խնդրի լուծմանը:
Նկատենք նաեւ, որ գրական արեւմտահայերէնը զրկուած է բարձրագոյն կրթութեան, գիտութեան լեզուի իր դերից, հայկական կեանքի տարբեր ոլորտներում համընդգրկուն եւ միասնական հաղորդակցման միջոց լինելու գործառոյթներից: Գիտութեան տարբեր բնագաւառների, կրթական համակարգի զարգացումը չի արտայայտւում արեւմտահայերէնով, չի հրապարակւում գիտական, գեղարուեստական, այլ բնոյթի հարուստ գրականութիւն, արեւմտահայերէնի գիտական եզրոյթաբանութիւնը բնականոն զարգացում չի ունենում: Այդ ամէնը էականօրէն բացասական ազդեցութիւն է ունենում լեզուական համակարգի հետագայ զարգացման վրայ:
Արտաքին անբարենպաստ պայմանները ժամանակի ընթացքում պատճառ են դարձել արեւմտահայերէնի ուղղագրական, բառապաշարային, քերականական ու ոճական բազմաթիւ զուգաձեւութիւնների ու աղաւաղումների, որոնք իրենց հերթին խոչընդոտում են լեզուի ուսուցմանը, կիրարկմանն ու տարածմանը: Մեծ քանակութեամբ բառեր տարբեր համայնքներում ունեն գրութեան, կազմութեան, քերականական յատկանիշների բազմաձեւութիւններ: Լեզուական միասնականութեան հասնելու կամ եղած բազմազանութիւնները ըստ հնարաւորին նուազեցնելու համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք, նպատակադրում ու կամք՝ ոչ միայն գտնելու, գիտականօրէն հիմնաւորելու եւ առաջարկելու միասնական ու ընդհանուր ձեւեր, այլ նաեւ դրանք ընդունելի դարձնելու Սփիւռքի բոլոր համայնքների ու խաւերի համար: Արեւմտահայերէնի պահպանումը հայերէնի պահպանումն է, արեւմտահայերէնը մեր հոգեւոր հայրենիքի անբաժանելի, բայց վտանգուած մի մասն է, եւ ինչպէս անթոյլատրելի է նահանջը երկրի սահմաններից, այդպէս էլ անթոյլատրելի է նահանջը լեզուական սահմաններից: Հայերէնը սրբօրէն պահպանող միլիոնաւոր սփիւռքահայերը, հայ եկեղեցու կառոյցները, սփիւռքեան բազմաթիւ միութիւնները, կազմակերպութիւնները, պարբերականներն ու հանդէսները, կայքէջերը, ռադիոհեռուստաընկերութիւնները, գիտակրթական օջախները մեր հոգեւոր հայրենիքի սահմանապահներն են, որոնց խիստ անհրաժեշտ է իրական հայրենիքի աջակցութիւնը: Արեւմտահայերէնի գոյութիւնն ու գործառութիւնը անհրաժեշտ է նաեւ արեւելահայերէնի բնականոն զարգացման համար: Շատ կարեւոր խնդիր է նաեւ ընդհանուր հայերէնի միասնականութեան պահպանումը, գրական երկու ճիւղերի ըստ հնարաւորին մերձեցումը, փոխներթափանցումն ու փոխհարստացումը: Այս ուղղութեամբ լուրջ եւ հետեւողական աշխատանքներ են կատարւում Հ.Հ. Գ.Ա.Ա. լեզուի ինսիտուտում՝ ներգրաւելով թէ Հայաստանի եւ թէ Սփիւռքի յայտնի մասնագէտներին: Յատկապէս բառապաշարի եւ եզրոյթաբանութեան առումով առկայ են փոխլրացման բազում օրինակներ եւ լայն հեռանկարներ: Այս ամէնը ենթադրում է զարգացման միասնական հեռանկարի եւ փոխհամաձայնեցուած կանոնարկման ու փոխհարստացման ուղիների մշակում եւ դրանց գործադրում այն գիտակցումով, որ իր տարբերակային բոլոր դրսեւորումներով հանդերձ հայերէնը մէկ միասնական լեզու է, որի բոլոր իրողութիւններն ու միաւորները շաղկապուած են իրար՝ անկախ տարբերակային վերաբերութիւնից:
Հայապահպանութեան մնայուն առանցքը եւ ողնաշարը մայրենի լեզուի իմացութիւնը, պահպանումն ու զարգացումն է, ուստի դիմում եմ հայրենաբնակ ու աշխարհասփիւռ հայ երիտասարդներին եւ հարազատօրէն կոչ անում.
Թանկագիններս, սովորէ՛ք մեր ոսկեղենիկ լեզուն, խօսէ՛ք հայերէն, սիրէ՛ք ու պաշտէ՛ք Մայրենին իբրեւ սրբութիւն սրբոց, իբրեւ մեր ազգային ինքնութեան եւ լինելիութեան վկայական: Եկէք ազգովին պահենք ու պահպանենք մեր լեզուն՝ մեր Հայրենիքը:

Հրանոյշ Յակոբեան
Հ.Հ. սփիւռքի նախարար